«Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք բ․գ․դ․, Սանկտ Պետերբուրգի Վ. Ա. Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ռոբոտացված վիրաբուժության կենտրոնի ղեկավար, ուրոլոգիայի ամբիոնի վարիչ՝ ռոբոտացված վիրաբուժության դասընթացով և կլինիկայով, Ի. Պ. Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր, Ուֆայի, Բաշկիրիայի համալսարանների պատվավոր պրոֆեսոր, ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, ամերիկյան, եվրոպական, ռուսական, հայկական ուրոլոգիական ասոցիացիաների անդամ, Վրաստանի օնկոուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր անդամ, բազմաթիվ գիտական հրապարակումների, մի շարք նորարարությունների ու գյուտերի, մասնավորապես մոտ 21 բժշկական գործիքների արտոնագրի հեղինակ Միխայիլ (Մկրտիչ) Մոսոյանի հետ, որը տարեսկզբին Հայաստանում առաջին ռոբոտիկ վիրահատությունները կատարեց՝ արմատական պրոստատէկտոմիա (շագանակագեղձի ամբողջական հեռացում) և ռեկոնստրուկտիվ վիրահատություն երիտասարդ կնոջ միզածորանային-կոնքային հատվածում։
Բժիշկ Մոսոյանի հետ մեր զրույցը սկսվեց Ջավախքից, և դա շատ բնական է այդ կողմերի մարդկանց համար, որոնք, ինչպես բնութագրեց բժիշկը, մի փոքր խստաշունչ, բայց և ազնիվ ու շիտակ են։ Այդպես շիտակ ու անկեղծ էլ մեր զրույցն է ստացվել, որի ընթացքում բժիշկը նշում է, որ վիրաբուժական բոլոր ռոբոտներն էլ իրենց բնավորությունն ունեն, իսկ Հայաստանինը, որով նաև իր այս կարճատև արձակուրդի ընթացքում է վիրահատություններ կատարել, նման է Ջավախքի աղջիկներին՝ մի քիչ резвый է․․․ Ասում է բժիշկն ու փորձում լավագույնս հայերենով բնութագրել՝ կայտառ է, եռանդուն, բայց և հեզաճկուն, մի խոսքով՝ «Նաիրյան դալար աղջիկ»․․․
Իսկ ես լսում եմ ու մտածում, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ պրոֆեսոր Մոսոյանը կարող է տարբերակել ռոբոտների անգամ բնավորությունը։ Մեր ընթերցողների համար մանրամասնեմ, որ Միխայիլ (Մկրտիչ) Մոսոյանը Ռուսաստանում ռոբոտային վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկն է, ինչպես նաև Da Vinci Intuitive surgical-ի պաշտոնական փորձագետն՝ այդ երկրում։
Կարդացեք նաև
–Բժիշկ Մոսոյան, ինձ հետաքրքիր է հենց ձեր կարծիքը լսել, թե հայտնի առավելություններից զատ (3D, 3-րդ ձեռքի հնարավորություն, ճշգրտություն, արդյունավետություն, արագ վերականգնման հնարավորություն և այլն) ի՞նչ տվեց ռոբոտիկ վիրաբուժությունը բժշկությանը։
-Կարող ենք անկեղծ լինել՝ ռոբոտային վիրաբուժությունը, որը էնդո, վիդեո վիրաբուժության շարունակությունն է, առաջին հերթին դեմոկրատիա բերեց վիրաբուժության մեջ՝ հնարավորություն տալով բոլորին, անգամ ոչ բժիշկներին, տեսնելու, թե ինչ է անում վիրաբույժը, ինչպես, ասենք, հանրային դատավարության ժամանակ։
Նախկինում, երբ մենք էինք սովորում, և երբ պրոֆեսորը գալիս էր վիրահատելու, մի 10-15 հոգով նրա ետևում կանգնում էինք ու, ճիշտն ասած, ոչ մի բան չինք տեսնում, ու եթե հիվանդը բուժվում էր, ասում էին՝ մենք մեծ պրոֆեսոր ունենք, եթե բարդություններ էին լինում, ասում էին՝ դե, ինչ անենք, պատահում է, նույնիսկ պրոֆեսորը չկարողացավ փրկել նրան։
Ռոբոտային վիրաբուժությունը առաջին հերթին դեմոկրատիա բերեց վիրաբուժության մեջ։
Ռոբոտիկ վիրաբուժության բերած դեմոկրատիան շատ հետաքրքիր է, քանի որ ռեալ աշխատում է՝ հնարավորություն տալով մարդուն իրեն իսկապես դրսևորելու, առավել ևս՝ տաղանդավոր մարդուն, թեև ասեմ՝ ես ինքս ինձ երբեք տաղանդավոր չեմ համարել… Այլապես ինչպե՞ս կարող էր Ջավախքի փոքրիկ (Ծղալթբիլա, այժմ՝ Նորշեն՝ բժիշկ Մոսոյանի ծննդավայրը՝ խմբ․) գյուղից սերված հասարակ, համեստ մարդն այլ երկրում, ձեր ասածի նման, առաջիններից մեկը դառնալ, հավանականությունն ավելի քիչ կլիներ։
-Մենք ռոբոտներին անպայման կվերադառնանք, բայց այստեղ չեմ կարող չհարցնել՝ եթե այժմ ձեր առջև կանգնած լիներ մի երիտասարդ՝ գուցե հենց ձեր հայրենի Նորշենից եկած ու ձեզ խնդրեր նրան հաջողության բանաձևեր տալ, ի՞նչ խորհուրդներ կտայիք։
– Իմ կարծիքով, հաջողություն ունենալու համար պետք է սովորել իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալ․ ես սա ասում եմ իմ երեխաներին, ուսանողներին, իմ թիմի անդամներին, բժիշկներին։ Երբ տվեցիք օբյեկտիվ գնահատական ու իրավիճակը ճիշտ գնահատեցիք, արդեն մնում է հերթականությամբ գործն անելը։ Եթե դու իսկապես տաղանդավոր ես, քեզ երկու բան է հարկավոր հաջողության համար․ առաջինը՝ մոտիվացիան, մեկ էլ՝ էնտուզիազմը, մեկն առանց մյուսի չի աշխատի։ Չնայած էստեղ կուզեմ ավելացնել, որ մոտիվացիան գուցե հնարավոր է, բայց էնտուզիազմն արհեստականորեն ունենալը շատ դժվար է։
-Բժիշկ Մոսոյան, ցավոք, մոտիվացիան ու էնտուզիազմը երբեմն պարտվում են արագ հաջողության հասնելու, գումար վաստակելու ցանկությանը։ Ու ձեր՝ մասնավորապես ռոբոտիկ վիրաբուժության մեջ կայանալու ճանապարհը, կարծում եմ, այս առումով շատ ոգեշնչող կարող է լինել։
– Գիտեք, իմ օրինակը շատ հետաքրքիր է եղել․ ոչ թե ուզել եմ այդպես ի սկզբանե, այլ ստացվել է, որ ես, լինելով ֆինանսապես լիովին ինքնաբավ, արդեն կայացած բժիշկ, վիրաբույժ, գիտությունների թեկնածու, զրոյից սկսել եմ ռոբոտիկ վիրաբույժ դառնալ։
Դա և՛ ամենահետաքրքիրն էր, և՛ ամենադժվարը, քանի որ արդեն իսկ հնարավորություններ ունենալով հանդերձ՝ մոտիվացրել եմ ինձ՝ նորից սկսելու ու ավելի մեծ բարձունքների հասնելու համար։
Մի չեխ պրոֆեսոր ունենք՝ Յան Շրամլը, որը 2009 թ․-ի նոյեմբերին Պետերբուրգ եկավ՝ մեր կլինիկայում ռոբոտով առաջին վիրահատությունն անելու, մինչ այդ ես արդեն վերապատրաստվել էի այլ երկրներում՝ նաև Ֆրանսիայում, Ստրասբուրգի համալսարանի հավաստագիր ունեի։
Առաջին վիրահատությունը նկարահանվեց, լուրերով լայնորեն լուսաբանվեց, քանի որ մեծ իրադարձություն էր ողջ Ռուսաստանի մասշտաբով, սակայն այնպես ստացվեց, որ երկրորդ վիրահատության ժամանակ պրոֆեսորի հետ միայն ես մնացի և հիվանդին վիրահատելիս մի քանի գործողություններ արեցի, որոնք անակնկալի բերեցին պրոֆեսորին, և նա իմ անունը կնքեց «միստր իմպրովիզացիա»։
Երբ նրան ճանապարհեցինք, երկրորդ օրը ես նամակ ստացա, որով պրոֆեսորն ինձ հրավիրում էր Չեխիա՝ առաջին անգամ անվճար սովորելու։ Իսկ Չեխիայում սովորելն ինձ համար կարևոր էր, քանի որ Չեխիան ռոբոտիկ վիրաբուժության ամենազարգացած երկրներից է․ այդտեղ այս ուղղությունն ավելի շուտ է սկսել զարգանալ, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում։
Տարիներ անց, երբ մենք բավականին մտերմացել էինք, պրոֆեսոր Շրամլն ասում էր, թե որքան էր զարմացել, որ ես, լինելով կայացած թե՛ ֆինանսական տեսանկյունից, և թե՛ որպես վիրաբույժ, ինչպես էի աշակերտի նման սովորում։ Այնպես որ, եթե մարդը ցանկանա՝ հնարավոր է, թեև, կրկնում եմ՝ դա ինձ համար շատ դժվար է եղել․ ես, կարելի է ասել, ինձ «ջարդել» եմ՝ այդ արդյունքին հասնելու համար։
Այսօր, երբ մենք խոսում ենք մեր հաջողություններից, կարևոր է տեսնել, թե ինչքան ջանք է թաքնված դրանց ետևում։ Կարող եմ ասել, որ, օրինակ, միայն շագանակագեղձի ու միզափամփուշտի սահմանը տեսնելու համար ես երեք-չորս անգամ արտասահման եմ մեկնել, և այսօր էլ՝ գնում եմ եվրոպական, ամերիկյան ասոցիացիաների բոլոր ժողովներին՝ նոր բան սովորելու կամ համոզվելու համար, որ այդ նոր բանը պետք չէ անել։
–Բժիշկ Մոսոյան, իրոք որ, մարդիկ սովորաբար հաջողության պատմություններում միայն ուրախ պահերն են տեսնում, այնինչ հաջողության ցանկացած ճանապարհ լի է տարատեսակ խութերով։ Թերևս պատահական չէր, որ մեր զրույցի սկզբում կարևորեցիք ռոբոտիկ վիրաբուժության բերած դեմոկրատիան։ Դա ինձ հիմքեր է տալիս ենթադրելու, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի տրվել ձեզ։
-Իհարկե, դժվարություններ էլ են շատ եղել։ Ամեն բանն իր պատմությունն ունի․ երբ բաց վիրահատություններ սկսեցի անել, անգամ իմ բաժնի վարիչը սկզբում չթողեց ինձ վիրահատել՝ մտածելով, որ իր տեղը կգրավեմ, հետո էնդոսկոպիայով չէին թողնում աշխատել՝ ասելով, որ կջարդենք սարքերը, լապորասկոպիայի համար էլ ես ու ընկերս մեր կլինիկայում մի հատուկ արկղ էինք սարքել, որի վրա պարապում էինք, ու այդպես առաջ գնացի, ամեն բան հաղթահարեցինք։
-Ամեն բան հաղթահարեցիք ու ձեր թիմով Ռուսաստանում առաջինը կատարեցիք երիկամի ռեզեկցիա՝ Da Vinci ռոբոտի միջոցով, առաջիններից մեկը՝ ռոբոտացված արմատական նեֆրեկտոմիա, արմատական պրոստատէկտոմիա և բազմաթիվ այլ վիրահատություններ իրականացրեցիք առաջին անգամ ամբողջ Ռուսաստանի ու ԱՊՀ նախկին երկրների մասշտաբով։
-Մի բան էլ ես ավելացնեմ՝ 2 տարի առաջ Սանկտ Պետերբուրգում մենք վիրահատեցինք մի հիվանդի, որի սիրտը փոխպատվաստված էր։ Նրան հաջողությամբ երիկամի մասնահատում (ռեզեկցիա) կատարեցինք՝ հեռացնելով ուռուցքը։ Եվ երբ ուզում էինք այդ դեպքը հրապարակել, որոնման ժամանակ աշխարհում նման դեպքով այդպիսի վիրահատության մասին որևէ հրապարակում չգտանք, ինչը մեզ համար անակնկալ էր, և դա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մենք աշխարհում առաջինն ենք, որը փոխպատվաստված սրտով մարդու երիկամի մասնահատում է իրականացրել ռոբոտով։ Համենայնդեպս մենք առաջինն ենք, որն այդ դեպքով հրապարակում է կատարել։
Մենք աշխարհում առաջինն ենք, որը փոխպատվաստված սրտով մարդու երիկամի մասնահատում է իրականացրել ռոբոտով։
-Բժիշկ Մոսոյան, եթե չեմ սխալվում՝ Դուք նաև աշխարհում առաջիններից ենք, որը փոխպատվաստված սրտով մարդու շագանակագեղձի վիրահատություն է կատարել, և երբ հասարակ մարդը մտորում է այսպիսի բաների մասին, միայն կարող է պատկերացնել, թե ամեն անգամ ինչի միջով է անցնում վիրաբույժը՝ մարդկային կյանքերի հետ նման անմիջական առնչություն ունենալով․․․ Դուք ինչպե՞ս կբնորոշեք ձեր աշխատանքը։
-Լավ վիրաբույժ լինելը, ճիշտն ասած, շատ դժվար է․ դու աշխատում ես ամեն անգամ՝ առանց սխալվելու իրավունքի, քանի որ մեր սխալի գինը շատ-շատ մեծ է։ Մի լավ դերձակ ունեմ, վերջերս իտալիական ընտիր որակի կտոր բերեցի ու խնդրեցի նրան ինձ համար կոստյում կարել։ Վարպետը գուցե տրամադրություն չուներ, ու կոստյումը շատ ծուռ ստացվեց, բայց հետո նրան հնարավորություն տվեցինք, ու նա, լինելով տաղանդավոր մարդ, ամեն բան շտկեց։
Մեր դեպքում, ցավոք, այդպիսի հնարավորություններ չկան։ Վիրաբույժի աշխատանքը նման է օդաչուի աշխատանքին, որը նույնպես ամեն անգամ աշխատում է առանց սխալվելու իրավունքի, ու կապ չունի, որ մեկ շաբաթ առաջ հզոր կայծակի միջից փայլուն կերպով դուրս է հանել օդանավը, հաջորդ թռիչքը նա նորից պետք է իրականացնի իր ուժերի ամբողջական լարումով։
Այդպես և վիրաբույժը չի կարող մեկ անգամ ֆանտաստիկ վիրահատություն անել ու վերջ, նա պետք է մշտապես ապացուցի իր առավելությունը, և ռոբոտիկ վիրաբուժությունը նրան այդ հնարավորությունը տալիս է։
-Իսկ ի՞նչ է զգում մարդը, որը կյանքեր է փրկում։
-Ես հավատացյալ մարդ եմ, բայց մոլեռանդություն չեմ սիրում, և կարող եմ ասել, որ մենք չենք փրկում մարդկանց, մեզ Աստված հնարավորություն է տալիս օգնելու մարդուն, ինքն է փրկում, բայց՝ մեր ձեռքերով․․․ Ահա թե ինչու ամենադժվար վիրահատություններից առաջ անպայման զանգում եմ մամայիս, ու խնդրում, որ ինքն աղոթի։ Ու մի գաղտնիք էլ ասեմ՝ հրաժեշտից առաջ պետք է անպայման ասի՝ Աստված հետդ․․․
Եվ ես անկեղծ եմ ասում, որ շատ հաճախ են վիրահատության ժամանակ փոքր կամ մեծ հրաշքներ լինում։ Դրանցից մեկը ես պատմեցի Սուրբ Ղազար կղզում մեր վարդապետներից մեկին՝ Հայր Գեւորգին, և նա թույլտվություն խնդրեց այդ դեպքը պատմել նաև իր քարոզների ժամանակ։
-Կարո՞ղ եմ ես ևս խնդրել, որ մեր ընթերցողին էլ պատմեք։
-Ռոբոտով անոթային վիրահատություն էինք կատարում, որին, ի դեպ, պատահաբար ներկա էր նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրենը՝ Ասատուրը (Ասատրյան Ա․ Մ ․- խմբ․)։ Այնպես ստացվեց, որ վիրահատության ժամանակ ասեղը հանկարծ դուրս թռավ գործիքի միջից (վիրաբույժները կհասկանան՝ ես ինչ եմ ասում) ու կորավ որովայնում։ Նման դեպքերի համար անհրաժեշտ ստանդարտ բոլոր գործողությունները կատարվեցին թիմի կողմից, սակայն ապարդյուն, ասեղը չգտնվեց։ Վիրահատության տեսանկարահանման ուսումնասիրությունը ևս ոչ մի արդյունքի չբերեց․ ասեղը կարծես անհետացել էր․․․ Բայց վիրահատությունը կանգնեցնելն ու ժամանակ կորցնելը կարող էր ճակատագրական լինել պացիենտի համար։ Եվ իմ կողմից որոշում կայացվեց շարունակել այն։
Ամենահետաքրքիրը գիտե՞ք ինչն էր․ այդ ընթացքում ես հերթով հարցնում էի իմ թիմի անդամներին, թե նրանք Աստծուն հավատո՞ւմ են, թե՞ ոչ։ Իմ թիմում կան տարբեր հավատի մարդիկ՝ հայ առաքելական, կաթոլիկ, ուղղափառ քրիստոնյաներ, մահմեդական, հրեա և նաև մի ռուս տղա՝ Յակուտիայից, որն աթեիստ է․․․ Բոլորը հերթով պատասխանում էին՝ այո կամ ոչ, հետո էլ ինձ հարցրեցին՝ իսկ դուք հավատո՞ւմ եք, իսկ ես․․․ Ճիշտն ասած, այդ ողջ ժամանակ ես աղոթում էի․․․ Երբ վիրահատության վերջին փուլին հասանք, ես, չգիտես ինչու, առանց անհրաժեշտության ու, կարծես, ինձանից անկախ՝ գործիքն անոթի տակ մտցրեցի ու երբ դուրս հանեցի՝ կորած մասնիկը դրան կպած դուրս եկավ․․․ Ու այդ պահին նաև չեմ մոռանում Ասատուրի արձագանքը, որ ասաց․ «Մոսոյան, բայց ինչ արտիստն ես դու, ասեղի տեղը գիտեիր ու մեզ ուղղակի խոսեցնում էիր ․․․»։ Իսկ իրականում ես գաղափար անգամ չունեի, թե որտեղ է․․․ Դա ի՞նչ էր, եթե ոչ աստվածային միջամտություն․․․
Իհարկե, կուզեմ նաև նշել, որ այս հավատի հետ մեկտեղ ես խիստ ռեալիստ մարդ եմ, և ասածս չի նշանակում, որ պետք է միայն ձեռքերդ վերև բարձրացնես, որ Աստված քեզ օգնի, Աստված միշտ անողին է օգնում։
-Բժիշկ Մոսոյան, որքան ինձ հայտնի է, ամեն վիրաբույժ նաև իր նախապաշարմունքներն ունի։ Իսկ դո՞ւք։
-Ես վիրահատարանում երբեք կարմիր գուլպա չեմ հագնում, կարմիրն արյունահոսության նշան է։ Թեև հիմնականում վիրահատում եմ ոտաբոբիկ՝ ոտքերիս զգայունությունը մաքսիմալ պահպանելու համար, քանի որ ռոբոտի վրա նաև ոտքերով եմ աշխատում։ Գիտեք, ռոբոտով վիրահատելը շատ նման է երգեհոն նվագելուն, երբ ոտքերդ ու ձեռքերդ կարծես ինքնաբերաբար են աշխատում․ դա իրոք երաժշտություն արարելու պես մի բան է․․․
-Մեր զրույցից հետո ես տուն կվերադառնամ մի հաստատուն մտքով, որ ռոբոտիկ վիրաբուժությունն ավելին է, քան պարզապես տեխնոլոգիական առաջընթաց․․․
-Ավելին, ես ձեզ կասեմ մի բան, որն առաջին անգամ եմ բարձրաձայնում որևէ լրատվամիջոցի հետ շփվելիս։ Շատերը ռոբոտիկ վիրաբուժությունն ընդունում են որպես նոր տեխնոլոգիա, բայց այն նոր փիլիսոփայություն է։ Եվ շուտով, իմ կարծիքով, կլինի ռոբոտիկ վիրաբուժությունը՝ որպես նոր, առանձին մասնագիտություն, ինչպես անոթային և էնդովասկուլյար վիրաբուժությունը, և փորձված ռոբոտիկ վիրաբույժները նեղ մասնագետների հետ կկատարեն ցանկացած վիրահատություն։
Ես այդպիսի փորձ ունեցել եմ Ալմազովի կենտրոնում, երբ իմ գլուխը դարձել է շատ տաղանդավոր մի կարդիովիրաբույժի ձեռքերը, և ռոբոտի միջոցով կատարելով նրա հրահանգները՝ օգնել եմ նրան վիրահատել մի երիտասարդ տղայի սիրտը, և այս դեպքում ևս աշխատել են ռոբոտիկ վիրաբուժության դեմոկրատիան ու փիլիսոփայությունը։
Ռոբոտիկ վիրաբուժությունը նոր փիլիսոփայություն է։
-Բժիշկ Մոսոյան, իսկ ի՞նչ եք մտածում ապագայի բժշկության մասին, ինչպիսի՞ն եք այն տեսնում Հայաստանում։
-Ինձ ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի ապագայի բժշկությունը, որովհետեւ աշխարհի բժշկությունը առանց մեզ էլ կկայանա։ Ի դեպ, նշեմ, որ Հայաստանում բժշկությունը բավականին բարձր մակարդակի է՝ համեմատած ՀՀ տնտեսության հետ։ Իմ կարծիքով, Հայաստանում կան շատ բաներ, որոնք ուսանելի ոչ միայն ռուսների, այլև ամերիկացիների համար, սակայն նաև բաներ կան, որոնք ընդունելի չեն։
Հայաստանի լավ բժշկության համար, իհարկե, նախ պետք է օբյեկտիվ գնահատել իրավիճակը, և բժշկությանը չվերաբերվել որպես բիզնես։
Ես դա չեմ ընդունում, որովհետեւ բժշկությունն արվեստ է, իսկ եթե այն ընդունում ես որպես արհեստ, դու չես կարող այդ ոլորտում Արամ Խաչատրյան կամ Այվազովսկի դառնալ։
Հիմա արժեքահեն բժշկության, պացիենտակենտրոն ու անհատականացված վիրաբուժության ժամանակն է, որը պետք է աշխատի և՛ հիվանդի, և՛ պետության, և՛ հասարակության համար։ Նաև էստեղ կուզեմ կարևորել, որ բժշկությունը պետք է այնպես զարգանա, որ ոչ թե հիվանդին պետք է տանել տեխնոլոգիայի մոտ, այլ տեխնոլոգիան պետք է բերել հիվանդի մոտ։
Օրինակ՝ հիմա բոլորը կարող են ասել՝ ռոբոտիկ վիրաբուժություն կա այս կամ այն բժշկական կենտրոնում, ուրեմն եկեք գնանք միայն այնտեղ՝ ռոբոտով վիրահատվելու, սակայն եթե, ասենք, կոնկրետ պացիենտ X-ին վիրահատելու ամենալավ ձեւը ռոբոտն է, այն բերում են պացիենտ X-ի մոտ, բայց եթե այդ հիվանդին պետք է բաց վիրահատություն կամ էնդոսկոպիա, ուրեմն նրան դա՛ է պետք է անել, իսկ ռոբոտը կողքը կարող է կանգնած լինել։
-Հատկապես ինչո՞ւ է կարևոր ռոբոտիկ վիրաբուժության զարգացումը Հայաստանում։
-Եթե կողքից նայենք՝ ռոբոտիկ վիրաբուժությունը շատ թանկարժեք հաճույք է, բայց պետք չէ հաշվել ռոբոտիկ վիրաբուժության միայն գինն ու արդյունքը հենց վիրահատությունից հետո։
Դիտարկենք շագանակագեղձի ուռուցքի օրինակով։ Շագանակագեղձի ուռուցքը մեծ թվով տղամարդկանց մոտ 50 տարեկանից հետո հեռացվում է, և եթե դա արվում է տրադիցիոն ձեւով, ինչքան էլ անողը լավ վիրաբույժ լինի, մի քանի տարի հետո մեծ է հավանականությունը, որ վիրահատված մարդկանցից շատերը հաշմանդամություն կունենան՝ հետվիրահատական բարդություններ, անմիզապահություն և այլն։ Բայց եթե վիրահատությունն արվի ռոբոտով և ճիշտ արվի, այդ մարդը երկու ամիս անց կանցնի իր բնականոն կյանքին, նրա ընտանիքը չի քայքայվի, աշխատանքը կպահպանվի, կյանքի որակը չի տուժի, ու պետությունը ստիպված չի լինի հաշմանդամության հասած մարդու հոգսերը հոգալու՝ իր վրա մեծ բեռ վերցնելով, ավելին՝ մարդը, երկու ամիս անց վերադառնալով իր սովորական առօրյային, իր աշխատանքին, ինքը հարկեր կվճարի պետությանը։
Սա ռազմավարական մոտեցում է ու ռոբոտիկ վիրաբուժության փիլիսոփայությունը, և հիմա, երբ Հայաստան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն է բերվել այս ռոբոտը, որով արդեն մի շարք հաջող վիրահատություններ են կատարվել, այդ փիլիսոփայությունը սկսում է աշխատել, ու ես շատ ուրախ եմ, որ այդ գործում մենք էլ մեր լուման ունենք։
Եվ այստեղ կուզեմ նշել, և ինձ ճանաչողներն էլ կփաստեն, որ 10 տարուց ավելի է՝ ես երազում էի, որ ռոբոտիկ վիրաբուժությունը Հայաստանում ներդրվեր, ու մի քանի տարի առաջ, երբ Պետերբուրգում հանդիպեցինք առողջապահության նախարարի (Անահիտ Ավանեսյան՝ խմբ․) հետ, ես նրան ասացի իմ այդ երազանքի մասին։ Եվ այս տարի, երբ այստեղ կատարված առաջին ռոբոտիկ վիրահատության առիթով Անահիտ Ավանեսյանն այցելել էր «Աստղիկ» ԲԿ, նա ասաց ինձ ՝ տեսա՞ք, որ ձեր երազանքը կատարվեց․․․
-Կարո՞ղ եք նշել այն կարևոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ռոբոտային վիրաբուժության կայացման համար, և արդյոք այստեղի ռոբոտը զիջո՞ւմ է Դա Վինչիին։
-Այս ռոբոտները, որ Հայաստան են եկել, համարյա ոչ մի բանով չեն տարբերվում։ Իսկ որպեսզի ռոբոտիկ վիրաբուժության փիլիսոփայությունը այստեղ լիովին կայանա, պետք է այս 3 բաղադրիչներն էլ լինեն՝ նախ՝ տեխնոլոգիան, երկրորդը՝ թիմի սովորելն ու մասնագիտացումը ու երրորդը՝ ռոբոտի՝ բարձր մակարդակով սպասարկումը, որը ենթադրում է տեխնիկական մասնագետների, ինժեներների ներգրավվածություն։ Այս ստանդարտների պատշաճ մակարդակը պարտադիր է։ Ի տարբերություն ամերիկացիների, որոնք մեզ թերագնահատեցին ու չվաճառեցին իրենց ռոբոտը, չինացիները մեզ վստահեցին ու վաճառեցին, և, կարծում եմ, ժամանակը ցույց կտա, որ նրանք ճիշտ վարվեցին։
-Բժիշկ Մոսոյան, խնդրում եմ մի փոքր մանրամասնել հայաստանյան ձեր համագործակցությունների հետ կապված, որոնց թվում նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնն է։
-Ի դեպ, «Աստղիկ»- ը շատ ավելի լավն է, քան ես լսել էի ու մտածում էի։
– Ի՞նչ նկատի ունեք։
-Այստեղ ուղղակի հրաշալի, շիտակ հարաբերություններ են տնօրինության, ադմինիստրացիայի ու բժիշկների միջև։ Բժիշկներն ունեն ստեղծագործական ազատություն մասնավոր բժշկական կենտրոնում, դա ֆանտաստիկ, չտեսնված մի բան է։
Ինչ վերաբերվում է մյուս համագործակցություններին, ապա արդեն մոտ 10 տարի է՝ սերտ համագործակցություն կա պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ, որը ոչ միայն իմ լավ բարեկամն ու ընկերն է, այլև իր ոլորտի ինքնաբավ, լիարժեք ու կայացած փորձագետներից մեկը՝ միշտ պատրաստ նոր բան սովորելու և սովորեցնելու։
Մենք ջերմ փոխհարաբերություններ ունենք ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր, հրաշալի մասնագետ Արմեն Մուրադյանի, «Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արմեն Ավոյանի, և առհասարակ՝ բոլորի, բոլոր բժշկական կենտրոնների հետ, այդ թվում՝ Բժշկական համալսարանի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ,«Էրեբունի» բժշկական կենտրոնի, Միքայելյան հիվանդանոցի, Նաիրի բժշկական կենտրոնի, Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի և այլոց հետ։
Եթե չեմ սխալվում՝ Հայաստանի տարբեր ԲԿ-ներից մոտ 294 հիվանդ, հետազոտվելով այստեղ, վիրահատվել է մեզ մոտ՝ Ալմազովի կենտրոնում, որտեղ նրանց համար ռոբոտային վիրահատությունն իրականացվել է ամենամատչելի եղանակով։ Նրանցից շատերի հետվիրահատական հսկողությունն այժմ էլ իրականացվում է Հայաստանում՝ հայ բժիշկների կողմից։ Դա շատ կարևոր բան է։ Լինում են դեպքեր, երբ այստեղից մեզ մոտ՝ Պետերբուրգ են գալիս չթարգմանված՝ հայերեն փաստաթղթերով, և մեր տնօրենը՝ որպես հայամետ մարդ, ինձ իրավունք է տվել, որ ես թարգմանեմ ու ստորագրեմ այդ փաստաթղթերը։ Նշեմ, որ նաև, ի տարբերություն այլ երկրների, մենք ընդունում ենք այն հետազոտությունները, որոնք արվել են Հայաստանում։
-Իսկ ի՞նչ նոր նախագծերի ու գաղափարների վրա եք հիմա աշխատում։
-Առաջինն իմ ատլասն է, որը շուտով լույս է տեսնելու 3 հատորով․ այդ գրքում ես զետեղել եմ իմ՝ մոտ 3000 ռոբոտիկ վիրահատությունների փորձը, որպեսզի այն փոխանցեմ նոր սկսող վիրաբույժներին՝ մի փոքր կրճատելով նրանց համար այն ճանապարհը, որը ես շատ երկար եմ անցել։ Ատլասի ստեղծման հիմքում բոլորովին նոր սկզբունքներ են․ նախ՝ այնտեղ մենք կիսվում ենք մեր փորձով՝ ոչ թե միայն ներկայացնելով, թե ինչպես վիրահատել, ասենք, շագանակագեղձը կամ երիկամը, այլ թե ինչպես վիրահատել ձախ երիկամի ներքևի հատվածը ավելորդ քաշ ունեցող պացիենտի մոտ, կամ ինչպես վիրահատել բարձրահասակ մարդու աջ երիկամը, որի լյարդը մեծացած է։
Ատլասը հագեցած է լինելու տեսանյութերով, ինչպես նաև սովորողը հեղինակի հետ հետադարձ կապի հնարավորություն է ունենալու։ Մյուս փուլում մենք պետք է ունենանք հավելված, որը վիդեո տարբերակով թույլ կտա վիրահատողին հենց վիրահատության ժամանակ տեսնել, թե մենք ինչպես կանեինք տվյալ վիրահատությունը։
Որքան շատ եմ կիսվում բժշկության մեջ իմ գաղտնիքներով, արվեստով, այնքան շատ է տրվում ինձ վերևից, ու գեներացվում են նոր գաղափարներ։
Երկրորդը՝ իմ դպրոցի ստեղծումն է։ Վերջերս ես մրցանակ ստացա Ռուսաստանում ռոբոտիկ վիրաբուժության դպրոցի ստեղծման գործում նշանակալի ավանդի համար։ Այդ դպրոցի կայացումն ինձ համար շատ կարևոր է, քանի որ զգացել եմ, որ որքան շատ եմ կիսվում բժշկության մեջ իմ գաղտնիքներով, արվեստով, այնքան շատ է տրվում ինձ վերևից, ու գեներացվում են նոր գաղափարներ։
Հետո էլ, եթե մարդն իսկապես տաղանդավոր է, քեզ հետ, թե առանց քեզ, միևնույն է, նա կսովորի ու հաջողության կհասնի, բայց նրա հետ քո գիտելիքներով կիսվելով՝ դու հնարավորություն ես ստանում նրա ուսուցիչը համարվելու։ Դրա համար ի սկզբանե պետք է ընդունել խաղի կանոնները, որ ջահելները մեզանից առաջ պիտի անցնեն, ու դա օրինաչափ է՝ պետք չէ դրան դիմադրել։ Ես՝ որպես ուրոլոգ կասեմ՝ քամու դիմաց միզելը սխալ բան է։
Իսկ Հայաստանի հետ կապված՝ մենք այժմ քննարկումներ ենք անցկացնում ԵՊԲՀ-ում ռոբոտիկ վիրաբուժության ուսուցանման ծրագիրը ներդնելու ուղղությամբ, որը լուրջ հեռանկարներ կբացի ինչպես գիտության զարգացման, այնպես էլ ուսանողների կրթության համար՝ հնարավորություն տալով նրանց ավելի քիչ ջանքեր ու միջոցներ ծախսելով՝ օգտվել այն լրջագույն փորձից, որն ունենք մենք։
Այնպես որ, սովորել, սովորեցնել ու էլի սովորել, և, իհարկե, ցանկացած ժամանակ օբյեկտիվ գնահատել իրավիճակը։
– Եվ վերջին հարցս, բժիշկ ջան, ձեր բազմաթիվ պացիենտների մասին է լինելու․ արդյոք նրանք մնո՞ւմ են ձեր հիշողության մեջ․․․
-Այո, անշուշտ․․․ Ես չգիտեմ ուրիշ որևէ մեկ այլ մասնագիտություն, որն այդքան մոտ է մարդու անձնական տարածքին։ Դրա համար հիվանդները, հատկապես տաղանդավոր մարդիկ, երբ գալիս են քեզ մոտ, այնպես են բացվում, որ դու այլ տարբերակ չես ունենում, քան նրանց խորապես հասկանալը։
Իմ պացիենտներից ես շատ բան եմ սովորել․ նրանց թվում շատ տաղանդավոր, խելացի մարդիկ են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մինչև Ֆորբսի առաջին հորիզոնականները զբաղեցնող անձինք, գեներալներ, հերոսներ, արվեստագետներ։ Ու նրանցից շատերն ընդմիշտ մնալու են իմ հիշողության մեջ։
Հենց այս պահին պատմում եմ ձեզ ու հիշում մի աշխարհահռչակ դիրիժորի՝ Յուրի Տիմերկանովի մասին, որն ուռուցքով հիվանդ էր։ Հիվանդանոցում ինձ հայտնեցին, թե մաեստրոն հրաժարվում է ուտելիքից։ Ես նրա կողքը նստեցի ու հարցրեցի․ «Մաեստրո, երբ փոքր էիք՝ ձեր մամայի եփած ամենասիրելի կերակուրը ո՞րն էր»,- ու նա պատասխանեց․ «Ոչխարի մսով ապուր էր սարքում»։ Հարցրեցի՝ կցանկանա՞ք ձեզ համար հայկական ռեստորանից պատվիրեմ այդ ուտեստից։ Ասաց, որ մեծ հաճույքով, ու իսկապես՝ ճաշակեց մեծ հաճույքով․․․ Մի օր էլ ես իմ մամայի մասին պատմեցի նրան, նրա համար միացրեցի «Դլե Յամանը»՝ մամայիս կատարմամբ, և այդ տաղանդավոր մարդու աչքերում արցունքներ հայտնվեցին․ «Թեև շատ տխուր է ձեր հայկական երգը, բայց ինչ անուշ ու խորաթափանց ձայն ունի ձեր մաման»․ այսպես արձագանքեց մաեստրոն։
Մեր վերջին հանդիպման ժամանակ ես նրան ասացի․ «Ցտեսություն, մաեստրո, ես գնում եմ վիրահատության ու շուտով կվերադառնամ»։ Նա, կարծես զգալով, որ դա մեր վերջին հանդիպումն է, պատասխանեց ինձ․ «Մնաք բարով, պրոֆեսոր, մնաք բարով․․․»։ Երբ վերադարձա, նա մահացել էր արդեն․․․
Գիտե՞ք, որքան էլ մեր մասնագիտությունը դժվար է, այնքան լավ բաներ է այն մեզ տալիս, որոնք բացարձակապես գերակշռում են ամեն մի խնդրի, բարդության նկատմամբ։ Դու շատ տալիս ես, բայց նաև ստանում ես շատ՝ դառնալով գործիք Աստծո ձեռքին՝ լավ գործեր անելու համար․․․
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
































































