Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության կորուստ

Նոյեմբեր 05,2002 00:00

Հիշողության կորուստ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը սկսվեց ժամը 12.15-ին եւ Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան ժամանեցին ԱԺ պատգամավորներ, տուժողներ Հակոբ Հակոբյանը (ըստ նախաքննության մարմնի տվյալների՝ Լեդին), երկրորդ Հակոբ Հակոբյանը եւ Պարույր Կարապետյանը։ Սկսենք առաջին Հակոբ Հակոբյանից։ Նա հայտնեց, որ գտնվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում առավոտյան ժամը 10-ից, մասնակցել է 16.30-ին սկսված հարց ու պատասխանին։ Նա ասաց, որ Աղասի Արշակյանի ելույթի ժամանակ դուրս է եկել նիստերի դահլիճից՝ «ջղայնացած»։ Այդ ժամանակ էլ Արմենակ Արմենակյանը ծխում էր եւ, ըստ տուժողի, տրամադրությունը եղել է բավականին նորմալ։ Երբ Վազգեն Սարգսյանը պատասխանում էր պատգամավորի հարցին, նա դիմելով Արմենակին, ասել է. «Մտնենք ներս, ամոթ է, շեֆն է խոսում։ Ինքը պիտի ներս գար, ասաց՝ գնա, գալիս եմ»։ Ըստ տուժողի, ԱԺ պահպանությունն ուժեղացված էր եւ մեղադրողի հարցին պատասխանելով հայտնեց, որ 3 օրերին (նիստերի) ուժեղացվում էր պահպանությունը, քանի որ վարչապետն էր գալիս։ Իր տպավորությամբ, երբ ահաբեկիչները ավտոմատներով մտել են ներս, նրան թվացել է, թե դրանք չեչեն գրոհայիններ են եւ որ եկել են ԱԺ-ից գերյալներ տանելու։ Թե ինչու չեչեն, պարզվեց դատաքննության ընթացքում նրա տված ցուցմունքից՝ այդ օրերին կար ինֆորմացիա, որ Նոյեմբերյանով մի քանի չեչեններ են մտել հանրապետություն։ Տուժող Հակոբ Հակոբյանն ասաց, որ ահաբեկիչների ներս մտնելը չի տեսել, կրակոցների տակ դուրս է եկել, որ վազել է դեպի իր ավտոմեքենան (Դեմիրճյան փ. մուտքի մոտ), վերցրել իր ինքնաձիգը եւ «հերթապահել» ԱԺ տարածքի առաջին հարկի միջանցքում, որեւէ մեկին էլ ԱԺ տարածքում չհանդիպելով։ Նա անգամ չէր հանդիպել Անդրանիկ Մանուկյանին, չէր տեսել նաեւ ահաբեկիչների գործողությունները։ Մի տեսակ նեղացած ասաց. «Հո չէի՞ նստի ու սպասի, թե ում են խփում»։ Ի դեպ, նա նկատել էր միայն Մուշեղ Մովսիսյանին, այն էլ այլայլված դեմքով եւ հարցրել է՝ «Հո խմա՞ծ չես»։ Վերջինս պատասխանել էր, որ ոչ։ Այս տուժողը բավականին հակասական ցուցմունքներ տվեց երեկ։ Նա նախաքննության մարմնին հայտնել էր, որ մինչ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որ հարց տվեց բնապահպանության նախարար Վարդանյանին եւ նա սկսեց պատասխանել, «ես եւ Արմենակ Արմենակյանը այդ ժամանակ դուրս եկանք դահլիճի աջ կողմի 3-րդ դռնից»։ Նա դատաքննության ժամանակ հայտնեց, թե չէր նկատել ահաբեկիչների գործողությունները եւ մտնելը ԱԺ նիստերի դահլիճ։ Մինչդեռ ոճրագործությունից մի քանի օր անց, տպավորության տակ նա նկարագրել էր, թե ինչպես 2 հոգի խուժեցին ԱԺ դահլիճ. «Նրանցից մեկը, որը բաց գույնի երկար պլաշով էր, ավտոմատի կրակահերթ բաց թողեց առջեւում նստած վարչապետ Վազգեն Սարգսյանի վրա, իսկ մյուսը շտապ բարձրացավ բեմ եւ ավտոմատով կրակ բացեց Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի վրա, որոնք ընկան գետնին»։ Ներխուժումը չտեսնող այս տուժողը նկարագրել էր վարչապետի վերջին գործողությունը. «Վարչապետն էլ թեքվեց նստած տեղում դեպի ձախ»։ Հակասական էր նաեւ դատարանում հնչած նրա ցուցմունքի այն հատվածը, երբ հայտնում էր, թե ինչպես մի քանի պատգամավորներով, երբ նրանք դուրս են եկել միջանցքից, տեռորիստներից մեկը ավտոմատով կրակել էր իրենց վրա, սակայն որեւէ մեկը չէր վիրավորվել։ Հակոբ Հակոբյան-2-ը, ինչպես 1-ինը, քաղաքացիական հայցի պահանջ նույնպես չունի։ Այս տուժողի բլից ներկայությունից էլ իմացանք, որ ինքն էլ կրակոցներից անմիջապես հետո դուրս է եկել ԱԺ շենքից, տեսել է կրակոցներ վարչապետի ուղղությամբ եւ դահլիճում զգացել «սաղի» վախենալը։ Իսկ Հակոբ Հակոբյանը նրան ասել էր, որ «եկել են շեֆին գողանալու»։ Խոսքը գերելու տպավորության մասին էր, որ ստացել էին երկու Հակոբ Հակոբյանները միաժամանակ։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հետաքրքրեց, թե, մասնավորապես, ինչ տրամաչափի ինքնաձիգ ուներ Հակոբ Հակոբյան- առաջինը։ Նա պատասխանեց՝ 7X62։ Երբ ահաբեկիչը հարցրեց՝ կրակե՞լ եք, տուժող Հակոբյանը պատասխանեց. «Ձեզ հանդիպեի՝ հաստատ կկրակեի»։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել