Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քեզ սիրեցի, իսկ դու՝ իմ մարմնավորած կերպարին»

Հոկտեմբեր 12,2012 16:58

«Երանի ծնվեինք արդեն որպես հասուն ու խելացի մարդ, այդ դեպքում սխալներ քիչ կանեինք», – այսպես սկսեց իր պատմությունը 23-ամյա Լուսինեն:  «Թատերական ինստիտուոտում սովորելուս տարիներին հաճախ էինք ներկայացումներ բեմադրում. մի օր էլ ներկայացումներից մեկում խաղալու առաջարկ ստացա. գլխավոր հերոսուհուն պետք է մարմնավորեի», – պատմում է նա: Ամիսներ շարունակ տևած փորձերից հետո ի վերջո ներկայացումը բեմադրվեց, պրեմիերայի ստույգ օրն էլ է հիշում՝ մայիսի 7-ը: «Ներկայացման ավարտից հետո գնում եմ ետնաբեմ, և ինձ ծաղիկներով դիմավորում է մի անծանոթ երիտասարդ, ծաղիկներից հիացած ու զարմացած հարցնում եմ նրան՝ ծանո՞թ ենք, նա էլ,  ի պատասխան իմ զարմացած հայացքին, ասում է. «Արդեն այո, ես Վահեն եմ, Լուսինե ջան», ժպտում եմ ու հեռանում», – ասում է Լուսինեն: Հաջորդ օրը Լուսինեն Վահեին տեսնում է համալսարանի մուտքի մոտ, բարևում է ու փորձում  անցնել, բայց Վահեն թույլ չի տալիս՝ խնդրելով ուղեկցել: Ճանապարհի զրույցից պարզ է դառնում, որ Վահեն Լուսինեի կուրսեցու (ով այդ ժամանակ զինծառայող էր) մտերիմ ընկերն է, ներկայացման օրը եկել է պրեմիերային ներկա լինելու և տեսնելով աղջկան՝  սիրահարվել է: Լուսինեի խոսքով՝ երբևէ նման բան չէր սպասում, այդ պահին չգիտեր ծիծաղե՞ր, ժպտա՞ր, թե՞ զսպեր իրեն: Առաջին հանդիպմանը հաջորդեց երկրորդը, հետո երրորդը ու այդպես մի քանի ամիս… Սակայն ինչպես Լուսինեն է նշում՝ ամեն ինչ ունի և՛ իր սկիզբը, և՛ վերջը, ու այդ վերջը երկար սպասեցնել չտվեց: «Օրեցօր ավելի ու ավելի էին շատանում մեր վեճերը. ես զգում էի, որ նա փորձում էր ինձ փոխել, և միշտ ասում էր՝ այ էսպես պիտի լինես, այ էսպես պետք է հագնվես, այ էսպիսի նախասիրություններ պետք է ունենաս… բայց ես անհատ եմ, և իմ առանձին պատկերացումներն ու մտածելակերպն ունեմ, – պատմում է Լուսինեն, և ավելացնում,- հաճախ էր ասում՝ հեչ խաղացածդ կերպարին նման չես, իսկ ես հիմարի նման փոխանակ ասեի՝ որովհետև դա առնվազն կերպար է, փորձում էի նմանություններ գտնել, հումորով վերաբերվել իր բոլոր նկատողություններին»: Բայց մի օր Լուսինեն էլ չի կարողանում իր մեջ խեղդել վիրավորանքն ու հեռանում է Վահեից, վերջինս էլ չի փորձում նրան ետ բերել: Բաժանումից օրեր անց, երբ Լուսինեն «մարսում» է կատարվածը, որոշում է վերջնական մի նամակ ուղարկել Վահեին հետևյալ բովանդակությամբ. «Ես քեզ սիրեցի, իսկ դու՝ իմ մարմնավորած կերպարին»: Պատասխան նամակն էլ չուշացավ. «Երևի…», – գրել էր Վահեն:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031