Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ՝ 80 ԱՍՏՂԱԴԻՏԱԿՈՎ

Ապրիլ 04,2009 00:00 Share

Տիեզերադիտման 24 ժամ

\"\"«Առավոտն» արդեն անդրադարձել է Աստղագիտության միջազգային տարվա (ԱՄՏ) շրջանակներում անցկացվող եւ անցկացվելիք միջոցառումների ծրագրին (03.03.09, «Պատուհան դեպի տիեզերք»): Հերթական մեծածավալ միջոցառումը կայացավ երեկ: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում ԱՄՏ ծրագրերի համակարգող Արեգ Միքայելյանը՝ «Աշխարհի շուրջ՝ 80 աստղադիտակով» խորհրդանշական անունով միջոցառումն սկսվել է ապրիլի 3-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 9-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 4-ի առավոտյան ժամը 9-ը. «Այդ ընթացքում, 24 ժամ շարունակ կայացավ (կայանում է) Համաշխարհային համացանցային հեռարձակում, որին մասնակցում էր 80 աստղադիտակ՝ աշխարհի տարբեր երկրներում. տարբեր աշխարհագրական երկայնությունների վրա, տարբեր միջօրեականների վրա տեղադրված դիտակները մասնակցեցին հերթով: Առաջին անգամ էր այսպիսի բան արվում, եւ շատերի կարծիքով՝ աստղագիտության պատմության մեջ ամենամեծ իրադարձությունն է՝ թե իր ծավալներով, թե մասնակիցների քանակով: Ավելի քան 1 մլն մարդ է ողջ աշխարհում մասնակցում այս ակցիային: Դիտումները սկսվել են Հավայան կղզիների դիտակներից եւ, պտտվելով ողջ Երկրագնդով, այսօր առավոտյան, Գրինվիչի ժամանակով ժամը 9-ին՝ Երեւանի ժամանակով՝ 13-ին, ավարտվելու են Ամերիկայի արեւմտյան ափում՝ Պալոմարի աստղադիտարանում: Ակցիային մասնակցում են աշխարհի խոշորագույն բոլոր դիտակները՝ 10 մետրանոցից մինչեւ 2 մետրանոցները, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանի 2,6մ-անոց դիտակը: Հայաստանը միացել է ակցիային ապրիլի 3-ին, երեկոյան ժամը 20-22-ը: Մասնակցում են ոչ միայն Երկրի վրայի դիտակները, այլեւ տիեզերական դիտակներ՝ Հաբլի տիեզերական դիտակը, ռենտգենյան դիտակներ եւ այլն: 1500-ից ավելի իրադարձություն պետք է տեղի ունենա 130 երկրներում այդ 24 ժամվա ընթացքում՝ հանդիպումներ աստղագետների հետ, հրապարակային դասախոսություններ եւ այլն»:

Հետաքրքիր փաստեր Բյուրականի աստղադիտարանի…

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ.-ին՝ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ: Ինչպես պատմում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադից Հայաստան է եկել 1943-ին: Այդ ժամանակ Հայաստանում կար մի շատ փոքրիկ աստղադիտակ՝ ներկայիս գյուղակադեմիայի դիմացի այգում: Վ. Համբարձումյանն ընդամենը 35 տարեկան էր, բայց արդեն իսկ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող գիտնական էր: Վ. Համբարձումյանն աշխարհին հայտնի է առաջին աստղասփյուռների հայտնագործմամբ, ապա՝ գալակտիկաների միջուկների ակտիվության մասին վարկածով: «Աստղասփյուռ» բառն էլ է Համբարձումյանը ստեղծել: Աստղասփյուռն այն աստղերի խմբերն են, որտեղ կան երիտասարդ աստղեր: Համբարձումյանը ցույց տվեց, որ տիեզերքը կենդանի օրգանիզմ է, եւ այսօր էլ են աստղեր ծնվում»,- պատմում է պարոն Հարությունյանը:

1951-2008-ը Բյուրականում կազմակերպվել է 59 միջազգային գիտաժողով, այդ թվում՝ աստղագիտության բնագավառում ամենակարեւոր՝ Միջազգային աստղագիտական միության 4 գիտաժողով: 1971-ին կազմակերպվել է արտերկրյա քաղաքակրթության մասին խորհրդա-ամերիկյան գիտաժողով, որին մասնակցում էին տարբեր բնագավառների մի քանի նոբելյան մրցանակակիրներ, ու այդ գիտաժողովի շնորհիվ «այլմոլորակայինների» հարցը տեղափոխվեց գիտական մակարդակ:

Մի շարք կարեւոր միջազգային գիտաժողովներ էլ կազմակերպվել են արդեն անկախության տարիներին:

Բյուրականի աստղադիտարանի բազմաթիվ աստղադիտակների մեջ հետաքրքիր «կենսագրությամբ» առանձնանում է Շմիդտի դասի 1 մ տրամագծով դիտակը: Այդ դիտակը, ինչպես ներկայացրեց Հայկ Հարությունյանը, սկսվել է պատրաստվել 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ՝ Գերմանիայում: Հիտլերը մտադիր էր այս աստղադիտակը նվիրել Մուսոլինիին: Պատերազմից հետո կիսատ վիճակում աստղադիտակը տեղափոխվել է Լենինգրադ, մի քանի այլ՝ պատրաստի աստղադիտակների հետ: Սակայն Վիկտոր Համբարձումյանը հենց սա է ընտրել ու բերել Երեւան, եւ «հետաքրքիրն այն է, որ սա դարձավ ամենաարդյունավետ դիտակը: Այս դիտակի շնորհիվ շատ հայտնագործություններ արվեցին: Դիտակի բացումն արեց Նիկիտա Խրուշչովը՝ 1961-ին: Եվ այդ ժամանակ էլ հենց նա ստորագրեց Արփա-Սեւան թունելի շահագործման հրամանը»: Ճիշտ է, այսօր Շմիդտի դասի այս աստղադիտակը չի գործում, սակայն…«Դիտակները լինում են մեծ դաշտով եւ փոքր դաշտով: Սա մեծ դաշտով դիտակ է, միանգամից 10 հազարի չափ օբյեկտներ էինք ստանում եւ հետո, հատ-հատ նայելով, հայտնաբերում էինք այդ օբյեկտները: 80-ականների վերջին, երբ ՍՍՀՄ-ում ամեն ինչ փլուզվում էր, այլեւս չէին արտադրվում այս տեսակի դիտակների համար նախատեսված թիթեղներ: Պետք է դիտակը մոդեռնիզացվեր, շատ հանգույցներ փոխվեին: 2005-ին սկսվեց վերականգնումը, փոխվեցին գմբեթը եւ այլ մասեր, բայց դեռ ամբողջությամբ չեն փոխվել: Հույս ունենք լրիվ վերակազմավորել»,- պատմում է Հ. Հարությունյանը:

…եւ Վիկտոր Համբարձումյանի մասին

«1908 թվականին են ծնվել Վիկտոր Համբարձումյանը, Վիլյամ Սարոյանն ու Վազգեն Ա կաթողիկոսը՝ մեր ազգի միտքը, ոգին եւ հոգին»,- դիպուկ նկատում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, ու պարզաբանում, թե ինչ արմատներ ունի Վ. Համբարձումյանը. «Նրա հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց ավելի շուտ մեծ հայագետ էր, նա է հունարենից թարգմանել «Ոդիսականն» «Իլիականը»:

Վիկտոր Համբարձումյանը 1961-64թթ. եղել է 1922-ին հիմնադրված Միջազգային աստղագտական միության նախագահը: 1968-70 եւ 1970-72թթ. եղել է Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահը: «Այսինքն՝ նա հասել է գիտնականի համար տեսականորեն հնարավոր կարիերայի գագաթին,- բացատրում է Հ. Հարությունյանն ու ավելացնում,- Ընդ որում աննախադեպ բան է, որ երկու անգամ վերընտրվել է վերջին պաշտոնում: Նա միակն է այդ առումով: Նա եղել է 28 ակադեմիաների եւ գիտական միությունների անդամ, 7 հայտնի համալսարանների պատվավոր դոկտոր: Իսկ 1947-93 թվականը Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահն էր»:

Վ. Համբարձումյանը, չնայած իր վաստակներին, չի ստացել Նոբելյան մրցանակ, չի էլ ներկայացվել: «Երբ նրան հարցնում էին այդ մասին, մի անգամ ասաց, որ 1901-ին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի էր ներկայացված Լեւ Տոլստոյը, սակայն նրան «հաղթեց» մի ֆրանսիացի պոետ, որի անունը ոչ մեկը չի հիշում»,- պատմեց Հ. Հարությունյանը: Վ. Համբարձումյանը նաեւ շատ համարձակ քաղաքացի էր: «1936-ին նա ի պաշտպանություն իր ընկերոջ, որին որպես «ժողովրդի թշնամի» ձերբակալել էին, նամակ գրեց Կրեմլ: Հասկանալի է, չէ՞, թե դա ինչ հետեւանքներով էր հղի: Նա մասնակցել է նաեւ 1965-ի իրադարձություններին, որի արդյունքում կառուցվեց Ծիծեռնակաբերդի կոթողը: Հայտնի է 1988-ի նրա ընդվզումը Ղարաբաղի հարցով, երբ նա նույնիսկ հացադուլ արեց…»,- ասում է Հ. Հարությունյանը եւ ցույց տալիս Վիկտոր Համբարձումյանի վերջին լուսանկարը՝ 1996-ի ձմռանը, փայտի վառարանի մոտ նստած…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել