Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԵՍԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋ ԵՂԲԱՅՐԸ

Ապրիլ 04,2009 00:00 Share

Իրեղեն ապացույցները բացակայում են

2008թ. հուլիսի 19-ին Սանկտ Պետերբուրգից Հայաստան վերադարձավ ՌԴ քաղաքացի Մանուկ Միսակյանը: Նա գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, պաշտպանության նախարարության կողմից ազատվել էր գարնանային զինակոչից: «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ մշակույթի, գիտության, կրթական բնագավառներում համագործակցության պայմանագրի» համաձայն, Մ. Միսակյանն ընդունվել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա:

Օդանավակայանից Մ. Միսակյանը զանգահարեց Էջմիածին, աներոջ տուն, ուր այդ ժամանակ գտնվում էին աները, զոքանչը, կինը, երեխաներն ու կնոջ եղբայրը: Նա հասավ Էջմիածին ընկերների՝ Կարեն Մանուկյանի, Վարդան Մահտեսյանի, Արթուր Սեդրակյանի հետ:

Ընկերները մեքենայի մեջ սպասում էին Մ. Միսակյանին: Վերջինս ցանկանում էր տեսակցել երեխաներին: Սակայն մտքով չէր անցնում, որ կհանդիպի ուժեղ դիմադրության՝ կնոջ հարազատների կողմից, եւ այդ դիմադրությունը կավարտվի սպանությամբ:

Կնոջ եղբայրը՝ Սեւակ Թովմասյանը, դանակահարում եւ սպանում է 31-ամյա փեսային: Արմավիրի մարզի իրավապահների կողմից հարուցվեց քրեական գործ, նախ ընտանիքի 4 անդամների՝ տուժողի կնոջ, վերջինի եղբոր, հոր եւ մոր նկատմամբ, ապա կարճվեց գործի վարույթը:

Գործի դատաքննությունը ներկայումս ընթանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Սանկտ Պետերբուրգից Հայաստան են եկել սպանվածի հայրը, հարազատները:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը, որը նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, դատարան, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Տուժող կողմը գտնում էր, որ նախաքննությունը տարվել էր թերի եւ խաթարվել էր գործի արդարացի քննության սկզբունքը: Մասնավորապես, տուժողի հայրը՝ Ներսես Միսակյանը, պնդում է, որ չի բացահայտվել, թե ինչպես է դանակը հայտնվել մեղադրյալի ձեռքում, հետագայում ինչպես է դանակը անհետացել (իրեղեն ապացույցը գործի նյութերում չկա), որտեղ է իր որդին ստացել հարվածներ, արդյոք ամբաստանյալ Սեւակ Թովմասյանը միայնակ կարո՞ղ էր կատարել այդ արարքը, եւ, վերջապես, որոնք են եղել հանցագործության իրական դրդապատճառներն ու շարժառիթը:

Մ. Միսակյանի մարմնին առկա են եղել 7 հարվածի հետքեր: Ըստ զոհի հոր, տղայի մոտից անհետացել են նրա գրպանում եղած հեռախոսի քարտը, բանալիները, ոսկյա մատանին, գումարը, երեխաների համար Սանկտ Պետերբուրգից բերված հագուստեղենն ու խաղալիքները: Նշենք, որ հանցագործության ժամանակ տանն են եղել մեղադրյալի հարազատները եւ, ըստ տուժող կողմի, հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, սակայն, չգիտես ինչու, ամբաստանյալի աթոռին է հայտնվել միայն մեկը: «Որդիս ժամանել էր ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից՝ իր երեխաներին տեսության, մեկ տարվա մեջ երրորդ անգամ»,- պատմում է Ն. Միսակյանը: Սակայն ուշադրության արժանի է այն, որ իրեղեն ապացույցների մեջ գործի նյութերից բացակայել են նշված իրերը: «Որդիս Սանկտ Պետերբուրգի բազմահազար հայ համայնքի պարծանքն էր: Տեղի պետհամալսարանի համաշխարհային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտն էր, դոկտորանտ: Նրա գիտական թեզերը եւ բազմաթիվ գիտական աշխատությունները, որոնք տպագրված են եվրոպական ճանաչված ամսագրերում, նվիրված են Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- հավելում է հայրը:

Ոճրագործությունից անմիջապես հետո աներոջ տանը, որը գտնվում է Վաղարշապատի ոստիկանության շենքի հարեւանությամբ, հայտնվել է քրեական ոստիկանությունը: Տուժող կողմի տեղեկացմամբ (ինչը ասվել է նաեւ դատական նիստի ժամանակ), «ընթերակաները եղել են աներոջ ընկերները: Կեղծվել է դեպքի իրական վայրը, վերացվել են դեպքի վայրի հետքերը եւ այդ ամենն իրավապահների կողմից արվել է շահադիտական նպատակներով»,- մեզ հետ զրույցում ասաց որդեկորույս Ն. Միսակյանը: Ի դեպ, «Առավոտի» տրամադրության տակ գտնվող մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ «ամուսնալուծվելուց հետո» Մանուկի ընտանիքը գտնվել է աներոջ տանը: Մինչդեռ նրանք ամուսնալուծված չեն եղել: Մեղադրականում նշված է, որ ամբաստանյալ Սեւակ Թովմասյանը միայնակ դուրս է եկել փողոց, որտեղ էլ վիճաբանել է փեսայի հետ: Սակայն, ըստ ցուցմունքների, Թովմասյանը երբեք էլ փողոց դուրս չի եկել, եւ նրան փողոցում ոչ ոք չի տեսել: Նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ փողոցում կայանված մեքենայում Մանուկին էին սպասում նրան օդանավակայանից դիմավորած ընկերները: «Դանակահարությունը եղել է տան ներսում, ուր որդիս հասցրել է լինել 10-15 րոպե»,- ասում է հայրը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ժամանակին օգնություն չի ցուցաբերվել որդուն եւ որ ականատեսները կարող էին կանխել սպանությունը: Հանցագործի մոտ եղել է նաեւ գազային ատրճանակ, որով էլ նա սպառնացել է կրակել: Ըստ մեղադրյալի, դանակն իբր պատկանել է Մ. Միսակյանին, ինչը անհավանական է, քանի որ օդանավակայանում նա ստուգում էր անցել եւ ընդհանրապես, երեխաներին տեսակցության եկող հոր իրերի մեջ, խաղալիքների կողքին անհավանական էր դանակի գոյությունը: Իսկ երբ տեսավ, որ իր առաջ քաշած վարկածը համոզիչ չի, չի ապացուցվում, դատարանում ընտրել է հանգուցյալին անվանարկելու մարտավարություն, ստեղծելով «հոգեկան հուզմունքի պահին կատարվածի» իմիտացիա, հույսը դնելով դատահոգեբույժների եւ դատահոգեբանների վրա:…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել