Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարիամ Շահինյան. Ցավում եմ, որ համերգն անցավ առանց Միրզոյանի

Ապրիլ 30,2013 16:50

Ապրիլի 28-ից մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը, որը կտեւի մինչեւ մայիսի 21-ը:

Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը նշեց, որ «Ազգային պատկերասրահը» այս տարի նվիրված է

անվանի կոմպոզիտոր, 2006-ից փառատոնի գեղարվեստական խորհուրդը նախագահող Էդվարդ Միրզոյանի հիշատակին: «Ցավում եմ, որ մեր բացման համերգն անցավ առանց Էդվարդ Միրզոյանի: Բայց այն պայծառը, լուսավորը, որ Միրզոյանը թողել էր մեզ, համերգի ընթացքում թեւածեց շքեղ Որմնանկարների սրահում՝ իր երաժշտության ներքո»,-ասաց տիկին Շահինյանը: Բացման համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգի հատուկ հյուրն է եղել շվեյցարաբնակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը:

«Ազգային պատկերասրահը» բաղկացած է 6 համերգից, որոնք, կազմակերպչի ձեւակերպմամբ, բազմաժանր են, ստեղծագործությունների եւ կատարողների առումով՝ հետաքրքիր: Հաջորդ համերգին հանդես կգա երիտասարդ, բայց արդեն նաեւ արտերկրում ճանաչում գտած դաշնակահար Հայկ Մելիքյանը: «Նրա մենահամերգը բացառություն չի կազմի փառատոնային այն գաղափարից, որ ամեն համերգ պետք է ունենա իր տրամաբանությունն ու հետաքրքրությունը: Համերգի երկրորդ բաժնում կլինեն իմպրովիզացիաներ. Հայկ Մելիքյանի եւ հանդիսատեսի համատեղ երկխոսություն կկայանա, եւ հանդիսատեսը կթելադրի թեմաներն ու կոմպոզիտորներին»,-հայտնեց Մարիամ Շահինյանը: Մյուս համերգին ելույթ կունենա փառատոնի ամենաերիտասարդ մասնակիցը՝ տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, որը անցյալ տարի հաղթել է «Եվրատեսիլում»: Նա կներկայացնի քանոնը, հանդես կգա այլ գործիքների հետ. շվի, դուդուկ, թառ, ջութակ, դաշնամուր եւ այլն:

Մայիսի 12-ի համերգը, փառատոնի ավանդույթի համաձայն, նվիրված է Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրվան, համերգին հանդես կգա նորաստեղծ, միրզոյանական քառյակը:

Մայիսի 16-ին աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովի (ՌԴ) համերգն է նախատեսված: Նա կկատարի ե՛ւ ազգային երաժշտություն, ե՛ւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների փոխադրումներ՝ բալալայկայի համար: Փառատոնը կեզրափակի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Առաջին բաժնում կլինի աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, երկրորդում՝ ազգային օպերային թատրոնի մենակատարները: Համերգն ունի «Մոցարտ-գալա» խորագիրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930