Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵՐ ԵՎ ՓՈՂ

Օգոստոս 09,2007 00:00

Սրանք են, ըստ ԱԺԴ եւ ՍԻՄ ղեկավարների, ընտրություններում հաջողության հասնելու ամենակարեւոր նախապայմանները

Տարօրինակ զուգադիպությամբ թե’ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի եւ թե’ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի (վերջինիս պաշտոնը վիճարկվում է Հայկ Բաբուխանյանի կողմից) ասելիքները երեկ կայացած երկու տարբեր ասուլիսների ժամանակ նույն թեմայի շուրջ էին՝ նախընտրական զարգացումներ: Ընդ որում, երկուսն էլ հանդես էին գալիս հասարակությանն ուղղված առաջարկներով եւ ոչ թե իրավիճակի վերլուծությամբ: Այսքանով զուգահեռները չեն ավարտվում: Այս երկու գործիչն էլ հայտարարում են, որ չեն պատրաստվում դնել իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նրանք երկուսն էլ վերապահումներով են վերաբերվում միասնական թեկնածուի փնտրտուքներին նվիրված եւ արդեն իսկ սկսված ներընդդիմադիր «սրճարանային» քննարկումներին: Եվ, ի վերջո, նրանք երկուսն էլ իրենց սկսած գործի մեջ մեծ տեղ են հատկացնում ԶԼՄ-ներին՝ դիմելով վերջիններիս օգնությանը:

Սադոյանին եթեր է պետք

ԱԺԴ-ն պատրաստել է հայտարարության մի տեքստ, որի տակ ակնկալում է ստանալ «մի քանի լուրջ» կուսակցությունների ղեկավարների, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների ստորագրությունները: Այդ հայտարարությամբ նրանք պիտի դիմեն ԱՄՆ-ի, ԵՄ անդամ երկրների՝ ՀՀ-ում գործող դիվանագիտական կորպուսներին՝ խնդրելով վերջիններիս աջակցությունը (մասնավորապես՝ նյութական) Հայաստանին նոր հաճախականություն տրամադրելու համար, որով եթեր դուրս կգա «Ժողովրդավարություն» հեռուստատեսությունը: Այս հեռուստատեսությունը, ըստ Ա.Սադոյանի, պիտի լրացնի այն լրատվական սովը, որն առաջացել է «Ա1+»-ն ու «Նոյյան տապանը» փակելուց հետո եւ որն էլ ավելի կխորանա «Ազատություն» ռադիոկայանի դեմ սկսված արշավի արդյունքում: Պարոն Սադոյանի պատկերացմամբ, նոր հեռուստատեսությամբ պիտի ցուցադրվեն ԱԺ եւ Կառավարության նիստերը, քաղաքական թեմաներով կլոր սեղաններ եւ այլն: Դե, իսկ եթե մի ամբողջ հեռուստատեսություն եւ առավել եւս նոր հաճախականություն չեն բացի, ապա գոնե թող փող տան Հայաստանում համապետական սփռում ունեցող որեւէ հեռուստաալիքով ամենօրյա 1ժամանոց հեռուստաեթեր գնելու համար: ԱԺԴ նախագահը կարծում է, որ «Ազատության» շուրջ առաջացած աղմուկը պատճառ կդառնա, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ավելի լուրջ վերաբերվեն իր այս նախաձեռնությանը, քան Քոնդոլիզա Ռայսը, որը պարզապես չպատասխանեց պարոն Սադոյանի նամակին:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «լուրջ» կուսակցությունների եւ կազմակերպությունների ղեկավարները բանավոր զրույցներում «երկու ձեռքով կողմ» են արտահայտվել սադոյանական գաղափարին, սակայն, ինչպես իրավացիորեն նկատեց ԱԺԴ նախագահը, «երկու ձեռքով կողմ արտահայտվելուց մինչեւ ստորագրելը երկար ճանապարհ կա»: Ու լրագրողներին հորդորեց այսուհետ բոլոր կուսակցական-քաղաքական գործիչներից հետաքրքրվել՝ «Իսկ դուք ստորագրե՞լ եք այն հայտարարության ներքո…»:

Իսկ Խաչատրյանին՝ փող

Հրանտ Խաչատրյանն այլ առաջարկ ուներ: Նա գտնում էր, որ ժամանակն է կրկնօրինակել արեւմտյան երկրների փորձը եւ ընտրություններից առաջ հիմնել նախընտրական հիմնադրամներ, եւ ժողովուրդը, իր նախընտրած թեկնածուի հիմնադրամին փող փոխանցելով, օգնի նրան՝ քարոզչություն իրականացնելու գործում: Բացի այդ, հասարակության ակտիվությունը ցույց կտա, թե որ թեկնածուն ընտրվելու ավելի մեծ շանսեր ունի: Նա, ում հիմնադրամին ավելի մեծ գումարներ կգան եւ ավելի շատ մարդկանցից, կդառնա ֆավորիտ թեկնածուն: Այսպիսով, կլուծվի ոչ միայն «միասնական թեկնածուին» ճիշտ ձեւով ընտրելու հարցը, այլեւ՝ կոնկրետ քարոզարշավին անհրաժեշտ գումարների հարցը: «Ոչ մի քաղաքակիրթ երկրում քաղաքական լիդերները չեն գնում-նստում կաֆեում եւ փոխհամաձայնության գալիս մեկը մյուսին զիջելու մասին, այլ լինում է նախնական ընտրություն՝ համախոհ բլոկների միջեւ»,- այս մեթոդն էր առաջարկում Հրանտ Խաչատրյանը, գիտակցելով, որ նախնական ընտրություն անելու համար ոչ ժամանակ կա եւ ոչ էլ դրա կարեւորության գիտակցությունը: Եվ առաջարկում էր ՍԻՄ-ի ծառայություններն այդ գործում, մասնավորապես՝ հիմնադրամը ստեղծելու եւ գումարներ հավաքագրելու մեջ: Իսկ գումարների աղբյուրը պետք է լինի հասարակ քաղաքացին՝ պնդում էր Հրանտ Խաչատրյանը՝ առաջարկելով, որ այդ նպատակի համար Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող 1 մլն քաղաքացիներից յուրաքանչյուրը տրամադրի 70-ական դրամ: «Եթե երկրի քաղաքացին չի ցանկանում չորս տարին մեկ անգամ յոթանասուն դրամ տալ իր նախընտրած թեկնածուին, ուրեմն ամեն ինչ ավելորդ է»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել