Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես Վոլոչկովայի այլընտրանքը չունեմ». Արմեն Մարտիրոսյան

Մարտ 26,2013 22:16

Նա վստահեցնում է, որ Վոլոչկովայի եւ առհասարակ «դրսից ներմուծված» նման ծառայությունների կարիք չկա:

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վստահեցնում էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիշերը 3-4 ժամ է քնում, Երեւանն ուզում է դարձնել Փարիզ:

Aravot.am-ը «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրրվեց, թե ինքը Երեւանը ո՞ր մայրաքաղաքին է նմանեցնելու եւ ի՞նչ է պատրաստվում դարձնել: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես Երեւանը պատրաստվում եմ Երեւան դարձնել եւ այն կոլորիտը, որ եղել է Երեւանում, այդ կոլորիտը վերականգնել: Բացարձակ չեմ ուզում ոչ Փարիզ դարձնել, ոչ Հռոմ, ոչ Բեռլին: Երեւանը պետք է Երեւան մնա առաջին հերթին՝ իր նիստուկացով, իր երեւանյան յուրահատուկ մթնոլորտով, իր մարդկային ջերմ հարաբերությունով»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ երազում է, որ այնպիսի մթնոլորտ լինի, որ քաղաքացիները ստիպված չլինեն գիշերը 3-4 ժամ քնել՝ անընդհատ պայքարի ռեժիմում լինելով. «Իմ ցանկությունն այն է, որ նմանատիպ խնդիրներ չառաջանան առաջին հերթին: Այն, ինչ մինչեւ հիմա կատարվել է, որեւէ նորմերի, որեւէ տրամաբանության չի ենթարկվում, ուստի այնպիսի իրավիճակ պետք է  ստեղծեմ, որ 4 տարվա ընթացքում ես նորմալ գիշերը կարողանամ քնել, ամեն մարդ իր գործը կատարի, համայնքային ծառայողն իր ծառայությունն իրականացնի, ոչ թե ձայնաբերությամբ զբաղվի, կրթական օջախներն իրենց գործառույթն իրականացնեն, Երեւանի տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունենան ազատ գործել, ոչ թե իրենց շահերը ստորադասվեն խոշորների շահերին եւ գերեկամուտներ ապահովեն նրանց համար»:

Տարոն Մարգարյանը սոցցանցերում, մամուլում բուռն քննադատության ենթարկվեց՝ հարեւան Ռուսաստանից հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովային Երեւան բերելու,նրան մայրաքաղաքային համերգներին մասնակից դարձնելու, բաց լուսանկարների համար: Մեր հարցին՝ Ձեզ համար Վոլոչկովայի այլընտրանքը ո՞րն է, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես Վոլոչկովայի այլընտրանքը չունեմ: Ես ունեմ  որոշակի պատկերացումներ, թե ինչպիսին պիտի լինի ե՛ւ մշակութային կյանքը Երեւանում, ե՛ւ տոնական միջոցառումները: Ես կարծում եմ՝ Հայաստանն ունի բազմաթիվ իրական արվեստագետներ՝ երգիչներ, երգչուհիներ, արտիստներ, եւ իրենք են, որ պետք է երեւանյան մթնոլորտի հենց այդ յուրահատկությունն ապահովել»

Հարցին՝ Դուք չե՞ք հրավիրի Վոլոչկովային, նա պատասխանեց. «Ես այդպիսի քայլ միանշանակ չեմ անի: Ցանկացած պարագայում, կարծում եմ, այնքան տաղանդավոր ազգ ենք, որ մեր երաժիշտներն են այլ վայրերում գեղեցկացնում միջոցառումները: Չեմ կարծում, որ նմանատիպ ծառայությունների կարիքը կա՝ դրսից ներմուծված: Ես ունեմ իմ որոշակի արժեքային համակարգը, որի մեջ մտնում են նաեւ պատկերացումներ արվեստի եւ մշակույթի վերաբերյալ: Բայց առաջին հերթին իմ պատկերացումներով չէ, որ պետք է առաջ շարժվեմ, դրա համար կան հատուկ մարդիկ՝ արվեստաբաններ, դերասաներ, երգիչ-երգչուհիներ, որոնք պրոֆեսիոնալ են, եւ պետք է ոչ թե իմ ճաշակը իրենց թելադրեմ, այլ իրենք իրենց ճաշակը պետք է բոլորիս պարտադրեն»:

Նա նաեւ քննադատեց Տարոն Մարգարյանին՝ ոչ քրիստոնեավայել մոտեցման համար. «Որքանո՞վ էր ճիշտ Ծառզարդարի տոնի օրը հայտարարել շաբաթօրյակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. կեցցես Արմեն,բավական է կապկել ուրիշներին, առաջին հերթին պետք է սեփական դեմքը ունենալ և չկորցնել այն…

  2. Համամիտ եմ Արմեն Մարտիրոսյանին, Երեվանը պետք է Երեվան լինի,իր անցյալով ու ներկայով,ունենա իր ուրույն դեմքը…

  3. Արմեն says:

    Էժանագին մտքեով քաղաքապետ չեն դառնում, առավել եվս ընտրվում;

    Վալաչկովան ոչ մեկին հեղինակություն չի բերել ու դրանով Տարոնը երբեք չի հպարտացել:

    Ես դեռ չգիտեմ ում եմ ընտրելու, բայց հաստատ դա Ժառանգությունն ու ՀԱԿ չեն լինելու;

  4. Maxim says:

    Ինչպես միշտ,՝ այս անգամ ևս հավատում եմ Արմեն Մարտիրոսյանի ազնվությանը, ինչը որ չէի ասի Տարոն Մարգարյանի մասին, թեկուզ իր աներձագի կամ երբ հախագահական ընտրություններին հայտարարեց, որ 150 վարորդի և 200-ից ավել թափուր տեղեր ունի քաղաքապետարանը, որը մեղմ ասած,՝ բացարձակ չէր համապատասխանում իրականությանը: Եթե Անդրանիկ Մարգարյանը իրոք պարկեշտ մարդ էր, ապա նրա որդին՝ Տարոնը լոկ ձևացնում է, իհարկե դրական որակներ ունի, որը չի կարելի համեմատել այն ոհմակի անդամների հետ, որում նա գտնվում է: Ինձ ավելի հարգալից է,՝ Արմենի՝ խելամիտ, պարզ, անկեղծ, անմիջական դիրքորոշումները, միայն մի բան հասկանալի չէ,՝ թե ինչպես այդ որակները կարող է դրսևորել այդ ոհմակով շրջապատված, երբ ընտրվի քաղաքապետ:
    Իսկ Տարոնը ինչպես տեսնում ենք այն ասացվածքով է ուղղորդվում, որ խելոք գառը յոթը մոր կաթ
    կուտի: Հիշենք նաև Մաշտոցի պուրակում, երբ ապին էկավ ու ասա, – Տարոն բալա, մատաղըտ տառնամ, սուրուն չի: Մեջքը փաղակշելով տվեց իր դիզայներական և էսթետիկական խրատը: Տարոնը գլուխը հանդարտ վեր ու վար անելով տվեց իր համաձայնությունը: Իհարկե, եթե ուրևէ մեկը ինձ հարց տար, որ եթե ես լինեի ինչպես կվարվեի, ապա ես կասեի, բոլորովին այլ կերպ, որի
    համար էլ ես միայն իմ տեղն եմ, անկախ նրանից լավ է թե վատ: Իսկ սուտը, կեղծը աններելի է, որի
    հետ ժողովուրդը լրիվ համակերպվել է, և կարծես ազնվությունից ինչ որ տեղ վախենում է;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031