Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը

Դեկտեմբեր 14,2011 10:06

Ձայների ճնշող մեծամասնությամբ դեկտեմբերի 13-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը:

Թուրքիայում կրոնական ազատություններին վերաբերող Կոնգրեսի բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը երաշխավորել երկրի քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև վերադարձնել եկեղեցիներին պատկանող սեփականությունը:

Կալիֆորնիայից հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի նախաձեռնությամբ բանաձևն այս տարվա հուլիսի 20-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ձայների 43 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

Բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստին ներկայացվեց պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորի կողմից, խորհրդարանական հատուկ արագացված քվեարկությանը, որի ընթացքում անհրաժեշտ է ԱՄՆ-ի օրենսդիրի ներկայացուցիչների առնվազն երկու երրորդի քվեարկությունը, այսինքն առնվազն 290 ձայն՝ բանաձևի հաստատման համար: Ի դեպ, այսօրինակ քվեարկություններ սովորաբար լինում են ոչ հակասական օրինագծերի վերաբերյալ:

Բանաձևում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում բնակվող ավելի քան 2 միլիոն հայ, հույն, ասորի, սիրիակ և այլ քրիստոնյաների միտումնավոր ոչնչացման փաստը, ինչպես նաև այն, որ այսօրվա Թուրքիայում մնացած փոքրաթիվ քրիստոնյա համայնքերին պետք է համայնքային սեփականության տնօրինման իրավունք ընձեռել:

ԱՄՆ-ի Կոնգրեսի 306-րդ բանաձևը հետևյալ 4 կետերն է առանձնացնում՝ բոլոր տեսակի կրոնական խտրականությունները դադարեցումը. եկեղեցական կառույցներին առանց որևէ սահմանափակումների կրոնական ծեսեր, կրթական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցումն իրականացնելու թույլտվությունը. եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների, հուշարձանների, սրբավայրերի, ներառյալ շարժական սեփականությունն իրենց օրինական տերերին վերադարձնելը, ինչպես նաև համայնքներին նշված տարածքներում վերակառուցման և վերականգնողական աշխատանքներ առանց սահմանափակումների իրականացնել թույլատրելը:

Թե ինչպիսի ազդեցություն կունենա Ամերիկյան օրենսդիրի կողմից ընդունված՝ Թուրքիայի կառավարությանը պարտավորեցնող բանաձևը ցույց կտա ժամանակը, սակայն քվեարկության նախօրեին Վաշինգտոնի թուրքական լոբբիստական կազմակերպությունները փորձել էին կանխել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը:

Արսեն Խառատյան

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031