Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

Նոյեմբեր 06,2002 00:00

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի սակավաթիվ գործող մշակութային օջախներից է։ Պատճառն այն է, որ մյուսները վերանորոգվում են։ Թանգարանի վերանորոգումից դուրս մնալը մշակույթի նախարարությունը բացատրեց նրանով, որ կան ավելի վատթար վիճակում գտնվողներ, որոնք կառուցման օրվանից չեն նորոգվել։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց, թե ցանկալի կլիներ, որ իրենց թանգարանը նույնպես վերանորոգվեր, զինվեր նորագույն տեխնիկայով եւ ունենար այնպիսի տեսք, ինչպիսին ունեն նման օջախները զարգացած երկրներում։ Նա հույս հայտնեց, որ մյուս անգամ երեւի իրենց թանգարանն էլ կարժանանա նման պատվի։ 35 տարվա պատմություն ունեցող այս մեմորիալ թանգարանում են գտնվում ոչ միայն Ալեքսանդր Սպենդիարյանի փոքրիկ կացարանը, այլեւ «Ալմաստ» օպերային ներկայացման առաջին ազդագիրը, բեմիրերն ու հագուստները։ Թանգարանի ֆոնդում 1310 միավոր գրականություն կա, ուր պահպանվում են օպերային գործիչների կյանքին ու ստեղծագործությանը նվիրված փաստեր ու լուսանկարներ։ Թանգարանի համար կարեւորագույն խնդիրներից մեկը երաժշտին վերաբերող նյութեր, անձնական օգտագործման իրեր հայթայթելն է, որը մեծ ֆինանսական դժվարությունների հետ է կապված։ Տնօրենի հավաստմամբ, վերջին ձեռքբերումը անցած տարի «հայտնաբերված» Սպենդիարյանների ընտանեկան ափսեն էր։ Չնայած դժվարություններին, թանգարանի առօրյան շատ ակտիվ է։ Այս վերջին տարիներին բազմաթիվ ավանդույթներ են ձեւավորվել։ Դրանցից է Սպենդիարյանի երաժշտական դպրոց – թանգարան կապը։ Ամեն տարի նշվում են կոմպոզիտորի ծննդյան եւ մահվան տարելիցները։ Յուրաքանչյուր ամսվա 25-ը երդման արարողությամբ է նշանավորվում։ Ընտրվում է մի շնորհալի աշակերտ, որին պատիվ է ընձեռվում նվագել մեծանուն երաժշտի դաշնամուրի վրա։ Բացի այդ, այստեղ կազմակերպվում են ստեղծագործական երեկոներ։ «Նման միջոցառումները հնարավորություն են տալիս շփվել մատաղ սերնդի հետ։ Նրանց հետ աշխատելով՝ աշխատում ենք ապագայի համար»,- ասում է երիտասարդ տնօրինուհին։ Նա ցավով է նշում, որ Օպերային թատրոնի հետ կապը չնչին է, գրեթե չկա։ Այդ մասին են փաստում այն հանգամանքները, որ անցած տարի Ալեքսանդր Սպենդիարյանի 130-ամյակին նվիրված տոնակատարությանը թատրոնը հրաժարվեց մասնակցել, նաեւ այն, որ շուտով կլրանա Օպերային թատրոնի հիմնադրման 70- ամյակը, սակայն դեռեւս համագործակցության առաջարկ չի արվել։ 1998 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն -թանգարանը մեծ շուքով նշել է «Ալմաստ» օպերային ներկայացման 65-րդ տարեդարձը, որին ներկա են եղել թատրոնի բոլոր նշանավոր ներկայացուցիչները։ Ըստ տուն-թանգարանի տնօրենի, մեկ անգամ եւս կրկնել միջոցառումը՝ իմաստ չունի, մանավանդ որ հիշողությունները դեռեւս թարմ են։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930