Թուրք պատգամավորի բացառիկ հարցազրույցը «Ermenihaber»-ին
Ermenihaber.am–ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել էր հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն է։
Գերգերլիօղլուն թուրք քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան է։ Ծնվել է 1965թ. Իսպարտայում։ Երկար տարիներ աշխատել է որպես բժիշկ և հայտնի դարձել հատկապես մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իր հայտարարություններով։ Նա հանդիսանում է Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։
Կարդացեք նաև
Թուրք պատգամավորը մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն ներկայացնելով որպես Անկարայի կողմից զգուշավոր, վերահսկվող և մեծապես տարածաշրջանային հաշվարկներով պայմանավորված քաղաքականություն։ Նրա գնահատմամբ՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է կապել Ադրբեջանի հետ հարաբերությունների և տարածաշրջանային ուժային հավասարակշռությունների հետ՝ խուսափելով կտրուկ քայլերից։ Միաժամանակ նա նշում է, որ թեև գործընթացը դանդաղ է և սահմանափակ, երկարաժամկետ հեռանկարում հարաբերությունների կարգավորումը անխուսափելի է, իսկ փոքր գործնական նախաձեռնությունները՝ ինչպես Անիի կամրջի վերականգնումը, կարող են հիմք դառնալ ավելի խորը համագործակցության համար։
– 2022-ից վերսկսված կարգավորման (նորմալացման) գործընթացում արձանագրվել է սահմանափակ առաջընթաց։ Թուրքիայի կողմը, սակայն, հաճախ ընդգծում է, որ գործընթացը իրականացվում է Ադրբեջանի հետ համակարգված։ Ինչո՞ւ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում Հայաստան–Ադրբեջան գործընթացի հետ։ Արդյո՞ք սա նախապայման է, թե՞ քաղաքական ընտրություն։
– Թուրքիան չի ցանկանում անել քայլեր, որոնք կտրուկ հակասում են ԱՄՆ-ի և Իսրայելի գծին (քաղաքական-խմբ․)։ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները շատ ամուր են, ինչպես նաև՝ Թուրքիա–Ադրբեջան հարաբերությունները։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ապահովում է համատեղ ֆինանսական եկամուտներ։ Չնայած Իսրայելի՝ Պաղեստինի ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշմանը, Թուրքիան, ճնշումների պայմաններում, այդ նավթամուղը չի դադարեցրել։
Բացի այդ, Թուրքիան ձգտում է Ասիայում ստեղծել թյուրքական պետությունների միություն և այդ ուղղությամբ զգալի ջանքեր է գործադրում։ Սակայն ցանկալի արդյունքները միշտ չէ, որ ստանում է։ Դա էլ վերջինիս ստիպում է ժպրհել և փորձել ավելին անել։ Իրականում Թուրքիային ասիական պետությունների շրջանում առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն նաև չեն ցանկանում նրան ամբողջությամբ hուսահատեցնել։ Այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է համառորեն հետապնդել այդ միության գաղափարը։ Այդ իսկ պատճառով էլ չեն ցանկանում, որ վատթարանան Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները։
Իրականում Ադրբեջանն էլ այնքան դրական վերաբերմունք չունի Թուրքիայի նկատմամբ և անհանգիստ է «ավագ եղբայր-փոքր եղբայր» պատկերից, իսկ Թուրքիան էլ իր հերթին լիովին գոհ չէ Ադրբեջանի եսակենտրոն մոտեցումներից։ Սակայն համատեղ նյութական և գաղափարական ապագայի ծրագրերը սքողում են այս ամենը (իմա՝ տարաձայնությունները)։ Թուրքիան չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ և գտնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է վարեն վերահսկելի կերպով։ Անկարան նաև կարծում է, որ հնարավոր է առաջ տանել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց Ադրբեջանին դժգոհեցնելու, սակայն դա նախատեսում է անել բավական սահմանափակ և զգուշավոր կերպով։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հարցում լիովին փակ դիրքորոշում չունի, բայց ցանկանում է գործընթացը զարգացնել՝ հաշվի առնելով տարածաշրջանային հավասարակշռությունները։
Բացի այդ, Հայաստանի հետ հարաբերությունների (զարգացումն) ունի իր գինը։ Թուրքիան, որը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ամեն տարի սահմանափակ հայտարարություններով է հանդես գալիս, մտահոգված է, որ հարաբերությունների խորացման դեպքում կարող է ստիպված լինել ավելի իրատեսական և բաց գնահատականներ հնչեցնել։ Այս բոլոր գործոններն էլ հանգեցնում են նրան, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները զարգանում են սահմանափակ և վերահսկվող ընթացքով։
– Չնայած մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ցամաքային սահմանը դեռևս փակ է։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիա-Հայաստան սահմանը բացվի։ Եթե ոչ, ապա ո՞րն է հիմնական խոչընդոտը։
– Չեմ կարծում, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային կապի հաստատումն լիովին անհնար է։ Դա մի օր կարող է իրականություն դառնալ, սակայն կախված է ընթացող գործընթացներից։ Թուրքիան, որն այս հարցում գործում է զգուշավոր քայլերով, մի օր կարող է բացել սահմանը։ Անկարան ցանկանում է իր ձեռքում պահել խաղաքարտերը ու վերահսկողությունը գործընթացի նկատմամբ։ Նա նաև տեսնում է, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, և այդ պատճառով գործում է զգուշավորությամբ։ Միևնույն ժամանակ, սահմանային անցակետի բացումը կարող է դրական հետևանքներ ունենալ Թուրքիայի սահմանամերձ բնակչության համար։ Սակայն Թուրքիան այս հարցին շարունակում է հիմնականում նայել Ադրբեջանի շահերի և դիրքորոշման տեսանկյունից։
– Հայկական կողմը հաճախ հայտարարում է, որ գործընթացի առաջընթացի համար նախաձեռնությունը պետք է գա Թուրքիայից և ընդգծում է, որ Մարգարայի սահմանային անցակետը պատրաստ է գործարկման։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։ Ինչո՞ւ Թուրքիան մինչ այժմ պատասխան քայլ չի անում։
– Որքանով որ տեղյակ եմ, Հայաստանը բազմաթիվ առումներով գտնվում է բարդ իրավիճակում։ Նոր մոտեցման անհրաժեշտություն կա։ Կառավարման ճգնաժամեր էլ են տեղի ունեցել։ Թուրքիան նույնպես տեսնում է դա և կարծում է, որ Ղարաբաղյան հարցից հետո գործընթացում խաղաքարտերն իր ձեռքում են, և կարող է դրանք պահպանել՝ հաշվի առնելով միջազգային ուժային հավասարակշռությունները։ Այդ պատճառով Թուրքիան զգուշավոր է վերաբերվում Հայաստանի առաջարկներին։ Սակայն չեմ կարծում, թե Անկարան ամբողջությամբ փակ է այդ առաջարկների հարցում։
– Չնայած 2022 թվականից ի վեր անցկացված բազմաթիվ երկկողմ հանդիպումներին՝ շոշափելի առաջընթացը բավական սահմանափակ է եղել։ Այս իրավիճակը դիտարկո՞ւմ եք որպես Թուրքիայի գիտակցված «սպասողական ռազմավարություն», թե՞ գործընթացում առկա է իրական փակուղի։
– Կարծում եմ՝ Թուրքիան իսկապես վարում է գիտակցված սպասողական ռազմավարություն։ Չեմ կարծում, թե նա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես հրատապ անհրաժեշտություն։ Սակայն երկարաժամկետ առումով այդ գործընթացը, իմ կարծիքով, անխուսափելի անհրաժեշտություն է։ Տարիներ շարունակ «սառնարանում պահված» հարաբերությունները, ի վերջո, պետք է զարգացում ապրեն։ Սակայն Թուրքիան հարցին մոտենում է չափազանց սառը, մեխանիկական և առավելապես շահադիտական տրամաբանությամբ։
Ադրբեջանի հետ ռազմավարական ամուր հարաբերությունները շարունակվում են, իսկ Ղարաբաղյան (արցախյան-խմբ․) պատերազմից հետո ձևավորված տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվել է հօգուտ Բաքվի։ Այս պայմաններում թվում է, որ Հայաստանի տարածաշրջանային մանևրի հնարավորությունները սահմանափակվել են, և Թուրքիան կարծում է, թե ներկայիս ստատուս քվոն իր համար ամբողջությամբ բացասական չէ։
– Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան դարձավ Թուրքիայից Հայաստան իրականացված առաջին բարձր մակարդակի այցը վերջին 18 տարվա ընթացքում։ Ձեր կարծիքով՝ այս այցը խորհրդանշական նշանակությունից բացի կարո՞ղ է ունենալ նաև գործնական ազդեցություն, թե՞ կմնա առավելապես դիվանագիտական ժեստի մակարդակում։
– Ինչպես արդեն նշեցի, Ջևդեթ Յըլմազի այցը ցույց է տալիս ընթացող գործընթացը՝ վերահսկվող կարգավորման քաղաքականությունը։ Թուրքիան նպատակ ունի հասնել վերահսկվող բարելավման։ Սակայն, եթե դա չհամապատասխանի իր շահերին, կարող է նաև դադարեցնել գործընթացը։ Քանի որ հարաբերությունները դեռևս չեն հասել ամենաբարձր քաղաքական մակարդակի, Անկարան նախընտրում է դրանք պահել փոխնախագահի մակարդակում։ Բացի այդ, տարածաշրջանում ԱՄՆ–Իրան հնարավոր հակամարտության շուրջ ևս հստակություն չկա։ Այս գործոններն էլ Թուրքիային մղում են սպասողական քաղաքականության։ Ըստ էության, Թուրքիան սպասում է, թե երբ տարածաշրջանային ուժային հավասարակշռությունները վերջնականապես կձևավորվեն։
– Գագաթնաժողովի շրջանակում Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ համաձայնագիրը դարձավ երկու երկրների միջև ստորագրված առաջին կոնկրետ արձանագրությունը։ Կարո՞ղ են նման տեխնիկական և մշակութային համագործակցությունները ճանապարհ հարթել քաղաքական կարգավորման համար։
– Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ համաձայնագիրը վերահսկվող բարի կամքի մթնոլորտում առաջընթացի ցուցանիշ է։ Նման նախաձեռնությունները պետք է խրախուսվեն։ Այսպիսի համագործակցությունները կարող են հիմք ստեղծել ավելի լայն և խորքային համագործակցության համար։
Պետք է լինեն փոխադարձ բարի կամքի քայլեր, և դրանք պետք է աջակցություն ստանան ինչպես հասարակության, այնպես էլ լրատվամիջոցների կողմից, որովհետև իրականում երկու երկրներն ունեն միմյանց կարիքը, և նրանց համատեղ ուժեղացումը լիովին հնարավոր սցենար է։
Աղբյուր՝ Ermenihaber.am


















































