Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴ ԷԻ, ՓՈՂԸ ՉԷԻ ՄՈՒԾԵԼ, ՉԳԻՏԵԻ

Հուլիս 07,2009 00:00 Share

Սրանք են այն հիմնական պատճառաբանությունները, որոնց հիման վրա որոշ դիմորդներ մասնակցեցին լրացուցիչ քննություններին:

\"\"
«Թափանցիկ» սեղանները կօգնե՞ն:

Երեկ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ Ստեփանակերտի քննական կենտրոններում տեղի ունեցան աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից լրացուցիչ քննություններ: «Առավոտը» քննական գործընթացին հետեւեց թիվ 20 դպրոցում: Աշխարհագրության լրացուցիչ քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 22, ընդհանուր պատմությանը՝ 21, կենսաբանությանը՝ 55 դիմորդ: Ինչպես հայտնի է, լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել բանակից զորացրվածները, առաջին հայտով դիմում չներկայացրած անձինք, նրանք, ովքեր բացակայել են առաջին հիմնական քննությանը եւ ում թույլատրել է բողոքարկման հանրապետական հանձնաժողովը: Սակայն, ավանդույթի համաձայն, հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ լրացուցիչ քննությանը մասնակցում են հիմնականում այն անձինք, որոնք ուզում են զարտուղի ճանապարհներով բուհ ընդունվել:

«Առավոտը» զրուցեց լրացուցիչ քննություն հանձնողների հետ, պարզելու նրանց՝ լրացուցիչ քննությանը մասնակցելու պատճառները: Օրինակ՝ Սեւան քաղաքի Դդմաշեն գյուղի դպրոցի շրջանավարտ Ռոմիկ Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Թյուրիմացության պատճառով այսօր եմ հանձնում քննությունը, քանի որ դպրոցում չէի հայտագրվել ընդհանուր պատմություն առարկայից քննություն հանձնելու համար: Այդպես ստացվեց, քանի որ կար ինֆորմացիայի պակաս»: Նույն դպրոցի շրջանավարտ Արթուր Ստեփանյանն էլ ասաց. «Թյուրիմացության մեջ էինք ընկել. մեզ ասացին, որ ընդհանուր պատմության քննությունը պիտի հանձնենք բուհում, բայց պարզվեց, որ այսպես պիտի հանձնվի»: Արարատի թիվ 1 դպրոցի շրջանավարտ Արմինե Կարապետյանն էլ նշեց. «Քանի որ քննության գումարը չէի վճարել, այսօր եմ հանձնում ընդհանուր պատմության քննությունը: Պարզապես ես տեղյակ չէի, որ ընդհանուր պատմությունից էլ պիտի քննություն հանձնեմ»:

Մեզ հետ զրուցած մայրաքաղաքցի դիմորդների՝ քննության հետաձգման հիմնական պատճառը հիվանդությունն էր: Օրինակ՝ Հենրուշ Զոհրաբյանն ասաց. «Քննությունից մեկ շաբաթ առաջ հիվանդ էի, ջերմություն ունեի: Գնացի պոլիկլինիկա, ստուգումներ անցա, բժիշկները գտան, որ ի վիճակի չեմ մասնակցելու քննությանը: Նրանց տված թղթերի հիման վրա քննությունը հետաձգեցի»: Արամ Մարգարյանն էլ չափից ավելի հուզիչ տոնով ասաց. «Քննության օրը ծանր հիվանդ էի, բարձր ջերմություն ունեի, ուստի չկարողացա մասնակցել քննությանը»: Կային շրջանավարտներ, որոնք դիմում-հայտը ուշացրել էին, դրա համար չէին կարողացել մասնակցել քննությանը, մյուսները բանակից նոր էին զորացրվել: Առավել ուշագրավ էր Սարգիս Խաչիկյանի պատճառաբանությունը. «Ես տարիքով մեծ եմ, դրա համար եմ այսօր քննություն հանձնում»: Իսկ Գեւորգ Հովսեփյանի պատճառաբանությունն ավելի հետաքրքիր էր. «Ես դուրս եմ մնացել բուհից, սովորում էի առաջին կուրսում, ուստի կրկին դիմում եմ բուհ ընդունվելու համար»:

«Առավոտը» քննասենյակում նկատեց նոր սեղաններ, որոնք իրենց ձեւով տարբերվում էին մյուսներից, այսպես ասած՝ ավելի «թափանցիկ» էին, այնպես էին պատրաստված, որ սեղանի տակի հատվածն ամբողջությամբ տեսանելի էր: Դրանք ձեռք էին բերվել ԳԹԿ-ի լրացուցիչ միջոցներով եւ անհատույց տրվեցին թիվ 20 դպրոցին: Այս կապակցությամբ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ նոր սեղանները շահագործման հանձնելը չի՞ նշանակում, որ դժգոհությունները, թե հուշաթերթիկներ են փակցվել սեղանների տակ, ճիշտ են եւ ԳԹԿ-ն այսպես է պայքարում դրանց դեմ: Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Այդ հարցը պիտի լուծենք բարոյական դաշտում: Եթե ԳԹԿ-ն մոռանա իր արժեքային համակարգը եւ ուզենա այդ հարցը լուծել, ապա այնպես կլուծի, որ ոչ մեկը ոչ սեղանով, ոչ թղթով, ոչ էլ անձնավորությամբ չի կարող հայտնաբերել, եթե ԳԹԿ-ն ուզենա նման բան անել՝ այդքան պարզ ճանապարհով չի գնա: Հատուկ մեկտեղանոց սեղանների հարցը բարձրացավ անցյալ տարի: Այդպիսի սեղաններն ավելի քիչ տեղ են գրավում եւ հնարավորություն տալիս դահլիճում ավելի մեծ քանակի դիմորդներ ունենալ: Եթե տեսնենք դրանց արդյունավետությունը, մյուս տարի այդպիսիք կօգտագործենք»:

Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս լուծվեց այն դիմորդների հարցը, որոնք խնդրում էին ռուսերեն հարցաթերթիկներ: Պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Եթե դիմորդի ավարտական ատեստատում հայերենից գնահատական կա, ապա այդ դիմորդները իրավունք չունեն պահանջել թարգմանություն, քանի որ մի տեսակ ընկնում են հակասության մեջ: Եթե դիմորդը հայերենից ունի դրական գնահատական, ապա դա նշանակում է, որ նա հայերեն կարդալ, գրել գիտի, հասկանում է: Կան մի քանի դիմորդներ, որոնք ասում են՝ հայերեն տառերը չեն ճանաչում: Մենք խոստացել ենք, որ նրանց համար կլինեն համապատասխան թարգմանություններ»:

Իսկ ծնող Լաուրա Քերոբյանը «Առավոտի» հետ զրույցում վրդովված ասաց. «ԿԳ նախարարությունից մեզ խոստացան, որ ոչ հայոց լեզվով կրթություն ստացած երեխաները հարցերը կստանան ռուսերեն լեզվով: Այժմ պարզվում է, որ թարգմանությունը արվելու է տեղում, իսկ դա նշանակում է՝ երեխայի քննության համար հատկացված 3 ժամից է գնալու, ու ժամանակ էլ չի ավելացվելու: Ստացվում է՝ մեզ խաբել են, քանի որ մենք գիտեինք՝ երեխաներին ռուսերեն տոմսեր են առաջարկելու: Այս հարցն այսպես չի թողնվի, մենք դիմելու ենք նախարարություն»: Այս մասին պարզաբանում ստացանք ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից: Նա ասաց. «Այդ ծնողի երեխայի թեստը կվերցնեն ամենավերջում, այդպիսի երեխաները առանձին նստած կշարունակեն աշխատել: Իսկ ինչ վերաբերում է նախօրոք թարգմանելուն, ապա այդ դեպքում կխախտվեր թեստի գաղտնիությունը: Մյուս կողմից էլ ՀՀ կրթական հաստատություններում եւ ՀՀ տարածքում գտնվող ցանկացած կրթական հաստատությունում հայոց լեզվի ուսումնասիրությունը պարտադիր է: Ուստի սա նշանակում է, որ թեստերը թարգմանելով՝ մենք ընդառաջում ենք դիմորդներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել