«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Շատ կարևոր է հիշել և գիտակցել, թե մենք ում ժառանգներն ենք…
Արքայական իշխանությունը և վախի, սարսափի ու ահաբեկման քաղաքականությունն Արարատի թագավորությունում:
Ի տարբերություն ժամանակակից նորասորեստանյան տերության գրավոր սկզբնաղբյուրներում և պատկերագրության մեջ ներկայացված հարուստ նյութի՝ թշնամուն ահաբեկելու, վախ ու սարսափ տարածելու վերաբերյալ մեզ հայտնի ուրարտական սկզբնաղբյուրները համեմատաբար սակավ են: Այնուամենայնիվ, դրանց համակողմանի հետազոտությունը որոշակի հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմելու այն հիմնական ձևերի ու գործիքակազմի վերաբերյալ, որոնց միջոցով ձևավորվում և տարածվում էր թշնամուն ահաբեկելու պետական քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Վախի և սարսափի տարածումը նաև կապված էր արքայական խորհրդանշական իշխանության ցուցադրության հետ։ Ուրարտական տերության միապետը ներկայացվում էր որպես գերագույն աստված Խալդիի երկրային տեղապահ, իսկ ռազմական արշավանքները՝ որպես Խալդիի աստվածային կամքի իրականացում։
Արձանագրություններում պահպանված աղոթք-ուղերձները և դրանց հաջորդող հաղթանակների նկարագրությունները վկայում են, որ արշավանքների հաջողությունը ներկայացվում էր որպես աստվածների անմիջական միջամտության արդյունք, ինչը ոչ միայն արդարացնում էր նվաճողական քաղաքականությունը, այլև հոգեբանական ազդեցություն էր թողնում թե՛ սեփական բանակի, թե՛ հակառակորդի վրա։ Այս համատեքստում, կարևոր նշանակություն ունեին ուրարտական սեպագիր տեքստերում և պատկերագրության մեջ ներկայացված այն միջոցները, որոնք նպատակ ունեին վախ ու սարսափ ներշնչել թշնամուն։
Հակառակորդ երկրների քաղաքների «այրումը», բնակչության կոտորածը, գերեվարումը և տեղահանությունն ուներ խիստ կարևոր նշանակություն։ Այս առումով, ուշագրավ է նաև ռազմական արշավանքների ժամանակ կիրառված atu-«ուտել, կլանել» բայի կիրառումը, որը փոխաբերաբար արտահայտում է անողոք կերպով թշնամական երկրների ջախջախումը։ Սեպագիր տեքստերից մեկում թշնամուն սարսափեցնելու համար օգտագործվել է zieldi-լյարդ գոյականից և du-անել բայերից բաղկացած zeldu- բայը, ինչ, հավանբար, ուղիղ առնչություն ունի լեղապատառ անել, լեղին պատռել, խիստ վախեցնել իմաստների հետ: Այսինքն, կիրառվել է քարոզչական հետաքրքիր հնարք և թշնամիներին սարսափեցնելը, վախեցնելը համեմատվել է նրանց «լեղապատառ անելու» հետ:
Խիստ կարևոր նշանակություն ունեին նաև քաղաքական ենթակայության խորհրդանշական դրսևորումները: Մասնավորապես tequ-«թեքել, խոնարհեցնել» բայի կիրառմամբ նկարագրվում է հակառակորդ արքաների հնազանդեցումը։ Նման դրվագ տեղադրել եմ այս գրառմանը կից: Առանձնահատուկ դաժան պատժամիջոցների շարքում քննարկվում է նաև հակառակորդ երկրների տարբեր առաջնորդներին «կին դարձնելու» երևույթը, որը, ըստ ամենայնի, վերաբերում է ամորձատմանը և ծառայում էր որպես ահաբեկման ծայրահեղ միջոց։
Բացի գրավոր աղբյուրներից, ուրարտական պատկերագրության տարբեր դրվագներում ներկայացված են թշնամական զորքերի սարսափը, աղերսող հայացքները, դաժան մահը, ինչպես նաև՝ վերջիններիս նկատմաբ հաղթանակի համար աստվածային օժանդակության տարբեր տեսարաններ։ Այս միջոցները խիստ ոգևորելու ու մոտիվացնելու էր ուրարտական տերությանը քաղաքականությունը պաշտպանող անձանց, իսկ մյուս կողմից լուրջ մտածելու տեղիք տալու նրանց, ովքեր այդ քաղաքանությունը չէին կիսում…
Այս ամենի մասին առավել մանրամասն շուտով հանդես կգամ առանձին գիտական հոդվածով…


















































