Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին կարծես նահանջում է

Հոկտեմբեր 12,2012 11:29

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպումը, որը, ըստ խիստ հավաստի տեղեկությունների, լարված մթնոլորտում է անցել, նույն նոտայի վրա էլ ավարտվել է:

Մենք տեղեկացրել էինք, որ այդ հանդիպումից հետո երկուստեք տրամադրություններն այնպիսին էին, որ երեկ այս երկու կուսակցությունների ապահարզանի մասին հայտարարություն էր սպասվում։ Առաջինը պետք է հանդես գար Խաչատուր Քոբոբելյանը, ինչը եւ երեկ արեց։ Հիմա այդ հայտարարությունը պետք է քննարկվի «Ժառանգությունում», եւ դրանից է կախված ամեն ինչ։ Երեկ մենք որոշ պարզաբանումներ ստացանք ԱԴ նախագահից։

– Պարոն Քոքոբելյան, նախօրեին բոլորն սպասում էին ձեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո պարզաբանումներին, մենք հավաստի տեղեկություն ստացանք, որ ապահարզան է կայանալու, բայց հիմա տեղեկություններ կան, որ փորձ է արվում կամուրջ չայրել, այսինքն՝ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն է փորձում նահանջել, ի՞նչ է փոխվել։

– Ես չէի ուզի այդ կոնտեքստում նայենք հարցը, նահանջելու կամ չնահանջելու խնդիր չի քննարկվել։ Մենք խոսել ենք շատ, շատ խնդիրներից, նաեւ այն խնդրից, որը հնչեցվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի ասուլիսի ընթացքում՝ կապված պայմանավորվածությունների հետ։ Հստակ ասեմ, որ ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատները երկուստեք վայր դնելու որեւէ պայմանավորվածություն չենք ունեցել։ Իմ պատկերացմամբ, դա թյուրըմբռնում է եղել եւ միգուցե նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ակնկալիք, որ ես էլ կհետեւեմ նրա քայլին։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակի վերախմբավորումներին կամ այն նոր, այլ իմաստային տեսքի բերելուն, կա մի պարզ իրողություն՝ մենք ընտրություններին գնացել ենք այդ ցուցակով, բնականաբար, շատ դժգոհություններ են եղել, այդ թվում նաեւ՝ շատ-շատ խնդիրներ ինձ չեն գոհացրել, բայց ընտրական պրոցեսներն այդպիսին են, եւ ընտրությունների ժամանակ ցուցակներից միշտ դժգոհողներ լինում են։ Մենք, կարելի է ասել՝ շատ մեծ դժվարությամբ (նախկինում մենք այդ մասին շատ չէինք խոսում, բայց հանրության համար էլ տեսանելի էր, լրագրողների համար էլ) կազմեցինք ցուցակը, խնդիրներ շատ առաջացան, ավելին, մենք ունեցանք երկուստեք կորուստներ՝ թե՛ «Ժառանգությունը», թե՛ մենք, որի համար ես շատ ցավում եմ։ Ինչեւիցե, դա ավարտվեց, եւ դրանից հետո սկսվեց նոր քննարկումների փուլ, որ կարող է մեկը զիջել մյուսին եւ այլն։ Նախ, ի սկզբանե կարելի էր ցուցակը այնպես կազմել, որ ցանկալի մարդիկ ավելի առաջ լինեն, եթե այդպիսիք են, առանց վիրավորելու առաջին մասում գտնվողներին եւ առանց ստորադասելու ավելի հետին պլանում գտնվողներին։ Ես ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ, բայց կա մի հստակ բան՝ մենք դեռեւս մայիսի 13-ին հանդես ենք եկել վարչության հայտարարությամբ, որ ԱԴ-ն որեւէ տեղաշարժ կամ վերադասավորումներ չի անելու, եւ դա հրապարակվել է։ Եւ եւս մեկ անգամ ասել եղել է, չի եղել, կարծում եմ, անհարիր է։

– Ստացվեց, Րաֆֆի Հովհաննիսյանը սուտ էր խոսում։

– Դա ձեր մեկնաբանությունն է, եւ ես կոռեկտ չեմ համարում նման մեկնաբանությունը։

Մի խոսքով, Քոքոբելյանը չի հրաժարվելու պատգամավորական մանդատից։ «Ժառանգության» եւ ԱԴ-ի մյուս խնդիրը կապված էր նախագահական ընտրությունների հետ։ Ինչպես տեղեկացրել էինք, 2 կուսակցությունների հարաբերություններն այնքան սրված էին, որ չէր բացառվում՝ ԱԴ-ն Հովհաննիսյանի թեկնածությունը չսատարեր, եթե նա որոշեր առաջադրվել։ Սույն խնդրի վերաբերյալ երեկ Քոքոբելյանը մեզ ասաց. «Մեր մեջ եղել է պայմանավորվածություն եւ առ այս պահը կա այդ պայմանավորվածությունը, որ գնում ենք երկարաժամկետ քաղաքական պրոցեսի՝ միասնական թիմով, նկատի ունեմ ե՛ւ ԱԺ ընտրությունները, ե՛ւ նախագահի եւ դրան հաջորդող քաղաքապետի ընտրությունները։ Գոնե այդ 2 ընտրությունների մասով մեզ մոտ եղել է պայմանավորվածություն, որ գնանք միասնական թեկնածուով։ Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվելու որոշում կայացնի, ԱԴ-ն եւ ես կսատարենք նրան։ Մենք այդ պայմանավորվածությունը պատրաստ ենք պահել, մենք չենք ցանկանա եւ չենք ցանկանում, որ այդքան դժվար պայմաններում կայացած այդ միավորումն ունենա որեւէ փլուզման հնարավորություն։ Ես դա հստակ ուզում եմ ասել՝ անկախ ամեն ինչից եւ նույնը ակնկալում եմ մեր գործընկերներից։ Բնականաբար, կարող են լինել ինչ-որ խնդիրներ, որովհետեւ տարաձայնություններ ունենք, դա կարող է լինել թե՛ արտաքին քաղաքականության մոտեցումների հետ կապված, թե՛ ներքին քաղաքականության, մասնավորաբար, անձնային հարաբերություններում, թեկնածուների հետ կապված: Եւ առաջիկայում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում կայացնի եւ առաջադրվի, մենք կհստակեցնենք՝ ինչ պլանով ենք գնում ընտրությունների, եւ ինչի մասին խոսել ենք նախկինում, այդ շրջանակներում պատրաստ ենք աջակցելու եւ սատարելու»: Երբ ասացինք՝ այնպիսի տպավորություն է, որ համաձայնության եք եկել՝ մանդատների խնդիրը հարթվում է, դուք նախագահական ընտրություններում նրան եք սատարում, Քոքոբելյանն ասաց. «Մենք քաղաքական առեւտուր չենք արել, որի ընթացքում գանք կոմպրոմիսային կամ այլ տիպի լուծումների, ուղղակի իրենց տեղեկացրել ենք, թե որը ինչ է եղել եւ տարբեր խնդիրներ, եւ ես փաստում եմ այն, ինչը ես ասում եմ»:

Փաստորեն, Քոքոբելյանը գնդակն ուղարկել է «Ժառանգության» դաշտը, եւ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որոշի՝ մոռանո՞ւմ է մանդատների մասին՝ փոխարենը նախագահական ընտրություններում ստանալով ԱԴ աջակցությունը, թե՝ ոչ։ Երեկ «Ժառանգության» խոսնակն ասել է, որ նախօրեի հանդիպումն իրենք քննարկելու են հոկտեմբերի 24-ին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031