Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Դեկտեմբեր 02,2008 00:00

Սկսած 1988թ.-ից, ամեն տարի դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն անցկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով:

Քսաներորդ դարի վերջին տասնամյակներին ի հայտ եկած ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից է: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին՝ ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տարածվել է բոլոր մայրցամաքներում եւ աշխարհի բոլոր երկրներում՝ վերաճելով գլոբալ համաճարակի: 2007թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25 մլն մարդկային կյանք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար: 1988թ. մինչեւ 2008թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի (որի վերջնային փուլն է ՁԻԱՀ-ը) X եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահվան X դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Իր հեռահար եւ կործանարար ազդեցության տեսանկյունից ՁԻԱՀ-ը մարդկության պատմության բացառիկ երեւույթներից է: Մարդկային հասարակության վրա դրա ազդեցությունը միայն մարդ արարածի առողջությանը ֆիզիկական վնաս հասցնելով չի սահմանափակվում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն ընդգրկել է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները եւ ստեղծել բազմաթիվ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, բարոյական, իրավական խնդիրներ: Կյանքը ցույց տվեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը միայն առողջապահական ոլորտի խնդիր չէ, եւ հիվանդության դեմ պայքարում հաջողության կարելի է հասնել միմիայն համընդհանուր ջանքերի միջոցով: ՄԻԱՎ-ը չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ ազգային պատկանելություն: Աշխույժ միգրացիայի եւ մեծ արագությունների մեր ժամանակաշրջանում միայն լայնածավալ եւ հետեւողական միջամտությունները կարող են նվազեցնել հիվանդության տարածման տեմպերը եւ կասեցնել համաճարակի հետագա զարգացումը: Դրանում մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ: Չվարակվելու նախապայմաններից մեկը տեղեկացված լինելն է: Պատահական չէ, որ տարիներ առաջ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսը եղել է՝ «Մի՛ թույլ տուր քեզ մահանալ անգիտությունից»: Հարկ է իմանալ, որ ՄԻԱՎ-ը փոխան

ցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են՝ արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում, երբ նշված կենսաբանական հեղուկները ՄԻԱՎ վարակով հիվանդի օրգանիզմից ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, ներարկային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործելիս, արյան միջոցով: ՄԻԱՎ վարակ ունեցող կանայք կարող են վիրուսը փոխանցել իրենց նորածիններին՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների միջոցով՝ ձեռքսեղմման, համբույրի ժամանակ, ընդհանուր սպասքից, սանհանգույցից օգտվելիս: Հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակով հիվանդի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով: Սա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հետ շփումը միանգամայն անվտանգ է: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաեւ մոծակների կծելու միջոցով, քանի որ վիրուսը կարող է ապրել եւ բազմանալ միայն մարդու բջիջների մեջ եւ շատ արագ քայքայվում է մոծակի ստամոքսում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքն ինքնին չի պաշտպանի ՄԻԱՎ-ից, կարեւորը այդ գիտելիքները կյանքում կիրառելն ու իրական վտանգը չանտեսելն է: ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով եւ կենսակերպով: Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել անվտանգ վարքագիծ՝ զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, գործածել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաեւ ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը: ՄԻԱՎ-ով վարակման վտանգը հնարավոր է նվազեցնել միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկեր ունենալու դեպքում: Սակայն միայն երկկողմանի հավատարմությունը կարող է լիովին պաշտպանել վարակումից: Շատերը գիտեն այս ամենի մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում: Անտեսելով հնարավոր վտանգը, շատերը դրսեւորում են ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, վտանգելով իրենց եւ իրենց մտերիմների առողջությունը: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը չափազանց անիրական է թվում՝ անձամբ իրենց հետ այն կապելու համար: Նրանք ոչ միշտ են դրսեւորում անվտանգ վարքագիծ՝ հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Նման մարդիկ պետք է իմանան, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի՝ նույնիսկ մեկ սեռական հարաբերության, թմրամիջոցի ընդամենը մեկ ներարկման հետեւանքով: ՄԻԱՎ-ով չվարակվելու համար պատասխանատու եւ անվտանգ վարքագիծ պետք է դրսեւորի յուրաքանչյուր ոք, ով մտահոգված է իր առողջության պահպանմամբ, իսկ երբեւէ ռիսկային վարքագիծ դրսեւորած անձանց խորհուրդ է տրվում անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ անկախ իրենց մոտ առողջական խնդիրների առկայությունից: Հիվանդության խարդավանքը նրանում է, որ այն ընթանում է երկարատեւ անախտանշան՝ թաքնված շրջանով (7-15 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ, ունենում է առողջ տեսք եւ չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց: Ողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ավելի քան երեք քառորդը չգիտի իր վարակված լինելու մասին: Հենց նրանց միջոցով է գլխավորապես փոխանցվում ՄԻԱՎ-ը: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հայտնաբերելու համար հարկավոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցնել: Այդ հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսեւորումներ դեռեւս չկան: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ժամանակին սկսել համապատասխան բուժումը, ինչը չափազանց կարեւոր է հիվանդի լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը հնարավորինս երկար ժամանակ պահպանելու համար, այլեւ օգնում է նրան ճիշտ որոշումներ կայացնել հետագա ապրելակերպի վերաբերյալ եւ խուսափել հարազատ ու սիրելի մարդկանց վարակելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել իր ապագա երեխայի վարակման վտանգը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի համար պակաս կարեւոր չէ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ հանդուրժողական, հակախտրական վերաբերմունքի ձեւավորումը, քանի որ խարանի եւ խտրականության ենթարկվելու վախը հաճախ մարդկանց ետ է պահում հետազոտվելուց եւ բացասաբար է անդրադառնում նրանց կողմից կանխարգելիչ միջոցառումների իրականացման վրա:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբեւէ օգտագործել կամ ներկայումս շարունակում են օգտագործել թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ, ունեն որեւէ սեռավարակ, ենթարկվել են մաշկի եւ լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում եւ այլն)՝ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երեւան, Ավան, Աճառյան 2) կամ այլ հաստատություններում (կանանց կոնսուլտացիաներ, որոշ պոլիկլինիկաներ, լաբորատորիաներ եւ այլն): Հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն: Հետազոտության եւ դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաեւ պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռեւս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է էական ներդրում ունենալ այդ պայքարում՝ դիմակայելով խարանին եւ խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է նաեւ բոլոր մակարդակներում խնդրի կարեւորության գիտակցումից, յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել