Լրահոս
Օրվա լրահոսը

Էսպես էլ ժողովրդավարությո՞ւն

Նոյեմբեր 06,2002 00:00

Էսպես էլ ժողովրդավարությո՞ւն Մինչ երկրի ղեկավար այրերը արտասահմանյան երկրներում խորհրդակցությունների, վեհաժողովների, սեմինարների ու ճեպազրույցների ժամանակ հավաստում են, թե Հայաստանում ժողովրդավարությունը սրընթաց առաջ է ընթանում, ՀՀ շարքային քաղաքացին (այդ թվում՝ անկախ մամուլի լրագրողը) բոլորովին այլ տպավորություն կարող է ստանալ այդ «ժողովրդավարությունից»։ Մարզերում հեռարձակվող 4 հեռուստաալիքները օրական 4 անգամ լուսաբանում են նախագահական, վարչապետական ու նախարարական այցերը, հանդիպումները, ասուլիսները։ Մի աննշան չափով միայն երբեմն հնչում են ընդդիմության գործիչների ելույթները, որոնք ավելի հաճախ ընդամենը մեկնաբանվում են՝ իշխանությունների ճաշակին համապատասխան։ Երբ «Ա1+»-ը միջնորդավորված կապի օգնությամբ հեռարձակվում էր նաեւ Վանաձորում, ժողովուրդն ունկնդրում էր նաեւ ընդդիմությանը, իսկ հիմա այդ հնարավորությունն էլ չկա։ Այս ենթատեքստում նշենք, որ գործող հեուստաալիքներով մեծ մասամբ քաղաքական մեկնաբանություններն էլ հնչում են իշխող կուսակցությունների եւ վարչախմբի տեսանկյունից եւ ներկայացվում որպես այլընտրանք չունեցող, անառարկելի ճշմարտություն։ Դա կարելի էր օրինաչափ համարել այն դեպքում, եթե նույն հեռուստաալիքներով հնչեր նաեւ մեկնաբանություն՝ ընդդիմախոս դիրքերից։ Հարկ է նշել նաեւ, որ «Ա1+»-ի հեռարձակման ժամանակ հեռուստադիտողը հնարավորություն ուներ նաեւ տեղեկանալ, թե ինչ է գրում ընդդիմադիր մամուլը՝ իշխանությունների մասին, իսկ գործող հեռուստաալիքներով տրվող մամուլի տեսությունը պետական քարոզչամեքենայի մի մասն է, որը սովորաբար տեղեկացնում է, թե ինչ է գրում իշխանամետ մամուլը՝ ընդդիմության մասին։ (Վերջերս էլ մամուլի տեսությունը սկսել է դուրս գալ «տեսության» շրջանակներից եւ վերածվել է քաղաքական մեկնաբանության)։ Փաստորեն, հեռուստադիտողը այլընտրանքի հնարավորություն չունի (վերոհիշյալ առումով) եւ ստիպված է ճաշակել այն, ինչ մատուցվում է։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ճնշում հասարակական կարծիքի վրա։ Եվ այս պայմաններում իշխանության խոսափողները նեղացածի ձեւ են ընդունում, երբ ժողովրդավարության կայացման համար շահագրգիռ ուժերը արտասահմանում իրական գույներով ներկայացնում են այն, ինչ կատարվում է Հայաստանում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել