Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՓՈՂ ԲԱԺԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ»

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

\"\"Ըստ տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, այն կինոքաղաքականություն է իրականացնում

Արդեն 3 տարի է՝ գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավաստիացնում է, որ 253 մլն դրամ բյուջեի պարագայում արել են հնարավորը: Այս տարի կինոկենտրոնի բյուջեն փոքր-ինչ աճել է՝ այժմ 293 մլն դրամ է:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ պարոն Գեւորգյանը նշեց, որ ավելացել է նկարահանվող ֆիլմերի քանակը. եթե նախկինում տարեկան 1-2 գեղարվեստական, 4 դեբյուտային, 1-2 ուսանողական եւ նույնքան էլ կարճամետրաժ ֆիլմ էր նկարվում, ապա այժմ՝ 3 գեղարվեստական ֆիլմ, ուսանողական-դեբյուտային ֆիլմերի թիվն էլ հասել է 6-ի: «Ի դեպ, ուսանողական-դեբյուտային ֆիլմ հասկացությունը միայն Հայաստանում կա: Հոլանդացիները մեզ խնդրել են ուղարկել փաստաթղթերը, որ հայկական փորձը իրենց մոտ էլ կիրառեն: Կինոկենտրոնը պայմանագիր ունի ինստիտուտների հետ, որոնք կինոմասնագետներ են պատրաստում: Հայաստանցի ուսանողները իրենց պրակտիկան անցկացնում են նկարահանման հրապարակում, ձայնագրման դահլիճում, շփվում մասնագետների հետ, երրորդ կուրսից սկսած էլ հնարավորություն ենք տալիս դիպլոմային աշխատանքները նկարել»,- ասաց մեր զրուցակիցը:

Կինոկենտրոնի հաջողությունների մասին խոսելիս՝ նա հիշեց արդեն 2-րդ տարին իրականացվող «Գժուկ» մանկական-երգիծական ծրագրի մասին, որի շրջանակներում արդեն 24 սյուժե է նկարվել: Գ. Գեւորգյանը հավելեց նաեւ, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի լավագույն ֆիլմերից երկուսը՝ Հարություն Խաչատրյանի «Սահմանը» եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները», այս տարի ներկայացվել են պետական մրցանակի: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ այլեւս մեծ տեղ են տալիս երիտասարդներին եւ այնպես չէ, որ մեկը ներկայանա առաջարկով ու փաթեթով, կինոկենտրոնն էլ մերժի. «Կինոարտադրության վերաբերյալ հետաքրքրությունը մեծացել է, եւ եթե նախկինում մեզ մեղադրել են, թե նույն ռեժիսորներն են նկարում, հիմա հատուկ ծրագրված երիտասարդներին ենք տեղ տալիս: Արդյունքում՝ Հովհաննես Գալստյանի ֆիլմը մի քանի մրցանակ է ստացել, Արամ Շահբազյանի «Չնչիկը» նկարահանման շրջանում է, Միքայել Վաթինյանը շուտով կավարտի իր «Ժաննան եւ ձայները»: 2010-ին էլ Նիկա Շեկն ու Մարիա Սահակյանը կմտնեն արտադրություն»:

Գ. Գեւորգյանին փոխանցեցինք կինոգործիչներից ոմանց այն կարծիքը, թե Հայաստանի ազգային կինոկենտրոնը ավելորդ կառույց է, որը զբաղված է ընդամենը փող բաշխելով, եւ այն միջոցները, որ ուղղվում են կինոկենտրոնի պահպանության ծախսերի համար, ֆիլմերի վրա կդրվեին: «Այդ տրամաբանությամբ նույն բանը կարելի է ասել հայտնի CNC-ի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալության մասին: Ամեն երկիր, եթե ունի կինո եւ ուզում է հոգ տանել դրա պահպանության համար, ուրեմն պիտի ունենա կառույց, որը դա իրականացնում է: Այնպես որ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը փող բաժանող կառույց չէ, այն կինոմշակութային քաղաքականություն է իրականացնում ու կարգավորում, հակառակ դեպքում՝ ֆիլմերի համար նախատեսվող գումարը կարող էր ընկնել նրանց ձեռքը, ովքեր ծանոթ ունեն: Կինոկենտրոնը համակարգում է փառատոները, հայկական կինոյի օրերը, պահպանում Մալյանի անվան թատրոնը եւ այլն: Բացի այդ, կան որոշ փոքր նախագծեր, ինչպես, օրինակ՝ «Գժուկը», որոնք չունեն պրոդյուսեր, վերջինիս գործունեությունը մենք ենք իրականացնում: Ցավոք, Հայաստանում խառնում են պրոդյուսեր եւ ֆիլմի տնօրեն հասկացությունները: Պրոդյուսերը նա չէ, որ պետության տված գումարը տանում-ծախսում է: Պրոդյուսերը կազմակերպում եւ ստեղծում է ֆիլմը, հոգում ֆինանսավորման եւ այլ հարցեր: «Դրսում» պրոդյուսերը ֆիլմը նկարահանելուց առաջ պայմանագրեր է կնքում սցենարի հիման վրա՝ «պրոկատի», հեռուստատեսության, թվային կրիչների վաճառքի համար, բանկերից համապատասխան վարկ է վերցնում ու սկսում է ֆիլմի արտադրությունը: Մինչդեռ, մեր երկրում «Մոսկվա» կինոթատրոնի կամ որեւէ մեկի տված թղթի վրա որեւէ բանկ մեծ գումարի վարկ չի տրամադրի: Ինչ վերաբերում է կինոկենտրոնին, այն ոչ մի կոպեկ ավելորդ չի ծախսում, մարդիկ իրենց ֆիլմերը ներկայացնում են գեղարվեստական խորհրդին, կազմվում է գրագետ նախահաշիվ, որը պիտի ելնի սցենարից: Թե չէ՝ մեկ-մեկ բերում են նախահաշիվ, որտեղ գրված է՝ ռեժիսորին այսքան գումար, այսինչին՝ այնքան: Ամեն ինչ պետք է տող առ տող հիմնավորվի…»,-պարզաբանում է Գ. Գեւորգյանը: Դառնալով արդեն ստեղծված ֆիլմերին ու դրանց որակին, նա նշեց. «Մեր երկիրն այնքան փոքր է, որ բոլոր կինոգործիչներին անգիր գիտենք: Ցույց տվեք մի մարդու, որ տաղանդավոր ռեժիսոր է, դիմել է մեզ ու մերժվել: Չկա այդպիսի բան… Սկսած Ալբերտ Մկրտչյանից մինչեւ Նիկա Շեկ՝ բոլորը նկարում են: Ու այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Նա անդրադարձավ նաեւ իրենց՝ հոկտեմբեր ամսից սկսած նախաձեռնությանը՝ «Մոսկվա» կինոթատրոնում ամեն շաբաթ կազմակերպվող 2008-2009թթ. արտադրության գեղարվեստական, լիամետրաժ, կարճամետրաժ եւ այլ ֆիլմերի ցուցադրություններին ու շնորհանդեսներին: Գ. Գեւորգյանն ասաց, որ հայկական կինոն հասու է դարձրել նաեւ սահմանամերձ շրջաններին ու զորամասերին, իսկ այս տարի Կաննի կինոշուկային մեր երկրի մասնակցությունը 50-ից ավելի առաջարկներ է բերել, հայ ռեժիսորների ֆիլմերն էլ՝ 20-ից ավելի մրցանակ՝ տարբեր փառատոներից:

 

:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել