Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հունիս 25,2004 00:00

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ Երեկ Ծաղկաձորում ավարտվեց «Խոսքի ազատությունը եւ մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքը» թեմայով երկօրյա սեմինարը։ Այն կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը եւ Հայաստանի լրագրողական երկու կազմակերպություններ՝ Երեւանի մամուլի ակումբն ու «Ֆեմիդան»։ ԵԽ լրատվամիջոցների բաժնի ադմինիստրատոր Շարլոտ դե Բրուտեյը հայտնեց, որ իրենց նպատակն է խրախուսել խոսքի ազատությունը։ Իսկ «Մատրիքս Չամբերսի» իրավաբան Հուգ Թոմլինսոնը խոսեց «պատասխանատու ժուռնալիստիկայի» մասին։ Նա բերեց օրինակներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերից։ Ավստրիական մի ամսագիր, որը քննադատել էր կանցլերին, հայտարարելով, որ նա «անբարոյական է եւ անպատասխանատու», ԵԴ-ում հաղթել էր, որովհետեւ, ըստ մեր հյուրի, ավստրիական դատարանը, ամսագրին պատժելով, խախտել էր «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի» 10-րդ հոդվածի սկզբունքը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն արտահայտել իր կարծիքը», այդ թվում եւ ամսագիրը։ Մեր հյուրն անդրադարձավ նաեւ աղբյուրի պաշտպանությանը, ասելով, որ ըստ բրիտանական օրենսդրության, որոշակի դեպքերում աղբյուրը պաշտպանված է։ Ի դեպ, Հուգ Թոմլինսոնի կարծիքով, «Անգլիան զրպարտության երկիր է» եւ հաճախ է մամուլը միջամտում քաղաքացիների մասնավոր կյանքին։ Այս միտքը հաստատվեց պրոֆեսոր Ռոբերտ Պինկերի զեկուցման մեջ: Նա նշեց, որ Մեծ Բրիտանիայի մամուլի դեմ բողոքների կոմիտեն միայն այս տարի 6000 բողոք է ստացել, իսկ Բոսնիա-Հերցեգովինայի մամուլի խորհուրդը՝ 80 բողոք։ Ի դեպ, մամուլից հիմնականում բողոքում են մասնավոր կյանքի դեմ ոտնձգություն անելու կապակցությամբ։ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե կա՞ն հետեւողական բողոքողներ՝ հասարակական-քաղաքական գործիչների մեջ, նա չհիշեց «հետեւողական բողոքող», սակայն նշեց, որ Մեծ Բրիտանիայում Թոնի Բլերը վերջին 5 տարիների ընթացքում մամուլի խորհրդին դիմել է 4 անգամ։ «Առավոտի» հաջորդ հարցին, թե եղե՞լ է նախադեպ, երբ մամուլի խորհրդի տված եզրակացությունը, որը պետք է ամբողջությամբ տպագրվի թերթերում՝ չտպագրվի, ավելին, մամուլային դատը բարոյական դաշտից տեղափոխվի իրավական ոլորտ, նա պատասխանեց, որ եզրակացությունը պարտադիր է բոլոր թերթերի համար եւ որեւէ դեպք չի հիշում, երբ ԶԼՄ-ները հրաժարվեն տպագրել իրենց եզրակացությունը։ Մեծ Բրիտանիայում եղել է մեկ բողոք, որը հետագայում տարվել է դատարան։ Մամուլի խորհուրդները ինքնակառավարվող մարմիններ են, որոնք ընդունված է անվանել դեմոկրատիայի ենթակառուցվածք։ «Ցանկալի է, որ նրանք անկախ լինեն կառավարությունից եւ չենթարկվեն գրաքննության»,- ասաց պրոֆեսոր Պինկերը։ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավաբան Օլգա Սաֆարյանի դիտարկմամբ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում խոսքի ազատության սահմանները։ Լրագրողի պրոֆեսիոնալիզմով է պայմանավորված այդ ազատությունը։ Իրավաբանի կարծիքով, անսահման ազատություն չի կարող լինել եւ սահմանափակման հիմքեր կարող են դիտվել այն դեպքերը, երբ խախտվում է անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ ԵՄԱ-ի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ երկու օր է՝ Միացյալ Նահանգների գրախանութներում հերթեր են գոյացել Քլինթոնի «Իմ կյանքը» մենագրության համար, իսկ Գերմանիայի դատարանում էլ վճիռ է կայացվել. «բացել նախկին կանցլեր Հելմուտ Քոլի արխիվները»։ Ըստ փորձագետի, հասարակական-քաղաքական գործիչները դատապարտված են մամուլի ուշադրությունը գրավելու՝ իրենց դիրքով, իրենց կարգավիճակով: Հայրենի լրագրողական աշխարհում իբրեւ այդպիսի վառ օրինակ նշվեց Արշակ Սադոյանի որդու հարսանիքի «նախաքննական» փուլը կամ հայտնի նախարարի նախընտրած վայրում դրսեւորած վարքը։ Նրա կարծիքով, հասարակությունը պետք է տեղեկություններ ստանա հասարակական-քաղաքական գործիչների մասին։ Ամփոփելով սեմինարը, ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ լրատվամիջոցների ղեկավարների հետ քննարկվում է «ԶԼՄ-ների խորհուրդ» ստեղծելու հարցը։ Հուլիսին հավանաբար կմշակվի ռազմավարությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Հայրենի հասարակական-քաղաքական գործիչները «մասնավոր կյանք» ասելով չեն կարողանում տարորոշել սահմանները։ «Առավոտի» խմբագրությունը նույնիսկ որեւէ մեկի մականունը հրապարակելու դեպքում հայտնվում է «մասնավոր կյանքի գաղտնիության սկզբունքը խախտողի» կարգավիճակում։ Իսկ վերջերս նույնիսկ մի ճանաչված գլխավոր բժիշկ խոստացավ դատի տալ թերթին միայն այն բանի համար, որ տպագրել էինք իր անձնական չհրկիզվող պահարանից գողացած որոշակի գումարի մասին։ «Տուժողը» դա դիտեց իբրեւ ոտնձգություն իր անձնական կյանքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել