Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանի թիվ մեկ ահաբեկիչը Ռոբերտ Քոչարյանն է
ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը ոգեւորված չէ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարություններից, թե Թուրքիայի նպատակը՝ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂՀ հարցի լուծման հետ, դատապարտված է ձախողման: «Իրենք գնացել-ընկել են Թուրքիայի գիրկը, հիմա փորձում են հետողորմյա անել: Չի հաջողվի: Այդ հայտարարություններն արվեցին հիմնականում արտաքին օգտագործման համար, Օբամայի եւ մյուսների աչքերին թոզ փչելու համար: Ցավը եւ փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը կեցվածք ընդունել չի կարող, մանավանդ՝ հիմա: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը պարտադրեցին»,- ասաց պարոն Մակեյանը: Նա Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը համեմատում է ինքնաթիռի այն վիճակի հետ, երբ այլ հնարավորություններ չկան՝ բացի ինքնակառավարման (ավտոպիլոտ) անցնելուց. «Ոչ Հայաստանից, ոչ էլ առավել եւս՝ Սերժ Սարգսյանից ոչինչ կախված չէ: Ավելին, Սերժ Սարգսյանի դեմքով Հայաստանն այսօր հայտնվել է պատանդի կարգավիճակում, խաղաքարտ է Թուրքիայի եւ գերտերությունների ձեռքում»:
Օբամայի եւ Էրդողանի հանդիպումից եւ դրա արդյունքում արված հայտարարություններից, մեկնաբանություններից մեր զրուցակիցը եկել է այն եզրակացության, որ միջազգային հանրությունը նպատակադրված առաջ է տանելու իր ծրագրերը՝ այդ ընթացքում լուծելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը եւ իբրեւ ածանցյալ՝ ԼՂՀ հարցը: Առավել ակտիվ զարգացումներ պարոն Մակեյանը կանխատեսում է 2010-ի առաջին կեսին: Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությանն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, երկու ճանապարհ է մնում՝ «Ընդունել առաջարկվող պայմանը եւ հանձնել Ղարաբաղը, որովհետեւ հայ-թուրքականն արդեն փակ թեմա է եւ ուղիղ կապվում է Ղարաբաղի հարցի հետ: Դա էր Էրդողանի ասածը: Կամ՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս՝ փաստի առաջ կանգնեցնելով միջազգային հանրությանը»: Եթե այնուհանդերձ Սերժ Սարգսյանն ընտրի առաջին ճանապարհը, պարոն Մակեյանը վստահեցնում է, որ «Հայաստանում նա իր տեղը չի ունենա՝ ինչքան էլ միջազգային գործընկերներից երաշխիքներ ստանա»: Ուստի պարոն Մակեյանը փորձում է լավատես լինել, վստահել Սերժ Սարգսյանի բանականությանը եւ կարծիք է հայտնում, որ վերջինս հրաժարական կտա. «Սերժին հիմա ձեռնտու է ժամանակ ձգելը, բայց կարծում եմ, որ նրան երկար ժամանակ չեն տա: Ամիսների խնդիր է»:
«Առավոտի» դիտարկմանը՝ ինչքան էլ հանցագործ կամ կոռումպացված լինի իշխանությունը, ինչքան էլ իշխանատենչ մարդիկ լինեն՝ ծանր չէ՞ սեփական ուսերին վերցնել արյունով գրաված հողերը վերադարձնելու բեռը, կգտնվի՞ այդպիսի հայ մարդ, Պետրոս Մակեյանը հակադարձեց. «Հայաստանի իշխանությանը չի կարելի իշխանություն ասել: Դա բանդա է, որը կշեռքի նժարին չի դնում պետական շահը: Իրենք ամեն օր փող են ստանում: Իրենց հաշվարկը սա է: Սերժը, կարծում եմ, այդ բանդայից մի քիչ տարբերվում է: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանից է տարբերվում: Քոչարյանը Սերժի համեմատ վախկոտ մարդ էր, իսկ վախկոտ մարդը վտանգավոր է: «Մարտի 1»-ը վախկոտի ձեռագիր է: Հայաստանի թիվ մեկ ահաբեկիչը Ռոբերտ Քոչարյանն է: Նա քաղաքական դեմք չէր, չի էլ լինելու»: Նկատեցինք, որ խոսվում է ամենատարբեր կոմբինացիաների, քաղաքական փոխատեղումների մասին, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի ետ վերադարձին՝ արդյոք մեր զրուցակիցը տեսնո՞ւմ է նրա վերադարձի հնարավորություն: «Քոչարյանը լավագույնս տեղեկացված է այս ամբողջ զարգացումներից եւ հասկանում է, որ դրանք, ի վերջո, բերելու են մի հանգրվանի, երբ հնարավոր կդառնա Սերժի հեռանալը: Եվ այս զորաշարժը, որը կատարվում է դաշնակների, ԲՀԿ-ի, Օսկանյանի եւ իրեն հավատարիմ անհատ մանկլավիկների միջոցով՝ խոսում է դրա մասին: Բայց ինքը գիտե, որ Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի արյունարբուի իր կերպարը եւ փորձում է իր դրածոներից մեկով ներկայանալ»: Կհաջողվի՞ դա Քոչարյանին, թե՞ ոչ. «Միայն մի դեպքում, եթե ժողովուրդը հրապարակում չլինի: Իսկ դուք տեսնում եք, որ ժողովուրդը հրապարակում է (Պարոն Մակեյանի հետ զրուցել ենք ՀԱԿ-ի կազմակերպած երթի ժամանակ-Ն. Գ.)»:
Արդյոք հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերի կարգավորման այս մի տեսակ փակուղային իրավիճակում Հայ ազգային կոնգրեսը պե՞տք է շարունակի վերջին ամիսների իր որդեգրած պասիվ քաղաքականությունը: Ժամանակը չէ՞ ավելի ակտիվ կեցվածքով հանդես գալու՝ հարցերին էլ մեր զրուցակիցը պատասխանեց. «ՀԱԿ-ը շախմատ է խաղում, մինչդեռ դիմացինը հոկեյիստ է եւ փորձում է քաղաքականությունը բերել իրեն հարմար դաշտ: Եթե Կոնգրեսը փորձի արագացնել գործընթացը եւ անել ավելին՝ սրանք ընդունակ են աներեւակայելիին: Պատահական չէր, որ Արթուր Բաղդասարյանը խոսում էր հնարավոր հազարավոր զոհերի մասին, որ իբր կոալիցիային իր միանալով՝ հնարավոր եղավ խուսափել դրանցից: Իսկ մեկ մարդու կյանքը, նրա քթից եկած արյունն անգամ Կոնգրեսի համար թանկ է: Հիասթափություններ կլինեն, բայց դա ժամանակավոր է: Կգա պահը, եւ այդ մարդիկ նորից կհամալրեն Կոնգրեսի շարքերը»: Եթե իրավիճակն իսկապես օրհասական է, եւ իշխանությունը չկարողանա միայնակ դուրս բերել երկիրն այդ արկածախնդրությունից՝ պատրա՞ստ է Կոնգրեսը ընդունել իշխանության՝ համագործակցության համար պարզված ձեռքը: «Ես այս բանդայի մի առաջարկություն միայն կարող եմ ընդունել՝ համաձայնեցնել, թե ինչպես իրենք կարող են իշխանությունը փոխանցել ժողովրդին: Ոչ թե Կոնգրեսին, այլ՝ ժողովրդին: Ես վստահ եմ, որ Կոնգրեսի շարքերում շատերն են այսպես մտածում, եւ համոզված եմ, որ մեր լիդերները նույնպես այլ համագործակցություն չեն տեսնում»,- ասում է մեր զրուցակիցը: Նկատեցինք, որ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ինքը հայտարարեց, որ ՀԱԿ-ը միայնակ ի զորու չէ իշխանափոխություն անելու, ու հետաքրքրվեցինք՝ եթե այդ նպատակի համար հարկ լինի համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ ո՞ր ուժի հետ է մեր զրուցակիցը համագործակցության եզրեր տեսնում: «Ուժի գործունեությունն է ցույց տալիս՝ նա դիմադի՞ր է, ընդդիմադի՞ր, դատարկ դհո՞լ, թե՞ ախք: Ես գտնում եմ, որ երկիրը փրկելու համար պետք է ցանկացածի հետ համագործակցել՝ մի կողմ թողնելով գաղափարական տարբերությունները, համակրանքներն ու հակակրանքները»,- եղավ պատասխանը: Այսինքն՝ ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ազգային միաբանության», դիտարկման արձագանքը եղավ. «ՕԵԿ-ը քաղաքական միավոր չէ: Դա գործիք էր, Սերժը օգտագործեց՝ գցեց: Նա իրենից այլեւս բան չի ներկայացնում: Քաղաքապետարանի ընտրություններում էլ 5 տոկոսը գրեցին, որպեսզի հարկ եղած դեպքում հետո էլ օգտագործեն: Գեղամյան ասածն էլ մեռած է: Իսկ Դաշնակցությունը դեռ չի ձերբազատվել իշխանական, կոռումպացված համակարգից»:


















































