- Կենսաբազմազանության ցուցանիշները վկայում են գլոբալ մասշտաբով բնության խոշոր անկման մասին
- Ծովային կանաչ կրիաների, կապույտ թունաձկան, վագրերի և հարավաֆրիկյան փղերի պոպուլյացիաների վերականգնումը ցույց է տալիս, որ բնապահպանության ազդեցությունը
- Էներգետիկայի, սննդի և ֆինանսական համակարգերը բնության կորստի հիմնական պատճառներն են, սակայն վկայությունները փաստում են, որ դրանք կարող են վերափոխվել՝ նպատակաուղղված դրական գործողությունների խթանմամբ
WWF-ի «Կենդանի մոլորակ» զեկույց 2026-ի (LPR) համաձայն՝ 52 տարվա ընթացքում մշտադիտարկվող վայրի կենդանիների պոպուլյացիաների միջին չափն անկում է ապրել 73%-ով։ Միևնույն ժամանակ զեկույցը եզրակացնում է, որ բնությունը կարող է վերականգնվել, եթե հասարակությունը հետևի հստակ ուղիներին՝ էներգետիկայի, սննդի և ֆինանսական համակարգերում նպատակաուղղված դրական գործողությունների խթանմամբ։
Թեև ընդհանուր տոկոսային փոփոխությունը համադրելի է զեկույցի նախորդ հրատարակման հետ, թարմացված գնահատումն ընդգրկում է պոպուլյացիաների հավելյալ տվյալներ և ավելի երկար ժամանակային միջակայք՝ ամրապնդելով կենսաբազմազանության կորստի շարունակվող մասշտաբի մասին եզրակացությունը։ Սա համընկնում է նախկինում հրապարակված գնահատականներին և այլ ցուցանիշների հետ մեկտեղ ցույց է տալիս բնության անկման մասշտաբը։
Կենդանի մոլորակի ինդեքսը (LPI), որը կազմվել է ԼԿԸ-ի (Լոնդոնի կենդանաբանության ընկերություն, ZSL) կողմից, ընդգրկում է 5,790 ողնաշարավոր տեսակների 35,803 պոպուլյացիաների միտումներ՝ 1970-ից 2022թթ․։ Զեկույցը նշում է, որ ամենախոշոր անկումը քաղցրահամ ջրերի էկոհամակարգերում է (-85%), որին հաջորդում են ցամաքային (-69%), ապա ծովային (-59%) էկոհամակարգերը։
Ապրելավայրերի կորուստը և դեգրադացիան մշտադիտարկվող վայրի կենդանիների պոպուլյացիաների վրա ազդող ամենահաճախ գրանցված վտանգն է․ հաջորդում են գերշահագործումը, կլիմայի փոփոխությունը, աղտոտումը, ինվազիվ տեսակները և հիվանդությունները։ Այս վտանգներն, իրենց հերթին, պայմանավորված են սննդի, էներգետիկայի և ֆինանսական համակարգերի ավելի ծավալուն համակարգային ձախողումներով։
Թեև անկման միտումների մեծության պատճառով ընդհանուր միտումը բացասական է, LPI-ում ընդգրկված պոպուլյացիաների կեսը կայուն է կամ ավելացող։ Զեկույցն ընդգծում է նաև ծովային կանաչ կրիաների, կապույտ թունաձկան, վագրերի և հարավաֆրիկյան փղերի պոպուլյացիաների վերականգնումը, որը ցույց է տալիս, որ թիրախային բնապահպանական միջամտությունները կարող են ապացուցված արդյունքներ տալ։ Այնուամենայնիվ, LPI-ով և կենսաբազմազանության այլ ցուցանիշներով արձանագրված անկումները չեն կարող հետշրջվել միայն բնապահպանական ջանքերով։
Դոկտոր Քիրսթեն Շուիթը (Kirsten Schuijt), WWF միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենը, ասել է․ «Կենսաբազմազանությունը շարունակում է դեգրադացվել ահագնացող տեմպով։ Այնուհանդերձ, նույնիսկ այս կտրուկ անկման պայմաններում կան հույսի հիմքեր։ «Կենդանի մոլորակ» զեկույց 2026-ը վկայում է, որ տեսակների շատ պոպուլյացիաներ կայուն են կամ վերականգնվում են՝ ոգեշնչող պատմությունների հետ մեկտեղ՝ ապացուցելով, որ բնությունը կարող է վերականգնվել, և փոփոխությունը հնարավոր է։ Վագրերի, կապույտ թունաձկան և ծովային կանաչ կրիաների նման տեսակների պոպուլյացիաների վերականգնումը ցույց է տալիս՝ ինչի կարելի է հասնել տարիների հաստատուն համատեղ բնապահպանական ջանքերի շնորհիվ։
«Այս բնապահպանական հաջողությունները շարունակելու և ընդլայնելու համար պետք է վերափոխվեն այն ոլորտներն ու համակարգերը, որոնք հանգեցնում են բնության կորստի։ Առաջընթացն արդեն ընթացքի մեջ է։ Ոչ ամենուր և դեռևս ոչ անհրաժեշտ մասշտաբով, սակայն բավարար՝ ցույց տալու, որ փոփոխությունը հնարավոր է։ Ժամանակն է արագացնելու արդեն ընթացող համակարգային փոփոխությունների մասշտաբը և բնության հետ ներդաշնակ գործելով՝ կառուցել ավելի կայուն, արդարացի և դիմակայուն աշխարհ։ Միասին կարող ենք վերականգնել մեր Կենդանի մոլորակը»։
Բացասական կրիտիկական կետեիրց դեպի դրական
Կենսաբազմազանությունը հիմք է հանդիսանում տնտեսությունների և հասարակությունների համար՝ ապահովելով, ի թիվս այլ ծառայությունների և բարիքների՝ սնունդ, ջուր, մաքուր օդ և դեղամիջոցներ։ Սակայն բնության անկման հիմնական պատճառը երեք համակարգերն են․ սննդի համակարգը ապրելավայրերի կորստի առաջատար պատճառն է, էներգետիկայի համակարգը խթանում է կլիմայի փոփոխությունը, իսկ ֆինանսական համակարգը ֆինանսավորում է վնասակար գործունեությունը։ Խոշոր, բարդ համակարգերը կարող են դիմադրել փոփոխությանը, սակայն կարող են վերափոխվել դեպի լավը՝ դրական վճռորոշ կետերի խթանման համար պայմաններ ստեղծելու միջոցով։
Թեև շրջակա միջավայրի կրիտիկական կետերը հաճախ քննարկվում են ռիսկերի համատեքստում, ինչպիսիք են կորալյան խութերի ոչնչացումը կամ Ամազոնի խոնավ արևադարձային անտառների՝ իբրև ածխածնի կլանիչի, կորուստը, նույն դինամիկան կարող է նաև խթանել արագ դրական փոփոխություն։ «Կենդանի մոլորակ» զեկույցն ընդգրկում է Էքսետերի համալսարանի հետազոտությունը, որի համաձայն՝ դրական վճռորոշ մեկնակետ գրանցվում է, երբ համակարգը որոշակի շեմ հատելով հայտնվում է ավելի առողջ վիճակում, և փոփոխությունը դառնում է ինքնաամրապնդվող՝ ավելի արագ, ավելի մատչելի և ավելի քիչ հետշրջելի։
Էներգետիկա․ Էներգետիկայի ոլորտում դրական վճռորոշ կետերը արդեն հաղթահարվել է, և փոփոխությունն արագանում է․ արևային էներգիան այժմ էլեկտրաէներգիայի նոր գեներացման ամենամատչելի աղբյուրն է երկրների մեծ մասում։ Չնայած այս թափին՝ էներգետիկ անցումը դեռևս բավարար արագությամբ չի իրականացվում, իսկ առաջընթացը զգալիորեն տարբերվում է երկրների և ոլորտների միջև։
Սնունդ և գյուղատնտեսություն․ Դրական փոփոխությունն ընթացքի մեջ է և ցույց է տալիս վճռորոշ դրական կետերի հասնելու վաղ նշաններ․ աշխարհով մեկ բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ աշխատում են բնության համար դրական արտադրության ուղղությամբ, խթանում են կայուն առևտուրն ու սպառումը, խրախուսում են առողջ և կայուն սննդակարգերը, ինչպես նաև նվազեցնում են սննդի կորուստն ու թափոնները։
Ֆինանսներ․ Ֆինանսական համակարգը դեռևս վճռորոշ կետերի հասնելու ուղու վաղ փուլում է․ ոլորտը պետք է արագորեն աշխատի վնասակար գործունեությունների ֆինանսավորումը դադարեցնելու, բնությունն ու կլիման նյութական ռիսկերի տեսանկյունից արժևորելու, կանոնակարգող որոշակիություն ստեղծելու և կենսաբազմազանության ֆինանսավորման տարեկան 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլարի բացը փակելու ուղղությամբ։
Գործելու հնարավորություն
Այս համակարգային փոփոխությունները հնարավոր է իրականացնել, եթե երկրները կենտրոնանան Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) և Փարիզի համաձայնագրի շրջանակներում ընդունված նպատակների իրականացման վրա։ Քանի որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կայանալու են ՄԱԿ-ի՝ կենսաբազմազանության և կլիմայի թեմաներով համաժողովները, կառավարություններն ունեն կարևոր հնարավորություն՝ արագացնելու անցումը հավակնություններից դեպի իրականացում։
Առաջինը կենսաբազմազանության COP17-ն է, որը մեկնարկում է հոկտեմբերի 19-ին Երևանում՝ Հայաստանում։ 2030թ․-ի կենսաբազմազանության նպատակներին՝ ներառյալ կենսաբազմազանության կորստի կանգնեցմանը և հետշրջմանը հասնելու համար կպահանջվեն ավելի արագ իրականացում, ավելի մեծ ներդրումներ, ավելի ուժեղ քաղաքական ղեկավարություն և ավելի խորը գործողություններ ողջ տնտեսության և հասարակության մասշտաբով։ Վաղուց հաստատված համակարգերի վերափոխումը կհաջողվի միայն այն դեպքում, եթե անցումը լինի արդարացի և ներառական։
Դաուդի Սումբան (Daudi Sumba), WWF միջազգային գրասենյակի բնապահպանության գծով գլխավոր պատասխանատուն, ասել է․ «Թեև այլ ապագայի հնարավորության պատուհանը նեղանում է, այն դեռ բաց է։ Բարդ համակարգերի վերափոխումը պահանջվող արագությամբ և մասշտաբով դյուրին չի լինի, սակայն դրական վճռորոշ դրական կետերի խթանմամբ դա կարող է տեղի ունենալ ավելի արագ, քան կարծում ենք։ Որքան շուտ գործենք, այնքան մեծ կլինեն օգուտները մարդկանց և բնության համար։ Մենք ունենք գիտելիքները, գործիքները և ճանապարհները․ այժմ կարևոր է մեր համատեղ վճռականությունը՝ միասին գործելու և մարտահրավերի մասշտաբին համապատասխանելու՝ բնությունն ու կլիման մինչև 2030թ․ վերականգնման ուղուն անցնելու համար»։
Դոկտոր Էնդրյու Թերին (Andrew Terry), ԼԿԸ-ի (ZSL) բնապահպանության գծով գլխավոր պատասխանատուն, ասել է․ «Վայրի կենդանիների առատ պոպուլյացիաները և նրանց միջև փոխազդեցությունների բարդ ցանցը հիմք են հանդիսանում առողջ էկոհամակարգերի համար, որոնք թույլ են տալիս մեզ բոլորիս բարգավաճել։ Սրա համար շրջանցող ճանապարհ չկա․ մարդու բարեկեցությունը և տնտեսական անվտանգությունը կախված են նրանից, թե արդյոք մենք աշխատում ենք բնության հետ, այլ ոչ թե նրա դեմ։
«Չափազանց երկար ժամանակ բնությունը թերագնահատվել է և Կենդանի մոլորակի ինդեքսը ցույց է տալիս դրա հետևանքները, սակայն այդ անկումներն անխուսափելի չեն, և փոփոխությունը հնարավոր է։ Բնությունը կարող է վերականգնվել, և ինդեքսում ներկայացված պատմությունները դրա լավաույն ապացույցն են։
«Մեր գլոբալ թիմերը տեսել են, թե ինչպես են տեսակներն ու էկոհամակարգերը վերականգնվում, երբ սպառնալիքները նվազեցվում են, իսկ բնապահպանական գործողությունները՝ շարունակական դառնում։ Որքան շատ մարդ միանա մեզ՝ վճռական և արագ գործողություններ ձեռնարկելով՝ պահպանելու վայրի կենդանիներին և էկոհամակարգերը աշխարհով մեկ, այնքան շուտ կկարողանանք գիտելիքը վերածել գործողության և հասնել դրական վճռորոշ կետերի՝ ապահովելու ավելի առողջ և դիմակայուն ապագա»։
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
WWF-ի մասին
WWF-ը անկախ բնապահպանական կազմակերպություն է, որն ունի ավելի քան 40 միլիոն հետևորդ և գլոբալ ցանց, որը տեղական ղեկավարության միջոցով գործում է ավելի քան 100 երկրում։ Մեր առաքելությունն է կանգնեցնել մոլորակի բնական միջավայրի դեգրադացիան և կառուցել ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ՝ պահպանելով աշխարհի կենսաբանական բազմազանությունը, ապահովելով վերականգնվող բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և խթանելով աղտոտման և վատնող սպառման կրճատումը։ Ավելին իմացեք՝ panda.org | wwf.am (Հայաստանյան գրասենյակ)
ԼԿԸ-ի (ZSL, Լոնդոնի կենդանաբանության ընկերություն) մասին
ԼԿԸ-ը գիտահեն բնապահպանական բարեգործական կազմակերպություն է, որը գործում է վայրի բնությունը վերականգնելու ուղղությամբ Մեծ Բրիտանիայում և աշխարհով մեկ։ Մենք աշխատում ենք, որպեսզի վայրի կենդանիներն ու մարդիկ միասին բարգավաճեն։ Առաջնորդվելով գիտական մոտեցմամբ և բնության հանդեպ սիրով՝ մենք ղեկավարում ենք բնապահպանական աշխատանքները, ձևավորում օրակարգեր և ազդում փոփոխությունների վրա՝ բնությունը պաշտպանելու և վերականգնելու համար։ Մենք հանձնառու ենք տեսակների պաշտպանությանը, ապրելավայրերի վերականգնմանը, բնապահպանների վերապատրաստմանը և բնության համար փոփոխություններ ստեղծելուն։
Ավելին իմանալու համար այցելեք՝ www.zsl.org
WWF-Հայաստան



















































