Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Սկսած Սերժ Սարգսյանից` պետական բոլոր պաշտոնյաները բիզնեսմեններ են»

Նոյեմբեր 14,2013 16:47

«Այս իրավիճակի առաջին պատասխանատուն երկրի ղեկավարն ու իշխող կուսակցությունը կամ խումբն է»,-ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ի հարցին` ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ ամերիկյան գործարար պարբերական «Ֆորբսի» կատարած «Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները» ուսումնասիրության համաձայն` Հայաստանը կրկին հայտնվել է վատագույնների տասնյակում: Այդ շարքում են Մադագասկարը, Գվինեան, Ուկրաինան, Ճամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը։

Aravot.am-ը Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց` սա Հայաստանի արժանի՞ տեղն է: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Դա Հայաստանի արժանի տեղն է, և ես զարմացած եմ, որ նման օբյեկտիվ գնահատական են տվել: Երբ դիտարկում ենք տարբեր ուսումնասիրություններ, նույն «Doing Business»-ը և այլն, տեսնում ենք, որ դատական համակարգի, սեփականության, անձի պաշտպանվածության, օրենքի կիրառման, արդարադատության չափանիշներում մենք միշտ եղել ենք ծայրամասերում»:

Մեր հարցին` ինչի՞ արդյունքում ենք նման «արժանի տեղում» հայտնվել, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Վերջին 10-15 տարվա վարած տնտեսական քաղաքականության և, ընդհանրապես, վարվող քաղաքականության հետևանքն է սա, որտեղ հիմնական սկզբունքը եղել է ոչ թե տնտեսություն վարել, երկիրը կառավարելը, ժողովրդի բարեկեցության ապահովումը, այլ անձնական շահ հետապնդելով հարստանալը, աշխարհում դեռ 5000 տարի առաջ եկած ճշմարտության չկատարելը, այն, որ իշխանությունն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են: Բայց մեզ մոտ բիզնեսն այնքան է խրված կառավարման մեջ, որ տարանջատել հնարավոր չէ: Սկսած Սերժ Սարգսյանից, պետական բոլոր պաշտոնյաները բիզնեսմեններ են: Եվ եթե իշխանությունը բիզնեսով է զբաղվում, համոզված եղեք, որ ոչ մի լավ արդյունքի չենք հասնի: Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի կամ ուրիշի աշխատասենյակում նստած որոշում է, թե ինչքան պիտի լինեն այս կամ այն ապրանքատեսակների գները: Սա նոր երևույթ չէ, և դեռ 5-րդ, 6-րդ դարերում սուրբ Ավգուստինն այս մասին ասում էր, թե արդարադատությունից զուրկ պետությունը այլ բան չէ, ինչ ավազակների խումբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930