Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Փարիզ խորհրդավոր գործարք՝ Մակրոնի պատմական քայլից հետո

Մայիս 06,2026 11:00 Share

Մակրոնի պատմական որոշումը

Գլոբալ աշխարհաքաղաքական անկայունության, միջուկային սպառնալիքների խոսակցությունների պայմաններում գլխավոր խաղացող պետությունների առաջնորդների ելույթներում գործածվող բառապաշարում գերիշխում են հնարավոր միջուկային պատերազմի, աշխարհաքաղաքական անորոշության, անվտանգային համակարգի փլուզման մասին ելույթները։ ԵՄ-ում ավելի ու ավելի հաճախ են սկսել բարձրաձայնել միասնաբար հնարավոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության մասին։ Այս իրավիճակում, փոխվել է այսօրվա Ֆրանսիայի դերակատարումն ու ազդեցությունն առհասարակ. Փարիզը հանդես է գալիս նոր տեսլականով ու հավակնություններով։

Դեռեւս անցյալ տարվա աշնանը պարզ դարձավ, որ ֆրանսիական իշխանություններն աշխատում են երկրի միջուկային դոկտրինի թարմացման ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այդ մասին հայտարարեց գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում. «Ֆրանսիական միջուկային հովանոցը գոյություն ունի։ Ես ներկայումս աշխատում եմ մեր դոկտրինի թարմացման ուղղությամբ եւ կցանկանայի ավելի խորացնել ռազմավարական երկխոսությունն այն եվրոպացիների հետ, ովքեր ցանկանում են դա»։

Մակրոնը հայտնեց, որ 2026թ. սկզբին ելույթ կունենա միջուկային դոկտրինի վերաբերյալ։

Եվ արդեն այս տարվա մարտի 2-ին պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Մինչ գոյություն ունեին կանխատեսումներ, թե Ֆրանսիան միջուկային մարտագլխիկների կրճատման կգնա, տեղի ունեցավ հակառակը։

Այդ օրը Մակրոնը հանդես եկավ պատմական ելույթով՝ հայտարարելով Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի միջուկային ուժերի ավելացման մասին։ Ուշագրավ է, որ պաշտոնական Փարիզն այլեւս չի հրապարակելու իր զինանոցի հստակ չափը։ Այդ որոշման արդյունքում Ֆրանսիան կարող է իր միջուկային զենք կրող օդանավերը ժամանակավոր տեղակայել դաշնակից երկրներում։

(դիտել թողարկման՝ 38-ից 50-րդ րոպեները)

Այսինքն, աշխարհում անկայունության, ԱՄՆ-ի նկատմամբ «միջուկային հովանու» ապագայի հանդեպ ԵՄ-ի մտավախությունների պայմաններում, բացի այն, որ ԵՄ-ում լրջորեն մտածում են սեփական պաշտպանության մասին, Ֆրանսիան էլ իր հերթին առաջին էական քայլն իրականացրեց։ «Այս վտանգավոր եւ անկայուն աշխարհում ազատ լինելու համար պետք է, որ մեզնից վախենան։ Իսկ որպեսզի մեզնից վախենան, մենք պետք է հզոր լինենք», նշեց Մակրոնը իր ելույթում։

Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ Ֆրանսիան տասնամյակների ընթացքում առաջին անգամ որոշել է մեծացնել իր միջուկային զինանոցի չափը եւ ամրապնդել իր միջուկային զսպման դոկտրինը։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական խառնաշփոթ ժամանակաշրջանին՝ Մակրոնը նկատեց, որ գլոբալ լարվածության աճը եւ միջուկային շեմը հատող հակամարտությունների հնարավորությունը ստիպել են Ֆրանսիային խստացնել իր զսպման մոդելը, եւ որ Փարիզի որոշման նպատակն է՝ ամրապնդել ազգային անվտանգությունը եւ պահպանել Ֆրանսիայի զսպման դերը աճող սպառնալիքների դեմ։

Ի դեպ, օրերս Մոսկվան արձագանքեց միջուկային մարտագլխիկների քանակը մեծացնելու Ֆրանսիայի ծրագրին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ի պատասխան Ֆրանսիայի միջուկային մարտագլխիկների քանակը մեծացնելու ծրագրի վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի քայլին, նկատել է, թե այդ հայտարարությունները բնույթով անկայունացնող են. «Ֆրանսիայի այս գործողությունը նշանակում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության ընդհանուր միջուկային հզորության մեծացում», ասել է Գրուշկոն՝ հավելելով. «Եթե միջուկային զենքի վերահսկողության վերաբերյալ բանակցություններ սկսվեն, պետք է հաշվի առնվի ՆԱՏՕ-ի համակցված միջուկային հզորությունը»։

ՌԴ փոխարտգործնախարարը, նշելով, որ ՆԱՏՕ-ի երկրների միջուկային հզորությունների անվերահսկելի աճը պահանջում է, որ Մոսկվան ուշադիր քննարկի այս հարցը իր ռազմական զարգացման եւ պլանավորման մեջ, հավելել է. «Լոնդոնի եւ Փարիզի վերջին հայտարարությունները իրենց միջուկային զինանոցների մասին նույնպես արվում են Եվրոպայի լայնածավալ ռազմականացման համատեքստում»։ Իսկ անդրադառնալով միջուկային դոկտրինին, որը մարտի 2-ին հրապարակեց նախագահ Մակրոնը, Գրուշկոն նկատել էր. «Բավականին պարզ է, թե ում են ուղղված Փարիզի միջուկային հռետորաբանությունը եւ այս առումով գործնական գործողությունները»։

Փարիզը կրկին արձանագրեց՝ «Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»

Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն արդեն վաղուց միայն բարեկամական չեն, դրանք հասել են բոլորովին այլ մակարդակի. Երեւանն ու Փարիզը շեշտում են ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդման, ընդգծում են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին եւ այդ ուղղություններով կոնկրետ քայլեր են իրականացնում։

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ընդգծեց. «Սա առիթ է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու Ֆրանսիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ֆրանսիացիների եւ հայերի միջեւ գոյություն ունեցող անքակտելի կապը»։

Բավական խոսուն էր Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի խոսքը։

Նա այդ օրը ելույթ էր ունեցել Մարսելում, ընդգծել Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Լըկորնյուի խոսքով՝ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ հոգում պահել նրա հիշատակը։ Նա ընդգծել էր, որ ավելի քան 58,000 հայ փախստականներ են ժամանել Մարսելի նավահանգիստ, իսկ նրանց զավակները շարունակում են ապրել այնտեղ։ Ֆրանսիայում հայ համայնքը շատ կարեւոր է, եւ նրանք արդեն աշխատում են երկրի բարձրագույն մակարդակներում՝ իրենց վճռականությամբ, խիզախությամբ ու էթիկայով։ Ֆրանսիայի վարչապետը շեշտել էր, որ Հայոց ցեղասպանության վերապրած երեխաները շարունակում են ապրեցնել իրենց ժողովրդի հիշատակը, իսկ հայերն ու ֆրանսիացիները միասին են անցել համատեղ դժվարություններ՝ ամուր բարեկամություն հաստատելով։

Այնուհետեւ նա ընդգծել էր, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ ռազմական տեսանկյունից։ «Հայաստանը գոյատեւել է եւ կգոյատեւի։ Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Բարեկամ երկրի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին՝ դիվանագիտական, արդեն նաեւ ռազմական առումով։ Ֆրանսիական զենքերը կանոնավոր կերպով ուղարկվում են ՀՀ, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ֆրանսիան անընդհատ տրամադրում է զենքեր Հայաստանին՝ ապահովելու նրա ինքնապաշտպանությունը, իսկ ֆրանսիացի զինվորներն օգնում են հայկական բանակին»։ Նա նաեւ շեշտել էր, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ոչ միայն բարեկամության, այլեւ պատմական կապերի արդյունք է՝ երկու երկրների միջեւ հազարամյակների պատմություն ու միություն կա։

Ի դեպ, Ֆրանսիան վերջերս ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ողջ մեր տարածաշրջանի գործընթացներին է ուշադրությամբ հետեւում։

Մի քանի շաբաթ առաջ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նշվեց, որ նրանք քննարկել են նաեւ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու հնարավորությունը։ Մակրոնը X-ում մանրամասներ հայտնեց Էրդողանի հետ քննարկումների մասին՝ գրելով. «Ես հաստատեցի, մասնավորապես՝ մայիսի 4-ին Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախօրեին, Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, որը պետք է նոր գլուխ բացի տարածաշրջանի համար՝ բաց սահմաններով եւ ամրապնդված տարածաշրջանային համագործակցությամբ»։

 Խորհրդավոր գործարք՝ ֆրանսիական «Safran Electronics & Defense»-ի հետ

Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցության հարցում մարտի վերջին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում էր, որտեղ նախ «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում նա հանդիպեց պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում էր, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր։

Իսկ մարտի 27-ին Պապիկյանը հանդիպեց ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ։ Այս հանդիպման առնչությամբ ՀՀ ՊՆ-ից հաղորդվեց ընդամենը մեկ նախադասություն. «Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր»։

Հայտնի է, որ նույն օրը Պապիկյանը հանդիպել էր Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ, որին ներկայացրել էր «նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար»։ Նշվեց նաեւ. «Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը, մասնավորապես, կարեւորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը եւ ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»։

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ մարտի 27-ին Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ, եւ Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն էր տեղի ունեցել։

Վերոնշյալ պաշտոնական հաղորդագրությունների համատեքստում խիստ ուշագրավ էր, սակայն, ՊՆ-ի հենց այդ «սակավախոս» հաղորդագրությունը՝ «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Զիգլերի հետ հանդիպման եւ ստորագրված պայմանագրի փաստի առնչությամբ։

Ի՞նչ է հայտնի «Safran Electronics & Defense» ընկերության մասին։ Այն ֆրանսիական բարձր տեխնոլոգիական ընկերություն է, որը գործում է օդատիեզերական, պաշտպանական եւ տիեզերական ոլորտներում, հանդիսանում է Safran Group-ի բաղկացուցիչներից մեկը։

Բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը ստեղծվել է 2005 թ. (նախկինում՝ Sagem Défense Sécurité), գործում է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում։ Ընկերությունը մշակում է համակարգեր, որոնք կիրառվում են ցամաքում, ծովում, օդում եւ տիեզերքում։ Մասնավորապես՝ ինֆրակարմիր տեսախցիկներ, տեսադիտարկման համակարգեր, թիրախավորման եւ դիտարկման սարքեր, օրինակ՝ տանկերի, ուղղաթիռների համար, թռիչքների կառավարման համակարգեր՝ «իներտիալ նավիգացիա», այսինքն՝ GPS-ից անկախ գործող, օդանավերի տվյալների համակարգեր։ Նաեւ ստեղծում է պաշտպանական համակարգեր՝ ԱԹՍ-ներ, զինատեսակների ուղղորդման տեխնոլոգիաներ, տիեզերական տեխնոլոգիաներ, արբանյակների համար բարձր ճշգրտության օպտիկա, տիեզերական հաղորդակցության եւ նավիգացիոն համակարգեր։

Ըստ տեղեկությունների՝ ընկերության հիմնական տեխնոլոգիական ուղղություններն են սենսորները, ռադարները, օպտիկան։ Բացի այդ, նաեւ տվյալների մշակումը, AI-ի կիրառումը, կիբերանվտանգությունը, ինչպես նաեւ համակարգերի ուղղորդումը՝ նավիգացիա, թռիչքների կառավարում, զենքերի ուղղորդում։ Այս ընկերությունը համարվում է Եվրոպայում առաջատարը «իներտիալ նավիգացիայի» համակարգերում, աշխարհում առաջատարներից է տիեզերական օպտիկայի ոլորտում եւ կարեւոր դերակատարություն ունի պետությունների ռազմական եւ տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման գործում։

 «Safran Electronics & Defense»-ի հետ գործարքի քաղաքական եւ ռազմավարական նշանակությունը

Ֆրանսիան ՆԱՏՕ-ի առանցքային, միջուկային պետություն է, եւ Ֆրանսիայի հետ նման մակարդակի գործարքի կնքումը նշանակում է Հայաստանի դիվերսիֆիկացիա, արեւմտյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան։ Այս համագործակցությունը կարող է մասամբ հավասարակշռել Ադրբեջանին մատակարարվող տեխնոլոգիաները, բարձրացնել Հայաստանի զսպման կարողությունը։

Ստորագրված հայ-ֆրանսիական պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ոչ թե կոնկրետ մեկ ճյուղի կամ արտադրանքի, այլ՝ բարձր տեխնոլոգիական համակարգերի փաթեթի, որը կարող է ներառել հետախուզություն, նավիգացիա, ԱԹՍ-ների կիրառում։

Այսինքն՝ Հայաստանի կարիքներին համահունչ Safran Electronics & Defense-ի օգնությամբ կարող են զարգանալ տարբեր ուղղություններ, հետեւաբար սա երկարաժամկետ տեխնոլոգիական համագործակցության սկիզբ է, որը կարող է հանգեցնել նաեւ համատեղ արտադրության, տեխնոլոգիայի փոխանցման, նոր պայմանագրերի ընդունման։

Ահա, այս գործընթացներից շաբաթներ անց հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանում է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակներում երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրվի, դեռեւս ապրիլի 22-ին հայտնել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Վ.Կոստանյանը։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031