Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսից լավ չի երեւում

Նոյեմբեր 16,2002 00:00

Դրսից լավ չի երեւում Մեկ տարի է՝ ՀՀ արդարադատության նախարարություն են տեղափոխվել ուղղիչ հիմնարկները (նոր տերմինով՝ քրեակատարողական հիմնարկներ): Այս մեկ տարվա ընթացքում եւ շատ բան է կատարվել, եւ քիչ, եթե հաշվի առնենք, որ անելիքների ծավալը խիստ մեծ է եւ անցած 10 տարիների ընթացքում, ՆԳ ենթակայության օրոք, որեւէ արմատական փոփոխություն, որեւէ զարգացում այս ծառայությունում չի իրականացվել: Այս մասին իր սուբյեկտիվ կարծիքը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության կադրային բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը՝ «Հակաստվերի» հրավիրած ասուլիսում: Ժամանակին ՆԳ նախարարության հետ մշակվել էր քրեակատարողական ծառայության բարեփոխումների ծրագիր, որը ներկայացվել էր Եվրախորհուրդ՝ փորձաքննության նպատակով, եւ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց եռամյա ծրագիրը: Այն իրականացվում է 2 փուլով: Առաջինը՝ տեղափոխման աշխատանքը, արդեն իրականացվել է անցյալ տարի, իսկ 2-րդ փուլը համակարգի բարեփոխումների փուլն է, որն ընթացքի մեջ է: Հատկապես կարեւորվում են իրավական, ենթակառուցվածքային բարեփոխումները, ինչպես նաեւ դատապարտյալների եւ կալանավորված անձանց բուժսպասարկման արդյունավետության զարգացումը, քրեակատարողական ծառայության վարչակազմի կադրերի վերապատրաստման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների զբաղվածության խնդրի բարելավման հարցերը եւ նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները: Ամենակարեւորն այս ամբողջի ֆինանսական կողմն է, որ բյուջեից անհրաժեշտ չափով չի իրականացվում: Կոնկրետ զբաղվածության ապահովման հարցում մեծ դեր ունի կառավարության «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը, իսկ ընդհանուր առմամբ պլանավորված է կատարել մոտ 1 մլրդ 700 միլիոնի հատկացում: Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումների շրջանում տեղաշարժեր նկատվում են հատկապես իրավական տեսանկյունից. նկատելի է ռեժիմի ազատականացում՝ կարգուկանոնի զուգակցմամբ, իսկ ազատականությունը դրսեւորվում է արտաքին աշխարհի հետ կապի ակտիվացմամբ: Փախուստի դեպքեր այս ընթացքում չեն գրանցվել, իսկ հանցագործությունները բացառիկ բնույթ են կրում: Համակարգում կոռուպցիոն դրսեւորումներին անդրադառնալով, պրն Առուստամյանը միայն նշեց, որ դրսից ավելի վատ է երեւում, քան իրականում կա: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել