Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական առաքելությունը շարունակվում է

Դեկտեմբեր 17,2011 13:52

Թե ուզում ես՝ աշխարհ անցնեմ

Ու լուսինը արեւ դարձնեմ,

Մամա, քեզ համար,

Դու իմ անուշ Հայրենիքն ես,

Ես էլ քո փոքրիկ բալիկն եմ,

Մամա, չտխրես…

Գավառի մանկատան սաներն էին երգում. ժպիտը՝ դեմքներին, կրակն՝ աչքերում: Միշտ թախծոտ աչքերով այդ երեխաների աչքերն այսօր փայլում էին. իրենց հյուր էր եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխի մայրիկին՝ Մարինա Թաշչյանին էր նվիրված այդ երգը:

Երիտասարդ ֆուտբոլիստը Գավառի մանկատուն էր այցելել բարեգործական առաքելությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղից վերադառնալով՝ Հենրիխն ուղեւորվել էր Գավառ՝ մանկատան 64 սաների համար իր հետ տանելով նվերներ. 4 համակարգիչ, մարզագույք, քաղցրավենիք ու անսահման ջերմություն, որը ոչ մի նյութական նվերով չի փոխարինվի…

Անփոխարինելի ու աննկարագրելի էր նաեւ մանկատան սաների ջերմ ընդունելությունն ու սպասումը: Ինչպես պատմեցին դաստիարակներն ու երեխաներից առավել համարձակները՝ նախօրոք հանդիպման այլ օր է նախատեսված եղել, որը համընկել է նաեւ մանկատան սաներից մեկի ծննդյան օրվա հետ: Ու փոքրիկներն անհամբեր սպասել են տոնական այցին: Սակայն ինտերնետից իմացել են ժամկետային փոփոխությունների մասին ու մի քիչ տխրել: Բայց էնտուզիազմը չի մարել, իսկ անհամբերությունն էլ կրկնապատկվել է: Դա տեսանելի դարձավ մանկատուն հասնելուն պես: Հենց մուտքից դեպի Հենրիխը վազեց 13-ամյա մի տղա՝ Արտակ անունով, ձեռքը բռնեց, ներկայացավ եւ հայտարարեց, որ ինքն էլ կուղեկցի հյուրին: Ու այդպես էլ Հենրիխի ձեռքը բաց չթողեց: Մինչ մանկատան տնօրենը մտադրվում էր պաշտոնապես ուղեկցել ու ծանոթացնել մանկատանը, փոքրիկ Արտակը սկսեց իր հարցուփորձը՝ ո՞ր դիրքում է խաղում, ի՞նչ թիմ է սիրում: Վերջում էլ խորհրդի կարգով ասաց, թե ավելի լավ կլիներ, եթե Հենրիխը «Ռեալը» սիրեր. ախր, ինքը հենց «Ռեալն» է սիրում… Համ էլ դարպասապահ է դառնալու, որ մի քանի տարի անց Հենոյի հետ մի թիմում խաղա: Իհարկե, սկզբում կսովորի, հետո նոր միայն ֆուտբոլիստ կդառնա. չէ՞ որ ֆուտբոլը կա ու կա… Բացի այդ, Արտակը հիմա գիտի՝ եթե մի բանի շատ ես հավատում, դա իրականանում է: Այ, օրինակ, ինքը. Ձմեռ պապից գնդակ ու սպորտային պարագաներ էր խնդրել, ու հիմա՝ Նոր տարվա նախաշեմին, իր սիրած ֆուտբոլիստը բերեց: Էլ ինչպե՞ս չհավատա: Արտակը հավատում է ու գիտի, որ Հայաստանի հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու է, ու ով գիտի՝ գուցե ինքն էլ իր ընկերների հետ այդ ժամանակ խաղա մեր գլխավոր թիմում: Մանկատան տղաների ցանկությունները խիստ երկրային են. նրանք ուզում են զինվոր դառնալ ու ֆուտբոլիստ՝ Հենրիխի պես: Ու ոչ միայն տղաները: Մանկատան աղջիկները նույնպես խանդավառված են ֆուտբոլով, միայն թե ֆուտբոլային մեկնաբաններ են երազում դառնալ, իսկ մի քանիսն էլ արդեն եկող տարի պատրաստվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել եւ ուսումնասիրել լրագրությունը: Բացի այդ, հենց աղջիկներն առաջինը «համարձակվեցին» պատվավոր հյուրից ինքնագիր խնդրել, ու նրանք էլ Հենրիխին դիմավորեցին շատ տպավորիչ «ֆուտբոլային պարով»՝ 1998-ի աշխարհի առաջնության պաշտոնական հիմն՝ La Copa de La Vita երգի հնչյունների ներքո՝ գնդակներով ու ֆուտբոլային մարզահագուստով «զինված»: Առհասարակ, Գավառի մանկատան սաները շռայլ նվերներին ու ոչ պակաս շռայլ ջերմությանն արժանի ընդունելություն էին կազմակերպել: Երեխաները մանկական անկեղծությամբ ու անմիջականությամբ հյուրին էին նվիրում իրենց ձեռքի աշխատանքները, անգամ հանդես էին կազմակերպել, որի ընթացքում եւ երգեցին, եւ պարեցին: Ընդ որում՝ ամենատարբեր ոճերում եւ ամենակարեւորը՝ գրագետ:

Հենրիխն էլ իր հերթին անկեղծորեն ուրախանում էր: Ու հնարավոր էլ չէր չուրախանալ. չէ՞ որ երեխաների անմիջականությունը, նվիրվածությունն ու սերը լավագույն պարգեւն են յուրաքանչյուր մարդու համար, լավագույն գնահատականը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մի բարձրագույն պարգեւի էլ արժանացավ Մարտունիում, ուր ուղեւորվեց Գավառի մանկատանը հրաժեշտ տալուց հետո: Մարտունիի՝ Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի բակում նրան սպասում էին դպրոցի աշակերտներն ու «Ալաշկերտ» ՖԱ-ի ֆուտբոլիստները: Ասես համաքաղաքային ուրախություն լիներ Մխիթարյանի այցը: Նրան դիմավորեցին զուռնա-դհոլով, աղ ու հացով, անկեղծ ծափողջույններով, իսկ արդեն դպրոցի դահլիճում՝ նվեր բերած մարզագույքն ստանալուց հետո, աշակերտները խոստովանեցին, որ շատ երջանիկ են, քանի որ իրենց դպրոցում արդեն երկրորդ կենդանի լեգենդին են հյուրընկալում. առաջինը Յուրի Վարդանյանն էր: Նման համեմատությունն ու նման բառերը մեծ արժեք ունեն ու հենց այնպես՝ առանց հիմքի, չեն ասվում: Ուրեմն՝ մեծ հոգի ունեցող երիտասարդ ֆուտբոլիստը հպարտանալու տեղ ունի: Հպարտանալու տեղ ունի նաեւ հայ ֆուտբոլասերը:

Երանի թե Հենրիխները մեր մեջ շատ լինեն…

ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031