Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն հետաքննողները

Դեկտեմբեր 14,2002 00:00

Լավագույն հետաքննողները «Ինտերնյուս» ՀԿ-ն հայտարարել էր հետաքննական լավագույն հեռուստատեսային նյութերի մրցույթ 2 նոմինացիայով`«Հեռուստատեսային հաղորդում ու ֆիլմ» եւ «Հեռուստատեսային ռեպորտաժ»: Մրցույթն ամփոփվեց 2002թ. դեկտեմբերի 12-ին: Տարբեր կազմակերպությունների եւ հեռուստաընկերությունների կողմից ներկայացվել էր 13 հետաքննական նյութ: Չնայած ժյուրիի անդամները (Արամ Աբրահամյան, Մեսրոպ Հարությունյան, Լեւոն Բարսեղյան, Վաչե Սարգսյան, Բրյուս Գելլերման) ցավով նշեցին, որ ներկայացված 13 նյութերից ընդամենը 6-7-ն ունեին հետաքննական ժանրի հատկանիշներ, այնուամենայնիվ, նրանք կարեւորեցին նման ծրագրերի գոյությունն ու հետագա զարգացումը Հայաստանում: «Այսօր հետաքննական լրագրությունն ունի զարգացման բազում խոչընդոտներ: Ցավոք, ոչ բոլոր հեռուստաընկերություններն ու թերթերն են զբաղվում հետաքննությամբ, քանի որ դա բավական թանկ ու աշխատատար գործընթաց է»,- նշեց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Մրցույթի կազմակերպիչներն արձանագրեցին, որ մեր լրատվամիջոցները քիչ են հետաքրքրված այդ ժանրով: «Հեռուստատեսային հաղորդում ու ֆիլմ» նոմինացիայի առաջին մրցանակը շնորհվեց Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, «Վերսուս» ստուդիայի տնօրեն Էդիկ Բաղդասարյանին՝ «Հետք» հաղորդաշարի երկրորդ ֆիլմի համար: «Ֆիլմը պետք է հեռարձակվեր «Ա1+» հեռուստաընկերությամբ ապրիլի 4-ին, սակայն հայտնի պատճառներով այն չցուցադրվեց: Տեսանյութը ուղարկվեց «Հ1», «Արմենիա» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերություններ: Արդյունքում՝ «Հ1»-ը գտավ, որ ֆիլմը չի հետաքրքրի լսարանին, «Արմենիա»-ն այդպես էլ չարձագանքեց, իսկ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը պարզապես «կորցրեց» տեսաերիզը: Ինչեւէ, մեր աշխատանքն ի վերջո արժանացավ գնահատականի, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին»,-ասաց Է.Բաղդասարյանը: Նույն նոմինացիայի երկրորդ մրցանակը ստացավ Գյումրիի «Նոյեմի» հեռուստաընկերությունը՝ «Օստապ Բենդերը Գյումրիում» հետաքննական ֆիլմի համար: Մրցանակը հանձնվեց Էդուարդ Մխիթարյանին: «Մեր ներկայացրած թեման բավական արդիական էր Գյումրիի համար: Առաջիկայում մենք պատրաստվում ենք շարունակել հետաքննական տեսանյութերի շարքը»,- ասաց նա: «Հեռուստատեսային ռեպորտաժ» նոմինացիային առաջին մրցանակ չշնորհվեց: Ինչպես նշեց ժյուրիի անդամ Մեսրոպ Հարությունյանը, առաջին մրցանակին հավակնող ռեպորտաժ չի եղել: Երկրորդ մրցանակը հանձնվեց «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Վաղինակ Նախշքարյանին՝ «Սպիտակի հիվանդանոց» տեսանյութի համար: ՆՈՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել