Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց (տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2012 16:13

Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը, որպես հայկական բանակի ընտրյալ սպաներ` 2003 թվականին գործուղվել էին Բուդապեշտ` ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակցելու համար: Շուրջ 20 երկրների սպաների շարքում էին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը եւ Անար Ալիեւը: Նրանք ապրում էին ռազմական հանրակացարանում, որտեղ էլ քնած ժամանակ Սաֆարովի կողմից կացնահարվել է հայ սպան` Գուրգեն Մարգարյանը:

Ի դեպ`ադրբեջանցու կողմից մահափորձ է եղել նաեւ Հայկ Մակուչյանի նկատմամբ, սակայն այս դեպքում նրան փրկել է լիտվացի հարեւանը: 2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման միջնորդության: Մեկ տարի անց ադրբեջանցիները դիմեցին վերաքննիչ դատարան, բայց որոշումը մնաց անփոփոխ: Չնայած դրան, ադրբեջանցի սպան վերադարձել է Ադրբեջան ու արժանացել ներման:

Իսկ այսօր «Հայազն» երիտասարդական միությունը բողոքի ցույց էր կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք նախ իրենց դժգոհությունն արտահայտեցին, ապա շարժվեցին դեպի Հունգարիայի հյուպատոսարան: Այստեղ նրանց միացան նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսումնական միությունը, «Ազգ» երիտասարդական գիտամշակութային միությունը: Եկել էին նաեւ մարդիկ, ովքեր դժգոհ էին կատարվածից: Հյուպատոսարանի մոտ նրանք վանկարկում էին` փառք Հայաստանին, մահ ոսոխին, արդարություն, ամոթ Հունգարիային, իսկ «Հայազն» միությունը վառեց Ադրբեջանի դրոշը:

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սա դավաճանություն է ոչ միայն հայերի, այլ նաեւ մարդկության հանդեպ: Հունգարիայի եւ Ադրբեջանի կատարած քայլն իր համար ստորություն է. «Մենք պետք է պահանջենք, որպեսզի ամբողջ աշխարհը պայքարի սրա դեմ: Առաջինը մենք պետք է պահանջատեր լինենք, որ արդարությունը վերականգնվի եւ հետո նոր պետք է ամբողջ աշխարհին ոտքի հանենք»: Երգիչը կողմ է վիրժառությանը, բայց ինչ ձեւով` կապ չունի:

Արթուր Իսպիրյանի վրդովմունքը կատարվածից մեծ է. «Ամբողջ աշխարհն է սա տեսնում, թե ինչպես են հարեւան երկրները վերաբերվում հայերին: Գիտեն մեղավորներին, բայց ոչ մի քայլ չեն անում: Սփյուռքի դերը շատ մեծ է, նրանք հզոր ուժ են մեզ համար: Մենք պետք է ուժեղ լինենք, հասարակությանը պետք է պայքարի սրա դեմ: Այսօր ավելի շատ պետք է լինեին մարդիկ, ամբողջ երիտասարդությունը պետք է գար: Ես չեմ տեսել մի դեպք, երբ քնած մարդուն կացնահարում են՝ հերոս դառնալու համար: Ամբողջ աշխարհը պետք է թքի Ադրբեջանի, հատկապես Ալիեւի երեսին: Գուրգեն Մարգարյանի սպանությունը նրանց ոչ մի օգուտ չտվեց, հակառակը` ապացուցեց, որ իրենք վախկոտ ազգ են եւ հարձակվում են կամ քնած ժամանակ, կամ էլ կրակում են դիպուկահարից»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930