Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտը քաղաքական մրցավազքի մասն է

Փետրվար 10,2014 11:42

 Օլիմպիական խաղերը վաղուց արդեն չեն միավորում ժողովուրդներին

 Ինչպես հայտնի է, մեր դարաշրջանի Օլիմպիական խաղերի կազմակերպիչ եւ գաղափարախոս ֆրանսիացի պատմաբան եւ մանկավարժ, բարոն Պյեր դե Կուբերտենը մի գեղեցիկ ձոն ունի՝ սպորտին նվիրված: Այդ բանաստեղծության մեջ ամփոփվում է Օլիմպիական խաղերի իմաստը՝ այնպես, ինչպես որ դրանք բարոնն էր հասկանում: Ամենաշատը հայտնի է ձոնի վերջին՝ «Օ սպորտ, դու խաղաղություն ես» տունը, ըստ որի սպորտը մերձեցնում է մարդկանց, օգնում է տարբեր ժողովուրդների մեջ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն: Հակառակ Կուբերտերի ցանկության՝ այսօր սպորտը տարբեր պետությունների եւ հատկապես գերտերությունների քաղաքականության մի մասն է:

Դա առավել ցցուն դարձավ, երբ Միացյալ նահանգները եւ մի շարք արեւմտյան պետություններ բոյկոտեցին 1980 թվականի Մոսկովյան օլիմպիադան, իսկ Սովետը իր որոշ արբանյակների հետ, ի պատասխան դրան, բոյկոտեց 1984-ի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը: Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այն մարդկանց, որոնք բոյկոտել են Սոչիի օլիմպիական խաղերը (պետությունները, բարեբախտաբար, չեն բոյկոտել), անվանել է «անհեռատես»: Եվ դա ճիշտ է՝ զուտ քաղաքական տրամաբանության մեջ՝ դուք մեզ եք բոյկոտում, վաղն էլ՝ մենք ձեզ կբոյկոտենք: Աշխարհում չկա որեւէ երկիր, որի ռեժիմը չի կարելի «մահանա բռնել»՝ Օլիմպիական խաղերը բոյկոտելու համար: Պուտինը նաեւ զարգացրել է այդ միտքը՝ նշելով, որ Օլիմպիական խաղերը հակաքարոզչության առարկա են դառնում այն պատճառով, որ մրցակցային պայքարի ոլորտ են՝ բնականաբար, նկատի ունենալով ոչ սպորտային մրցակցությունը:

Ընդհանրապես, եկեք անկեղծ լինենք՝ ի՞նչ է սպորտային խոշոր մրցաշարերից մնացել բուն սպորտից: Բարոն դե Կուբերտենը վերահիշյալ ձոնում նշում էր՝ օ սպորտ, դու բավականություն ես՝ մեր հոգուն եւ մարմնին տալիս ես գոյության երջանկությունը: Դու ճարտարապետ ես՝ մեր մարմինը դարձնում ես համաչափ, դու արդարություն ես՝ մարդկանց ուժին եւ ճարպկությանը տալիս ես անաչառ գնահատական, դու մարտահրավեր ես՝ օգնում ես հաղթահարել խոչընդոտները: Դու վեհանձնություն ես, որովհետեւ բարոյական արժեքներ ես քարոզում, զերծ ես անդրկուլիսային պայքարից, դու ուրախություն ես՝ քո նվաճումները ոգեւորում են շատերին:

Այդպես էր կարծում Պյեր դե Կուբերտենը: Ասացեք խնդրեմ, ո՞րն է նրա ասածներից այսօր արդիական: Ոչ մեկը, որովհետեւ նրա մտքերը սիրողական սպորտի մասին էին: Իսկ պրոֆեսիոնալ, միջազգային մակարդակի սպորտը բիզնես է, նաեւ՝ քաղաքական, այնտեղ ներգրավված տաղանդավոր մարզիկները (արդյունքի համար հաճախ տարբեր վնասակար դեղեր ընդունող) այդ պայքարի անխոնջ զինվորներն են, եւ մարդու ներդաշնակ զարգացումն ամենեւին նրանց առաջնահերթությունը չի:

Հենց այդ պատճառով էլ վերջին Օլիմպիադան, որին ես հետեւել եմ, արդեն հիշատակված Մոսկվայի Օլիմպիական խաղերն էին, իրենց հուզիչ փակումով: Սոչիի Օլիմպիադան բացվել էր, ասում են, շատ ավելի շքեղ, տեխնոլոգիապես հագեցված շոուով: Չեմ տեսել, ժամանակս ափսոսացել եմ: Բայց հավատում եմ, որ լավն էր՝ ի հեճուկս չարախոսների:

…Մի շաբաթ առաջ տարածաշրջան էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բաքվում նրանց խոստացել էին Սոչիի օլիմպիադայի ժամանակ չկրակել Հայաստանի եւ Արցախի սահմանին: Պուտինի «խաթեր»: Օ սպորտ, դու զինադադար ես:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728