Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան ծնվում են, ոչ թե դառնում

Փետրվար 11,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ ինքնասպանությունը ոչ թե խելքը թռցնելու հետեւանք է, այլ՝ խելքի ավելցուկի

Ամեն տարի աշխարհում ինքնասպան է լինում շուրջ 1 միլիոն մարդ, իսկ այդ քայլի իրական պատճառները դեռ բացահայտված չեն. դա է պատճառը, որ այն դասվում է բոլոր ժամանակների «անբուժելի հիվանդությունների» շարքին: Ինքնասպանության հետեւանքով կյանքից հեռացել են բազմաթիվ հանրահայտ եւ տաղանդավոր մարդիկ: 1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում ինքնասպաններին հոգեկան հիվանդներ էին համարում: Եվ նրանք, որոնց հնարավոր էր լինում փրկել մեռնելուց, դիտվում էին որպես աննորմալներ եւ մինչեւ կյանքի վերջ հոգեբուժարաններում հաշվառման մեջ գտնվում: Նույն թվականներին ԱՄՆ-ում ինքնասպանությունը քրեորեն պատժվում էր՝ մեղադրյալի ողջ մնալու դեպքում: Իսկ Անգլիայում՝ մինչեւ 1961թ., ինքնասպանությունը դիտվում էր որպես ապօրինի գործողություն:

Ըստ միջազգային ճանաչում ունեցող հոգեբանների՝ ինքնասպանությունը ոչ թե խելքը թռցնելու հետեւանք է, այլ խելքի ավելցուկի:

Որքանո՞վ է տարածված ինքնասպանությունը մեր օրերում, կարելի՞ է այն համարել հիվանդություն, եւ ինչո՞ւ են մարդիկ դիմում ինքնասպանության՝ այս թեմայի շուրջ զրուցեցինք հոգեբան Սուսաննա Հակոբյանի հեր, որը ինքնասպանությունը համարեց չարիք. «Որեւէ մեկը սահմանում չի կարող տալ, թե ինչ է ինքնասպանությունը: Դա կատեգորիա չէ, այլ երեւույթ: Ինքնասպանությունը հիվանդություն չէ, եւ ոչ էլ այդ քայլին դիմողն է հոգեկան հիվանդ: Ինքնասպանները մարդկանց տեսակներ են, որոնք այդկերպ ծնվում են: Այս մարդկանց գլխում ամբողջ կյանքում մի միտք է պտտվում՝ ինչպես ինքնասպան լինել: Ներդաշնակ է այն մարդը, ում միտքը, մարմինն ու հոգին գտնվում են իրար հետ համաձայնության մեջ, եթե սրանցից որեւէ մեկը խախտվեց՝ ուրեմն ինքնասպանությունն անխուսափելի է»:

Տիկին Սուսաննան գտնում է, որ ինքնասպանության խնդրին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, որովհետեւ դրա դեմ պայքարելն անհնար է, դա կարող է ավելի լուրջ խնդիրներ ծնել: Ըստ նրա, հոգեբանության մեջ ինքնասպանությունը դասակարգվում է 3 խմբի՝ իրական, թաքնված եւ ցուցադրական: Իրականի դեպքում ինքնասպանությանը սովորաբար նախորդում են ճնշված տրամադրությունը, դեպրեսիան կամ պարզապես կյանքից հեռանալու միտքը: Ինքնասպանների մի մասն էլ այդ քայլով ընդամենը փորձում է շրջապատի ուշադրությունը սեւեռել իր վրա: Հոգեբանները սա անվանում են ցուցադրական ինքնասպանություն: Թաքնվածը վերաբերում է ինքնասպանների այն դասին, որոնք ինքնասպան լինելիս հասկանում են, որ այդ քայլը խնդրի լավագույն լուծումը չէ, բայց, ըստ նրանց, այլ ելք չկա, եւ դրսեւորում են այնպիսի միջոցներ, որոնցում ինքնասպանությունը բացահայտ չէ, օրինակ՝ կազմակերպում են միտումնավոր ավտովթար, սպորտի էքստրեմալ ձեւեր՝ դժբախտ ավարտով եւ այլն: Հոգեբանի հավաստմամբ, ինքնասպանությունն իր մեջ ներառում է երեք կարեւոր երեւույթ՝ հոգեկան վիճակ, հոգեբանական հատկանիշներ եւ սոցիալական խնդիրներ: Այսինքն՝ մարդը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ իր համար ելք գտնելը դառնում է անհավանական: Մեր զրուցակիցը ինքնասպանությունը դիտարկում է ըստ հոգեվիճակի, ուղղորդման, խորության. «Մարդու հոգեվիճակը դիտարկվում է անձնական եւ իրավիճակային, այսինքն, երբ մարդն իր ներսում ունենում է խմորվող պրոցեսներ, որոնց դեմ այլեւս ի վիճակի չէ ինքնուրույն պայքարելու, որեւէ մեկի հետ կիսվելու հնարավորություն չունի կամ խուսափում է: Ըստ ուղղորդման՝ գործընթացը կարող է լինել կամային, ինտելեկտուալ եւ հուզական: Հայտնի է, որ բազմաթիվ ինտելեկտուալ մարդիկ դիմել են այդ քայլին, սա նշանակում է՝ ինքնասպանությունը չի ճանաչում մտավոր, հոգեկան կամ էլ հուզական խնդիրներ: Ըստ խորության՝ լինում է խորը եւ մակերեսային, այսինքն՝ այդ զգացումները տարիների ընթացքում գաղտնապահության արդյունքում նստվածք են թողնում: Մակերեսայինի իմաստն այն է, որ մարդը կարդում, լսում, խոսում է՝ նմանվելու ձգտումով, ցանկություններով: Ինչ վերաբերում է ինքնասպանություն գործելուց հետո թողած գրություններին, հայտնի հոգեբանների մեկնաբանմամբ, մահից առաջ հրաժեշտի գրություն է թողնում ինքնասպանների 44%-ը: Գրությունները հոգեվիճակի արտացոլումն են՝ կապված ինչ-ինչ խնդիրների հետ, որն էլ հենց ինքնասպան լինողին հասցրել է այդ հոգեվիճակին: Այդ գրությունները ուղղորդում են դեպի դեպքը՝ հետաքննողներին հնարավորություն տալիս գնալ դրանց հետքերով»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առանձնացնում է ինքնասպանության 800 պատճառ՝ պատժի հանդեպ վախը, հոգեկան հիվանդությունները, ընտանեկան վիճաբանությունները, կրքերը, դրամական կորուստները, կյանքից գերհագեցումը, ֆիզիկական հիվանդությունները եւ այլն: Բայց ինքնասպանության բուն պատճառը այդպես էլ մնում է անհայտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել