Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ ՉԳԱ ՀԵՏԻՆԸ, ՉԻ ՀԻՇՎԻ ԱՌԱՋԻՆԸ»

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, ում՝ ռեկտորական աթոռին բազմելուն պես ծավալած գործունեությունը հուսախաբ արեց համալսարանականների մի մեծ բանակի։

\"\"

Առաջին հերթին սկսվեց թոշակառուների «ջարդը». մեկ հրամանով փակվեցին ԵՊՀ-ի հյուրընկալ դռները տասնյակ տարիների ավանդ ունեցողների առջեւ. եւ ոչ մի միջոցառում, ոչ մի պատվոգիր ու շնորհակալագիր։ Հետո սկսվեցին կադրային փոփոխությունները, որոնց նպատակն էր կատարել նրանց տված խոստումները, ովքեր իր ընտրվելու համար ձայներ էին հավաքել։ Ըստ այդմ, բարձր պաշտոններ՝ շատ ձայներ ապահովածներին, ցածր՝ քիչ ձայներ ապահովածներին, բոլորովին չկարեւորելով, թե ինչ է ներկայացնում իրենից տվյալ «կադրը»։ Հետո սկսվեցին հանդիպումները տարբեր կոլեկտիվների հետ։ Բայց մենք ուզում ենք խոսել միայն գրադարանի կոլեկտիվի մասին, որին ռեկտորը բացահայտորեն դիտում է որպես երկրորդ եւ երրորդ սորտի մարդկանց։ Աշխատավարձերի բարձրացման խոստում հուսացող գրադարանավարուհիները հանդիպումից հետո ոչ միայն հասկացան, որ դա լինելու բան չէ, այլեւ որոշեցին մի քիչ փող հավաքել ու տալ ռեկտորին՝ որպես նրա «չունեմ-չկա»-ի պատասխան։

Կանանց մուտքը դահլիճ՝ բոլորովին չփոխեց նոր ռեկտորի դեմքի դժգոհ արտահայտությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, փոխվում է միայն ամենաբարձրաստիճան անձանց ներկայությունից։ Հետո նա միատոն ու ալարկոտ, սպառնաց, թե այս ու այն դեպքերում ինքը աշխատողին կհեռացնի աշխատանքից՝ երկար կանգ առնելով «պոռնո սայթեր» նայելու վրա։ Չգիտես ինչու, նոր ռեկտորը վախ ուներ, թե գրադարանավարուհիները, բան ու գործ թողած, ամբողջ օրը զբաղվում են «պոռնո սայթերով». կնամեծարության եւ ոչ մի նշույլ, ոչ մի հարգանք դահլիճում գտնվող քառասուն-հիսուն կանանց հանդեպ։ Հետո նա ներկայացրեց համալսարանի օրհասական վիճակը, որը, որպես ժառանգություն, իրեն թողել էր Ռադիկ Մարտիրոսյանը՝ խուսափելով, իհարկե, արտասանել նախկին ռեկտորի անունը։ Խոսքն այստեղ միայն բյուջեի, ծախսերի ու փողի «քչություն անելու» մասին էր։ Այն տպավորությունն էր, թե հանդիպումը բանկրոտի առաջ կանգնած բանկի տնօրենի հետ է, եւ ոչ մի մարդու, ում վստահված է մայր բուհի կրթական ծրագրի իրագործումը։ Ի՜նչ կրթական ծրագիր, ինչ բա՜ն. մայր բուհը այժմ միայն զբաղված է նոր ֆակուլտետներ, բաժիններ ու նոր վճարովի տեղեր ավելացնելով, ինչպես նաեւ բարձրացնելով վճարները։ Բոլոր ֆակուլտետներին զուգահեռ՝ բացվեցին հեռակա բաժիններ։ Համալսարան ընդունվելը դարձել է խաղ ու պար։ Այնտեղ հայտնվել են ուսանողներ, ովքեր սեփական անուն-ազգանունը գրում են տառասխալով։ Բայց դա կարեւոր չէ, կարեւորը նրանց ծնողների վճարած փողն է։ Կիսագրագետ շրջանավարտներ տվող մայր բուհը կորցրել է երբեմնի դիրքն ու հարգանքը, քանի որ ռեկտորն այն կարծիքին է, թե ինքն «օբյեկտ է աշխատացնում»։

Բիզնեսը գնալով ծաղկում է ապրում, համալսարանն աջից ու ձախից փողեր է շփում, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում գրադարանավարների աշխատավարձերի վրա։ Ռեկտորին ամենեւին չի հետաքրքրում, թե գնաճի այս պայմաններում «իր օբյեկտի» գրադարանային մասի ժողովուրդը ո՞նց է ապրում 54 հազար դրամով, բայց փորձիր բողոքել, նա անմիջապես կնետի կապիտալիստական աշխարհից փոխառած ու այժմ գործատուների շրջանում մեծ տարածում գտած նախադասությունը՝ հարմար չի՝ ազատվի, էնքա՜ն մարդ կա, որ համաձայն է աշխատել այդ պայմաններով։ Եվ սրանով հարցը փակվում է։ Հիմա գրադարանում քաղցր հուշ են դարձել մարտիրոսյանական բարի ժամանակները, երբ տարին մեկ-երկու անգամ քիչ թե շատ բարձրանում էին աշխատավարձերը՝ վկայելով այն մասին, որ բուհում կան վճարովի սովորող ուսանողներ: Հիմա գրադարանավարների 54 հազարը դարձել է «հաստատուն մեծություն» եւ ենթակա չի փոփոխության։ Նույնիսկ երբ պետական ֆոնդից գրադարանավարների աշխատավարձերը բարձրացրին 5000 դրամով, դա նրանք ստացան մի քանի ամիս ուշացումով, ռեկտորի պատճառաբանմամբ՝ բյուջեն ճեղք ուներ։ Զարմանալի չէ, որ նա բյուջեի ճեղքը փակում է գրադարանավարների գրոշներով։

Գրադարանն իր աշխատակազմով ընդհանրապես մնացել է ռեկտորի տեսադաշտից դուրս: Գրադարանի լիարժեք սպասարկումը խաթարված է. գումարի խնայողության պատճառով կիսամութ ու խոնավ գրապահոցում չեն գործում օդափոխության համակարգն ու ջեռուցումը, որից էլ գրքերը «հիվանդանում» են՝ փտում։ Գրապահոցում այնքան ցուրտ է, որ սպասարկել հնարավոր չէ։ Այդ պատճառով տարիներ առաջ որոշում է կայացվել՝ գրքերը տեղափոխել վերեւ՝ առձեռն ֆոնդեր։ Բայց մի բան է՝ որոշել, մի ուրիշ բան՝ այդ որոշումը կյանքի կոչել։ Ի՞նչն է պատճառը, որ տարիներ շարունակ խոսքը գործ չի դառնում։ Դե ուրիշ էլ ի՞նչ՝ փողը։ Դրա համար անհրաժեշտ են գրադարակներ, իսկ գրադարակների համար՝ գումար, այնինչ, համալսարանի բյուջեն նման է անտակ տակառի, ուր ինչքան էլ լցնում են, միեւնույն է՝ ոչինչ չի ավելանում։

Ավելի քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մեկ օր անցկացնում են շարքային քաղաքացիների պես. աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով, օգտվում էժանագին սրճարաններից եւ այլն։ Հետեւելով այս օրինակին՝ առաջարկում ենք պարոն Սիմոնյանին մեկ ամիս յոլա գնալ 54 հազար դրամով՝ հուսալով, որ երբ հենց առաջին կամ, լավագույն դեպքում, երկրորդ օրն այդ «գումարը» սպառվի, նա իրեն թույլ կտա վերանայել աշխատավարձերի ցուցակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել