Լրահոս
Օրվա լրահոսը

Վավերագրական կինոյի թաղման օրը

Դեկտեմբեր 12,2009 00:00

Դեկտեմբերի 1-10-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունեցել հայ ռեժիսորների 31 ֆիլմերի ցուցադրում, որը, կազմակերպիչների խոսքով, նախեւառաջ երիտասարդների համար էր: Երեկ էլ նույն միությունում կինոգործիչների եւ ժամանակակից ռեժիսորների մասնակցությամբ կայացավ ֆիլմերին եւ ժամանակակից կինոյին վերաբերող քննարկում: Կինոդիտումների միայն առաջին օրն է մարդաշատ եղել, իսկ հաջորդող օրերին ներկա էր 7-10 հանդիսատես: Այս առնչությամբ կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը կարծիք հայտնեց. «Ցուցադրումը եւս մեկ անգամ փաստեց, որ լուրջ խզում կա կինոյի եւ հանդիսատեսի միջեւ: Կապը կինոարվեստի, հանդիսատեսի եւ հասարակության միջեւ՝ կտրվել է, որի արտացոլումն է այսօրվա կինոքննադատության բացակայությունը: Քննադատներ կան, բայց քննադատություն՝ ոչ»: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը հայտնեց, որ 2010 թ. իր ղեկավարած «Հայկ» վավերագրական ստուդիան 16-17 ֆիլմ կունենա, նախատեսված է նաեւ խաղարկային կինոյի մի քանի դեբյուտ: Ավագ սերնդի կինոգործիչները խոսք տվեցին նաեւ երիտասարդներին: Ռեժիսոր Ռաֆիկ Մովսիսյանի կարծիքով՝ վավերագրական ֆիլմը Հայաստանում մեռած է: Նա համաձայն է, որ վավերագրական կինոն մեծ պահանջարկ ունի հենց հեռուստատեսության կողմից, բայց զարմանում է եւ չի հասկանում. «Եթե մեր կինոստուդիան անում է հեռուստավավերագրական ժանրով ֆիլմ, ինչո՞ւ պետք է այդ ֆիլմերը տեսնենք փակ դիտումներով, այլ ոչ՝ հեռուստատեսությամբ: Իմ տեսած վավերագրական ֆիլմերի մեծ մասը պատմում է, թե ինչ է լինելու վաղը, բայց ապագայում ո՞ր ֆիլմն է մեր իրականության մասին տեղեկատվություն թողնելու»,- հարցնում է ներկա կինոգործիչներին՝ երիտասարդը ու շարունակում, որ վավերագրական կինոն այսօր ընդամենը դարձել է հեռուստատեսային ֆիլմ եւ անիմաստ է խոսել վավերագրական կինոյի զարգացման մասին: Իսկ հեռուստավավերագրության մեջ ընդունված է, որ հեռուստապրոդյուսերներին հետաքրքիր չէ, թե հանդիսատեսի ո՞ր զանգվածն է իրենց տեսնում, իրենց համար կարեւորը ռեյտինգն է եւ ոչ թե որակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել