Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ նալին, ո՛չ մեխին»

Ապրիլ 01,2010 00:00

Երեկ պարզվեց, որ ՍԴ-ն հերթական անգամ հենց այսպիսի որոշում է ընդունել

«Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ մարտի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ բավարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումները՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՝ արդարացվածին պատճառված վնասի հատուցման կարգը սահմանող 67-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ «Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով» դրույթն ու նաեւ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը՝ «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները», հակասահմանադրական ճանաչելու պահանջը: Հիշեցնենք, որ դիմողները մասնավորապես ՀՀ քր. դատ. օր.-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասը վիճարկել են այն հիմքով, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի պահանջներին եւ խախտում է անմեղության կանխավարկածի իրավունքը։ Նրանց պնդմամբ՝ «այդ հակասությունը դրսեւորվում է նրանում, որ վիճարկվող դրույթով նախատեսված՝ քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի կիրառմամբ ընդունված ակտերն ընթերցողի մոտ չփարատված կասկածների մասին համոզմունք են ձեւավորում, ինչն անհամատեղելի է անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ»։ Դիմողները գտնում էին, որ վիճարկվող դրույթում նշված հիմքով գործի կարճման դեպքում վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ գիտակցության մեջ շարունակում է պահպանվել հանցագործությանը մեղադրյալի մասնակցության փաստի վերաբերյալ կասկածը, որը հիմնավորող ապացույցները բավարար չեն։ Եթե ՍԴ-ն դիմողների պահանջը բավարարեր, ապա, ինչպես նույն օրն ասել էին դիմողների լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը, նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներն ու նախկին քաղկալանավորների փաստաբանները, ՍԴ այս որոշումը հիմք կդառնա, որպեսզի բոլոր նրանք, ովքեր արդարացվել են ապացույցների անբավարարության հիմքով, դիմեն դատական ատյաններին՝ վերացնելու իրենց նկատմամբ կիրառված օրենքի այս դրույթը եւ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեն եւ քրգործերը կարճելու որոշումները վերանայեն ու նոր՝ «հանցակազմի բացակայության» հիմքով նոր որոշումներ կայացնեն:
Բայց, ինչպես միշտ, ՍԴ-ն այս անգամ էլ որոշել է  հարազատ մնալ իր՝ «ո՛չ նալին խփել, ո՛չ մեխին» սկզբունքին եւ կայացրել է բացարձակապես, փաստաբանների կարծիքով՝ ուղղակի ծիծաղելի  որոշում (դրա մասին առաջիկայում մանրամասնորեն դեռ կխոսվի): Ի դեպ, այդ որոշումը ՍԴ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է միայն մարտի 31-ին, իսկ մինչ այդ նույնիսկ դիմողների ներկայացուցիչների մոտ  էր այնպիսի տպավորություն եղել, թե ՍԴ-ն իրենց վստահորդների դիմումները բավարարել եւ հակասահմանադրական է ճանաչել օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ: Բայց երեկ պաշտոնապես հրապարակված որոշումից պարզ դարձավ, որ ՍԴ-ն «ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) եւ 21-րդ հոդվածի պահանջներին հակասող եւ անվավեր» է ճանաչել 35-րդ հոդվածի 2-րդ մասի միայն այս՝ «…իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ: Իսկ դա, ըստ էության, ոչինչ չի փոխում եւ չի լուծում դիմումատուների բարձրացրած հարցը ու նշանակում է, որ ի տարբերություն մարտի 30-ին արված լավատեսական հայտարարությունների, մասնավորապես նաեւ նախկին այն քաղկալանավորները, որոնց նկատմամբ հարուցված քրգործերի վարույթը կարճվել եւ քրեական հետապնդումն էլ դադարեցվել է, իբր,  «ապացույցների անբավարարության հիմքով», Հայաստանում այլեւս զրկվեցին իրենց մասով «հանցակազմի բացակայության հիմքով» արդարացման դատավճիռներ ակնկալելու բոլոր հույսերից: Ի դեպ, ակնկալվում է, որ ընդդիմությունը ՍԴ այս որոշման մասին առաջիկա օրերին դեռ կխոսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել