Մայիսի 2-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ապօրինի այցելել էր Արցախ, հրապարակեց տեսանյութ ժամանակավորապես բռնազավթված Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց՝ կից գրառմամբ նշելով, թե եկեղեցին «վերականգնվել է՝ վերադարձնելով նախկին ճարտարապետական տեսքը» [1]։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է․ «վերականգնման» աշխատանքների արդյունքում եկեղեցու ճարտարապետական դիմագիծը լրջորեն ձևախեղվել է, խաթարվել է նրա պատմական և մշակութային ամբողջականությունը։
Այս գործընթացը չի կարող դիտվել որպես վերականգնում, այլ ավելի շուտ՝ որպես մշակութային ժառանգության աղավաղում և ինքնության վերաշարադրում՝ քաղաքական նպատակներով։
Կարդացեք նաև
Առավել մտահոգիչ է այն փաստը, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, մասնակցելով այս այցին, փաստացի լեգիտիմացրել են այդ գործողությունները՝ դառնալով հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության լուռ կամ ակնհայտ հանցակիցներ։ Նրանց ներկայությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներին, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում նմանօրինակ խախտումների հանդեպ անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար։
Հատկանշական է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումից հետո, ինչը վկայում է ոչ թե առանձին դեպքերի, այլ հետևողական քաղաքականության մասին։
Պատմականորեն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին անխաթար վիճակում կանգուն է եղել մինչև 1920 թ. մարտի 22–26-ը տեղի ունեցած Շուշիի հայ բնակչության կոտորածը և քաղաքի ավերումը [2]։

1940-ական թվականներին եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ 1950-ականներին հանվել են հրեշտակների արձանները, ավերվել է գմբեթը [3]։
Բացի այդ, քաղաքում բնակվող ադրբեջանցիները պոկել են տանիքի սրբատաշ սալերն ու ճակատների վերին շարքի քարերը՝ դրանք օգտագործելով սեփական տների կառուցման համար [4]։

Այս ամբողջը ցույց է տալիս, որ այսօր ներկայացվող «վերականգնումը» կտրված չէ անցյալից, այլ նույն քաղաքականության շարունակությունն է՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության վերացմանը կամ դրա ինքնության խեղաթյուրմանը։ «Վերականգնման» անվան տակ իրականացվող միջամտությունները ոչ միայն չեն պահպանում հուշարձանի իսկությունը, այլև խախտում են միջազգային մշակութային ժառանգության պահպանման հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ իսկության, ամբողջականության և պատմական շերտերի հարգման պահանջները։
Այս համատեքստում անհրաժեշտ է միջազգային կառույցների հստակ արձագանքը և անկախ մասնագիտական գնահատումը, քանի որ մշակութային ժառանգության դեմ նման գործողությունները դուրս են զուտ տարածաշրջանային հակամարտության շրջանակներից և վերաբերում են համամարդկային արժեքների պահպանությանը։
Գրականություն
1. https://x.com/HikmetHajiyev/status/2050464536839553354.
2. Շուշի, https://realkarabakh.com/hy/landmark-shushi/ .
3. Բալայան Վ., Բալայան Մ., Սարգսյան Ս., Արցախի Հանրապետության նյութական մշակույթի հուշարձանները, մաս 2-րդ, https://artsakhculturalheritage.org/…/%D4%B1%D5%90%D5… , Էջ 20:
4. Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, https://monumentwatch.org/…/%D5%B7%D5%B8%D6%82%D5%B7…/
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ



















































