Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Եթե այսպես շարունակվի

Հունիս 28,2013 12:46

Սովորաբար ընդդիմություն բառը եզակի թվով է օգտագործվում, բայց Հայաստանի ընդդիմության մասին խոսելիս հնարավոր չէ եզակի թվով սահմանափակվել, որովհետև Հայաստանում ընդդիմությունը, մանավանդ վերջին տարիներին, բազմաթիվ ու բազմազան է, ընդ որում` մեկը մյուսից արմատապես ու էապես տարբեր, ինչպես նաև` մեկը մյուսին հակադիր, և երբեմն-երբեմն` մեկը մյուսի հանդեպ նույնիսկ թշնամաբար տրամադրված, և եթե եզակի թիվն օգտագործելով` պարզապես ընդդիմություն ասենք, համարյա ոչինչ ասած չենք լինի:

Եվ հոգնակի թվով շարունակելով` պիտի ասեմ, որ մեր ընդդիմություններից յուրաքանչյուրը միայն ու բացառապես իրեն է իրական ու արմատական ընդդիմություն համարում, իսկ մյուսներին` կեղծ, ձևական և իշխանությունների հետ համագործակցող:

Ահա իշխանություն բառն էլ հոգնակի օգտագործեցի, և, ճիշտն ասած, ինքս էլ չգիտեմ որն է ճիշտը` եզակի՞ն, թե` հոգնակին: Այսինքն, ինչպես մեզանում քաղաքականությունը, նույնպեսև քաղաքական ու քաղաքականության լեզուն վերջնական ձևավորված չէ:

Ինչ վերաբերում է ընդդիմության եզակիին ու հոգնակիին, կարող ենք ընդդիմությունների փոխարեն ընդդիմադիրներ գրել, բայց ընդդիմադիրներն ընդամենը անձեր են, իսկ ընդդիմությունները` կուսակցություններ ու կազմակերպություններ:

Ինչևէ. քանի դեռ մեր քաղաքական լեզուն վերջնական տեսք չունի, իրավունք ունենք յուրաքանչյուրս մեր իմացած ու մեր նախընտրած լեզվին ապավինել և, ինչու չէ, հարկ եղած դեպքերում նաև որոշ նորաբանություններ կիրառել, և հատկապես էս ընդդիմություն բառի հոգնակի կիրառման դեպքում է նորաբանությունը միանգամայն տեղին, որովհետև արդեն բավական ժամանակ է` Հայաստանում մեկ միասնական ընդդիմություն գոյություն չունի:

1996-ին և 2008-ին Հայաստանի իշխանության դեմ պայքարողներն ընդդիմություն էին, իսկ հիմա, այս պահին` ընդդիմություններ են, որովհետև յուրաքանչյուրն առանձին-առանձին և յուրաքանչյուրը միանգամայն յուրովի է պայքարում իշխանության դեմ, ընդ որում` յուրաքանչյուրն իրեն արմատական ու իսկական ընդդիմություն է համարում, իսկ մյուսներին` կեղծ:

Ընդդիմության բացարձակացումն ու գերագնահատումը բնորոշ է հիմնականում հետամնաց և, մասնավորապես հետխորհրդային հանրապետություններին ու հատկապես այն հանրապետություններին, որտեղ ռեժիմն ավտորիտար է: Ճիշտ է, այդ հանրապետություններում ընդդիմությունը հազվադեպ է հաջողության հասնում` հիմնականում նույն այդ ավտորիտարիզմի ու ընտրակեղծիքների պատճառով, այդուհանդերձ, ժողովրդի համակրանքն ընդդիմադիր կուսակցությունների կողմն է, որովհետև այդ երկրներում, որպես կանոն, ժողովուրդը դժգոհ է իշխանություններից` մարդու իրավունքների ոտնահարման, սոցիալական անարդարության և այլ պատճառներով: Սոցիալական անարդարությունն ու անհավասարությունը սուր է արտահայտված հատկապես հետխորհրդային հանրապետություններում, որտեղ սոցիալիզմից կապիտալիզմին կտրուկ անցումը մի խումբ մարդկանց հնարավորություն տվեց տնօրինել պետական ու ազգային գրեթե ողջ ունեցվածքը: Մարդկանց այդ խումբն անարգել շարունակում է հարստանալ պետության ու ժողովրդի հաշվին:

Բնական է, որ այս պայմաններում ժողովրդի միակ հույսն ընդդիմությունն է` սոցիալական արդարությունը որոշ չափով վերականգնելու առումով, և նույնիսկ այդպիսի հույսեր չփայփայողներն են ընդդիմության հետ հույսեր կապում, որովհետև այլ տարբերակ չունեն:

Հայաստանում էլ գրեթե նույն վիճակն է` էն տարբերությամբ, որ ընդդիմադիր միավորները ոչ մի կերպ չեն միավորվում: Բնական է, որ դրանց չմիավորման գործում իշխանությունը ջանք չպիտի խնայեր և իրականում էլ չի խնայում, բայց դա ընդդիմադիր միավորների համար ինքնարդարացման հիմք չի, և, բնականաբար, ընդդիմադիր միավորները Բաղրամյան 26-ից ուղղորդվելու մեղադրանքներ են հնչեցնում մեկը մյուսի հասցեին, բայց փոխադարձ էդ մեղադրանքներն ավելի ու ավելի հեռացնում են միավորման տեսլականը, քան` մոտեցնում:

Այսուհանդերձ, ժողովուրդը ոչ թե իշխանությանն է հավատում, այլ` ընդդիմությանը: Մեկը Լևոնին է հավատում, մյուսը` Րաֆֆիին, երրորդը` ՀԱԿ-ից հեռացածներին, չորրորդը` նախախորհրդարանին և այլն: Ահա այսպիսի բաժան-բաժան եղած հավատ:

Այսքանից հետո իրավունք չունենք մուննաթ գալ ընտրակաշառք վերցնողների վրա, մանավանդ որ` չվերցնողներն ավելի շատ են: Մանավանդ որ` չվերցնողների մեջ շատ են այնպիսիք, որոնց որևէ մեկը չի հանդգնի ընտրակաշառք առաջարկել:

Եթե այսպես շարունակվի, վաղը կարող ենք նրանց էլ կորցնել:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930