Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը դատարանում փաստաբանի հարցերին չի ցանկացել պատասխանել, որովհետեւ հարց տվողը կին է

Հուլիս 16,2013 19:43

Hetq.am. Կարեն Եսայանի սպանության գործով դատական հերթական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերաճեց սկանդալի: Դատակոչված վկաներից այսօր, ի վերջո, դատարան էր ներկայացել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ մոտ 30 հոգանոց շքախմբով:

Նիստը թեպետ նշանակված էր ժամը 14-ին, սակայն սկսվեց մեկ ժամ ուշացումով: Նախ դահլիճ լցվեցին վկայի կողմնակիցները, հետո ձեռքերը թափահարելով եւ հրահանգներ տալով հայտնվեց Վարդան Ղուկասյանը:

«Էս կամերա-բաները դուրս տարեք: Չնկարեք: Թող դուրս գան «ԳԱԼԱ»-ն, «Շանթ»-ն ու մեկ էլ «Առավոտ»-ի էն աղջիկը,- դատարանի փոխարեն որոշումներ կայացրեց վկան ու հետո փոշմանելով՝ հավելեց,- այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան»:

Դատավոր Մարտին Սարոյանը՝ ականջալուր Վարդան Ղուկասյանի հրահանգներին, կարգադրեց դատական կարգադրիչներին լրագրողներին եւս դուրս հրավիրել նիստերի դահլիճից: Ի պաշտպանություն լրագրողների իրավունքների՝ հանդես եկավ փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Ես չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է լրագրողները հեռանան դատարանի դահլիճից, եթե սա բաց, քրեական դատավարություն է, եւ ամեն ոք կարող է ներկա գտնվել, ինչո՞ւ պետք է լրագրողները դուրս գան: Վկան դեմ էր տեսախցիկներին, տեսախցիկները դուրս հանվեցին»,- փորձեց խնդիրը կարգավորել փաստաբանը: Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանի կողմնակիցները փորձում էին դահլիճից դուրս հանել նաեւ ամբաստանյալի երկու բարեկամուհիներին:

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի միջամտությունից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր սպասում էին դատարանի նախասրահում, կրկին ներս հրավիրվեցին:

«Թող, թող գան գրեն, նկարեն էլ: Մեկ է՝ սրանք որ ուզեցին, գրելու են, պրծում չկա»,-լրագրողների դահլիճ մուտք գործելուն զուգահեռ հայտարարեց նախկին քաղաքապետը:

Վկա Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել եւ դատարանը կարող է հիմք ընդունել այն:

«Կուզեք դա կարդացեք հիմա, մեկ է՝ ես ավելացնելու բան չունեմ կամ եթե կուզեք, հարցեր տվեք, պատասխանեմ»,- առաջարկեց վկան: Վերջինս՝ պատասխանելով մեղադրող Մարուխյանի հարցերին, ասաց, որ ամբաստանյալի հայրը՝ Սամվել Սարգսյանը, մեկ անգամ է եղել ընդամենն իր աշխատասենյակում: Եկել է խնամախոսության նպատակով, իսկ ինքը «վռնդել է»: Նաեւ հավելեց, որ իր աղջիկներին 100 հոգի է ուզել, բայց բոլորն էլ ողջ-առողջ են: Վկան ասաց նաեւ, որ իրենք եւս անակնկալի են եկել, երբ իմացել են Կարենի անհետացման մասին, անգամ մտածել են, թե կարող է պատահի վերջին պահին Եսայանները փոշմանել են եւ չեն պատրաստվում գալ նշանադրության:

Վարդան Ղուկասյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերին:

«Ես կնոջ տված հարցերի չեմ պատասխանի, ես իրա հարցերին չեմ պատասխանելու,- հայտարարեց վկան ու դիմելով դատավորին հարցրեց,- Դուք հարցեր ունե՞ք, եթե ունեք, տվեք պատասխանեմ, իսկ իրա հարցերին (նկատի ունի Լ. Սահակյանին) չեմ պատասխանի»:

Փաստաբանին հետաքրքրում էր, թե կոնկրետ ինչ են խոսել աշխատասենյակում նախկին քաղաքապետն ու ամբաստանյալի հայրը: Տեսնելով, որ վկան համառում է, իսկ փաստաբանն էլ չի հրաժարվում հնչեցրած հարցից ու սպասում է պատասխանի, դատավոր Մարտին Սարոյանը ճարահատյալ հանեց հարցը՝ պատճառաբանելով, թե այն կրկնվում է:

Փաստաբանի հարցին, թե ճանաչել է երբեւէ Մանյա Ղուկասյանը Հարություն Սարգսյանին, վկան տվեց ժխտողական պատասխան: Լուսինե Սահակյանի 3-րդ հարցին եւս Վարդան Ղուկասյանը չցանկացավ պատասխանել՝ իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ դիմացը նստածը «Դեւ» է: Նա հայտարարեց, որ եթե ամբաստնայալը մեղավոր չէ, թող դատարանը նրան ազատ արձակի:

Վկան հորդորեց դատարանին սրանով սահմանափակել իր հարցաքննությունը եւ հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Այնուհետեւ հրահանգեց իր հետ եկած համախոհներին լքել դահլիճը՝ չմոռանալով կարճ հայհոյանք նետել ամբաստանյալի եւ փաստաբանների կողմը:

Ի դեպ, ամբողջ նիստի ընթացքում դահլիճում նստած տղամարդկանց կողմից սպառնալիքներ էին հնչում փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուկուչ says:

    Հետքի տեղեկատվությունը կանխակալ է, որովհետև նա , ով տվել է այդ ինֆորմացիան կարգավորվում էր Լուսինե սահակյանի կողմից, ով էլ որոշում էր որ տեսախցիկը ու խոսափողը ուր պետք է դրվի, բերել էր իբր դիտորդների, որոնք իր մարդիկ էին, միտումնավցոր լարում էր իրավիճակը հենց Լուսինե Սահակյանը, իրեն պահում էր որպես դիրիժոր.Ինոչւ այս մասին չի գրում հետքը, ապացուցելով որ կաշառված է, սա է նաև ճշմարտության մի մասը, այն միթե ոմանց քիմքին հաճո երևույթ է, երբ , որ դատարանի դահլիճում ամբաստանյալի քույրը չուլ է անվանում Կարեն Եսայանի ընկերոջը, այդ հետը դա չի լսում?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031