Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանը՝ նորից անօթեւան մնալու վտանգի առաջ

\"\"\"\"
Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի երկու քաղաքացիները:

Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանն արդեն չի էլ հիշում, թե որքան է ծեծել ղեկավար այրերի դռները գլխավերեւում տանիք ունենալու համար, սակայն՝ անարդյունք: Ինձ մեկնելով թղթերի մի կույտ, կիսահրամայական տոնով խնդրում է. «Հաշվիր, հաշվիր, մի ալարիր, թե քանի անգամ եմ դիմում գրել ու էդքան էլ մերժվել: Օ՜ֆ, ինձ մի խոսացնի, արդեն հոգնել եմ էս անտարբերությունից ու միայնության զգացումից: Օրերս կրկին դիմել եմ Ստեփանավանի քաղաքապետարան, որ Դեսսենի եւ Պրոմեթեւս թաղամասերում կառուցվող 4 բնակելի շենքերից մեկում մի փոքր սենյակ տրամադրեն: Հո գիտեմ, որ ասելու են երկրաշարժի պատճառով բնակարան կորցրածներին պիտի տանք»: Նշված 4 բնակելի շենքերը կառուցվում են պետբյուջեից տրամադրված 380 միլիոն դրամով եւ տրվելու են երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած 42 ընտանիքի:

Իսկ Ստեփանավան քաղաքի թիվ 5 դպրոցի տնակային ավանի բնակչուհի Սիլվարդ Քալաշյանը արդեն հինգ տարի է, ինչ մշտական բնակության վայր չունի, տնակում վարձով է ապրում եւ 10 հազար դրամը (սա ամենացածր գումարն է վարձակալության համար, բայց ընտանեկան բյուջեի զգալի մասը) երբեմն ուշացնելու համար ստիպված է լինում ավելի փոքր ու ոչ հարմարավետ տարածք տեղափոխվել. «Իմ տեղափոխվելն ու «վեշ» քաշ տալը, հլա ջհանդամը, բա էս հիվանդին տեղափոխելն ի՜նչ ջանքեր է պահանջում ինձանից, կամ համոզելով եմ տնից հանում, կամ ծեծելով»:

Սիլվարդի քույրը` 47-ամյա Ալվարդը մանկուց հաշմանդամ է, հոգեկան խանգարում ունի: Երկու տարի առաջ, ապրելու տեղ չունենալու պատճառով, քրոջը հոգեբուժարան է տարել, որ սննդով ու խնամքով ապահովված լինի, բայց, ինչպես ինքն է ասում, դրանից հետո վիճակն ավելի է վատացել: 88-ի երկրաշարժից հետո քրոջ խնամքն ստանձնած Սիլվարդը նեղվում է՝ օրեցօր վատթարացող ֆինանսական վիճակից եւ ղեկավարների վերաբերմունքից. «Ինչքան դիմում եմ, միշտ մի պատճառ գտնում են ինձ մերժելու, իմ ուզածը մի մեծ բան էլ չի: Երբ փորձում ես նրան ասել, որ օրենքն է այդպես, նա քեզանից առաջ ընկնելով կառավարության որոշումներով բացատրում է կարգը»:

Վերջերս Սիլվարդը կրկին տեղափոխվել է: Տունը, որտեղ նա հիմա ապրում է՝ զուրկ է ջրից ու գազից: Բաղրամյան 122/2 բազմաբնակարան շենքում նույնիսկ կոյուղի չկա, կոյուղու եւ ջրի խողովակները վթարվել են նախկին վարձակալի պատճառով: Ու Սիլվարդը ջուրը բերում է 150 մետր հեռու գտնվող հարեւան շենքից, իսկ կոյուղու բացակայության պատճառով շատ ժամանակ հարեւան շենքի բնակիչների դռներն են թակում կամ էլ աշխատում «հյուրընկալվել» ծանոթ-բարեկամների տներում:

Մեկ սենյականոց բնակարանում պատուհանների մեծ մասը ապակեպատ չէ: Ցրտից ու քամուց պաշտպանվելու համար ջարդված ապակիների փոխարեն կամ պոլիէթիլեն է, կամ տախտակ ու ֆաներա: Այսպես ցրտի դեմն են առել, բայց զրկվել Աստծո տված լույսից: Ձմեռն էլ նոր մտահոգությունների առիթ է դարձել, հարցերի հարցը անգազ տարածքը տաքացնելն է: «Մի կերպ տարածքը տաքացնում էի էներգիայով, չնայած մեծ գումար է դա, հիմա էլ, վթարված կոյուղու ու ջրի խողովակների պատճառով, հոսանքալարերն են վնասվել»,- պատմում է Սիլվարդը: Հիվանդ քրոջը ցրտից պաշտպանելու համար Սիլվարդը նրան ուղարկել է Գարգառ գյուղ, խնդրելով եղբորը՝ ժամանակավոր հոգալ քրոջ մասին:

Անօթեւան յուրաքանչյուր ընտանիք ստիպված է մեծ փորձություններ հաղթահարել, սակայն ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան քաղաքացիների հարցը ՀՀ կառավարությունը դեռ առաջնային չի համարում: Ինչպես Ստեփանավանի փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանն է ասում, կա կառավարության որոշում, ըստ որի՝ առաջնահերթության կարգով բնակարան են ստանում երկրաշարժից տուժածները: «Ի՞նչ անեմ, հո չեմ կարող օրենքը շրջանցել, իրենց ժամանակն էլ կգա: Համայնքում էլ օժանդակ կառույցներ չկան, քաղաքի ամբողջ ֆոնդը երկրաշարժի ժամանակ քանդվել է, որ մի հանրակացարան, մի կից կառույց լինի, հիմա քաղաքում 362 նման անօթեւան ընտանիք կա, կտայինք՝ կապրեին»,- ասաց փոխքաղաքապետը:

Սիլվարդին Ստեփանավանի քաղաքապետարանում լավ են ճանաչում, գիտեն ընտանիքի պատմությունը. «Եթե ասեմ մենակ պահանջում է, չի ուզում աշխատել՝ ճիշտ չի լինի, բացի այն, որ աշխատատեղի խնդիր կա, հիվանդ քրոջ հետ հնարավոր էլ չէ, նրան տանը մենակ թողնել չի էլ լինի»,- ասում է փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանը:

«Ժամանակին, որ քուչեքում էի մնացել, տանտերը մեղքաց, տուն տվեց, հիմա էլ իր ձեռով դուրս է անում, ախր վարձով տուն ճարելն էլ հեշտ չի,- պատմում է Սիլվարդը, ապա նեղվելով մատնացույց է անում տնակն ու շարունակում,- գոնե տարածք էր, գլուխս կախ ապրում էի, բայց հիմա այնպես է քարուքանդ եղել, որ կարկատելն էլ չի օգնում, այ էսպիսի մի փոքր տարածք եմ ուզում, որ պատսպարվեմ, որ հիվանդ քրոջս պահելու տեղ ունենամ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել