Լրահոս
Օրվա լրահոսը

Ագահությո՞ւն, իներցիա՞, թե՞ «չափից ավելի թաղվածություն». ինչո՞ւ բռնակալների պատիժը մյուսների համար դաս չի դառնում

Փետրվար 28,2014 18:32 Share

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ոսկե պատերով դղյակների նկարները հեղեղել են ողջ լրատվադաշտը: Յանուկովիչի ագահության և նրա ստացած պատժի թեման այսօր արդիական է: Թվում է, թե հասարակական այսպիսի բացասական արձագանքը և Յանուկովիչի՝ համապատասխան պատասխանատվության ենթարկվելը կարող է դաս դառնալ մյուս ղեկավարների համար, որոնց մոլուցքն է պետական միջոցների յուրացումը: Բայց փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ բռնապետերի պատիժն ու նրանց լքված դղյակները այդպես էլ դաս չեն դառնում մյուս ղեկավարների համար: Ասվածի վկայությունն է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ցմահ ազատազրկումը, Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուի հետ կատարվածը և այլն:

Ի՞նչ է սա. Ագահությո՞ւն, թե՞ այս երևույթն այլ անվանում ունի:

Aravot.am-ն այս թեմաների շուրջ զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Նա նկատեց. «Բոլոր այս օրինակների դեպքում էլ կոնկրետ անհատները և նրանց իշխանական և կառավարման միջավայրն իրենք իշխանության իրացման նախապատրաստում չեն անցել: Կարծում եմ՝ պատասխանատվության խնդիրների դեպքերում միշտ գտել են լծակներ կոնկրետ պատասխանատվությունից խուսափելու և օրենքը  շրջանցելու համար: Այս դեպքերում դատարանն ու դատախազությունն են նեցուկ, կամ միշտ երաշխիքներ կան, օրինակ՝ Ռուսաստանն այս պարագայում և այլն»:

Ազգագրագետը կարծում է, որ խորհրդային բարոյականությունն ու խորհրդային ժամանակներից եկող իներցիան էլ այս հարցում լուրջ դերակատարություն ունեն: Տիկին Խառատյանը, մասնավորապես, նշեց. «Բոլորս նույն բարոյականության դաշտից ենք, որտեղ պետական ունեցվածքի յուրացումը գողություն չի եղել, եղել է լրացուցիչ վաստակի հնարավորություն: Խորհրդային դատարանը դատում էր, բարոյականությունը՝ մերժում էր: Այս բարոյականությունը եկել է մինչև այսօր և պետության ունեցվածքը դարձել է իշխանություն իրականացնող անձի սեփականության ընկալում»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ ընկալումը դեռ Հայաստանում էլ է գերակայող, տիկին Խառատյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ հիմա քաղաքացիական հասարակության ակտիվիստների մեջ ավելի ռացիոնալ դատողություն է տիրում: Մարդիկ տեսնում են, որ իշխանության այսպիսի կենտրոնացումը անձերի ձեռքին և անձերի միջոցով բոլոր ռեսուրսների խայտառակ յուրացումը աղետալի իրավիճակի է հանգեցնում»: Տիկին Խառատյանը չգիտի, թե   ներքին իշխանության լծակների կիրառման վերահսկողության ինչ մեխանիզմների դեպքում կարող է փոխվերահսկողություն լինել և իրավիճակը հավասարակշռվել: Այլապես՝ ըստ Հրանուշ Խառատյանի «Շանթի նման կգնար հրապարակ և կասեր ժողովուրդ, եկեք իշխանությունը գրավենք»:

Մեր եզրափակիչ հարցին՝ այնուամենայնիվ, Յանուկովիչի հետ կատարվածը գոնե փոքր-ինչ կսթափեցնի՞ ՀՀ ղեկավարներին, տիկին Խառատյանը պատասխանեց. «Չեմ հավատում, շատ եմ կասկածում: Մերոնք այնքան շատ են թաղված այդ ամենի մեջ, որ ուղղակի չեն կարող դուրս գալ ամենօրյա ճահճից: Այնքան փոխպատասխանատվություններ ունեն միմյանց առաջ ու հանդեպ: Ի՞նչ, լուծումը կարող է լինել նորմալ հարկային մեխանիզմների իրականացո՞ւմը: Բայց ինչպես, այն դեպքում, երբ այդ մարդկանցից փող են վերցրել, ընտրվել, հիմա ասեն ինձ փո՞ղ տուր, փող չի տա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգարժան տիկին Հրանուշ Խառատյանի յուրականչյուր մեկնաբանություն լի է մտորումների պաշարով,՝ ուստի հասկացողի համար։ Խաշակալած ուղեղներով՝ կեղծ նժդեհականներին այն կհասնի միայն մի դեպքում,՝ երբ հարկադրաբար նրանց ուղեղներից խաշի որոշ քանակություն, հարկադրաբար արտահոսք կատարվի՝ մեխանիկական եղանակով։

Պատասխանել