Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռանը Ոսկեպար գետին բնապահպանական աղետ կսպառնա

Մայիս 05,2012 12:40 Share

Տավուշի մարզի Ոսկեպար գետում վերջին օրերին ջուրը այնքան է նվազել, որ գետի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվել, ափերին տհաճ հոտ է: Նախօրյակին տեղած անձրեւից մայիսի 4-ին ջրի մակարդակը որոշ չափով բարձրացել էր: Ոսկեպարի ջրերով աշխատող «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի կողմից գործարկված փոքր ՀԷԿ-ը սնուցող ջրատարով այդ օրը սակավ ջուր էր բաց թողնվել, ինչի արդյունքում եւս բարձրացել էր գետի մակարդակը: Գետամերձ իր բանջարանոցը ոռոգող ոսկեպարցի Համո Գրիգորյանն ասաց, որ ամռանը գետը կարող է լրիվ ցամաքել: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հայտնեց, որ ինքը իրավիճակի վերաբերյալ տեղյակ է պահել գետի վերին հոսանքներից սկիզբ առնող սահմանամերձ Ոսկեպար, Կոթի, Բաղանիս, Ոսկեվան գյուղերի հողերը ոռոգող ջրագիծը կառուցած շինարարական կազմակերպության եւ «Դեբեդ-Աղստեւ ջրառ» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչներին: Հրուշ Աղբալյանի վկայությամբ՝ շինարարական ընկերության ներկայացուցիչները ջրագիծը պաշտոնապես դեռեւս չեն հանձնել: Գյուղապետի խոսքերով՝ այդ ընկերության եւ «Դեբեդ-Աղստեւ ջրառ» ՓԲԸ պատասխանատուներն իրեն ասել են, որ ջրագծում մի քանի ջրթող փականներ կան, որոնց գործարկմամբ Ոսկեպար գետում ջրի նվազագույն հոսք կապահովվի: Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ոսկեվան գյուղում մասնակցեց վերոհիշյալ 4 գյուղերի հողերը ոռոգող ջրագծի հանդիսավոր բացմանը: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) վարկավորմամբ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով ջրատարի շինարարության համար ծախսվել է 5.4 մլն դոլար: Այն 4 գյուղերում պետք է ոռոգի 1100 հա տարածք, սակայն ոռոգման ներքին ցանցի բացակայության կամ մասամբ գործելու պատճառով դրանց կեսն էլ չի ոռոգվում: 2011թ. սեպտեմբերին Տավուշի մարզպետարանում այս խնդիրը քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ: 2012թ. ապրիլին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Կոթիում ունեցած հանդիպման ժամանակ կոթեցիները նախարարին դժգոհել են, որ ներքին ցանցի բացակայության հետեւանքով այդ ջրագծով Կոթի հասցված ջուրը Ադրբեջան է հոսում: Ամռան տապին, երբ Ոսկեպար գետում ջուրը խիստ կպակասի, ոռոգման ջրի պահանջն էլ կմեծանա, Ոսկեպար գետին բնապահպանական աղետ է սպառնալու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031