Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի

Ապրիլ 12,2014 16:23

 Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։

Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես են գալիս երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։

Գիտաժողովին ուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդն օտար երկրներում 100 և ավելի տարիների ընթացքում ստեղծել է ավելի քան 18 համահայկական կառույցներ և 30 հազարից ավելի հայկական կազմակերպություններ և 80 տարի շարունակ պայքարել է Ցեղասպանության ճանաչման, իր իրավունքների վերականգնման համար։ Այժմ, երբ իրականացել է մեր դարավոր երազանքը, և ունենք 2 անկախ հայկական պետություն, առավել քան հնարավորություններ կան մեր նպատակներին հասնելու համար։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, նրա հետևանքների վերացմանն ուղղված գործընթացները ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություններից են»,- նշված է ուղերձում։ Տիկին Հակոբյանը, իր ուղերձում դիմելով երիտասարդներին, կոչ է անում սկսել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հուշերը, վկայություններն ու պատմածները գրի առնելու շարժում։

Գիտաժողովի ընթացքում բանախոսները նկատում են, որ հայկական կողմը պետք է կարողանա Ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցույց տալ համայն մարդկությանը։ Եթե Հայոց ողբերգությունն արդարացի կերպով միջազգային հանցագործություն չճանաչվի, հետագայում նման ոճիրները կարող են սպառնալ նաև մյուս ժողովուրդներին։ Երիտասարդ մասնագետները շեշտեցին, որ Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի։

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով գիտաժողովի նպատակն է վեր հանել թուրքական ժխտողականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում բացահայտել և օգտագործել երիտասարդ գիտնականների ներուժը, համախմբել Ցեղասպանության խնդրով զբաղվող երիտասարդ մասնագետներին և համատեղ մշակել միասնական ռազմավարություն նշված հարցի լուծման նպատակով։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930