Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պատրաստվում է վերցրած վարկերը փակել բնակչության գրպանի հաշվին. «Հայոց աշխարհ»

Հունիս 10,2014 12:30

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին լուրը անակնկալի է բերել բնակչությանը. ակնհայտ է, որ 10 տոկոսով թանկացող էլեկտրաէներգիան մի նոր սոցիալական բեռ կդառնա սպառողների ուսերին:

Ո՞րն է հոսանքի սակագնի թանկացման իրական պատճառը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հակիրճ հայտարարության մեջ նույնքան հակիրճ բացատրություն է տալիս. համակարգի ընկերություններում առաջացել է 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք, ինչն անհրաժեշտ է փակել: Պարզվում է, ճեղքվածը փակելու նախընտրելի տարբերակը հասարակության գրպանն է:

Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն իր պատասխանով կարծես ամեն ինչ իր տեղը գցեց. «Մոտենում է արտոնյալ ժամկետներով վերցված վարկերի մուծման ժամանակը»: Ստացվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պատրաստվում է վերցրած վարկերը փակել բնակչության գրպանի հաշվին, այն դեպքում, երբ ո՛չ թոշակն է բարձրանում, ո՛չ աշխատավարձը:

Խոսրով Հարությունյանը հարց է ուղղում հանձնաժողովին՝ արդյոք բալանսավորվե՞լ են սպառողի ու ծառայություն մատուցողի շահերը: Եթե սակագինը բարձրացնելով նպաստում են տնտեսավարողի ֆինանսական վիճակի կարգավորմանը, ապա դրանից չե՞ն նվազի սպառման ծավալները, արդյոք չի՞ ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդիկ ստիպված կլինեն ճրագ ու մոմ օգտագործել: Այս ուսումնասիրությունները հանձնաժողովը պարտավոր է կատարել:

Հանձնաժողովի ներկայացրած այն փաստարկին, թե համակարգի ընկերությունները կանգնել են 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածքի առաջ, Խոսրով Հարությունյանն այս կերպ արձագանքեց. «Չգիտեմ, թե ինչն է եղել այդ ճեղքվածքի պատճառը, դա անհասկանալի է, մանավանդ երբ երկրում տեղի չի ունեցել սոսկալի գնաճ, մասնավորաբար այն ապրանքատեսակների մասով, որոնք կարող էին ազդել տվյալ ծառայության ինքնարժեքի վրա»:

Ինչ վերաբերում է գազին, ապա «գազի սակագնի բարձրացման ժամանակ մենք արդեն հաշվի էինք առել դա եւ 8 դրամ ավելացրինք՝ այն 30-ից դարձնելով 38 դրամ: Հետեւաբար գազի սակագնի բարձրացումը չի կարող այսօր պատճառ դառնալ էներգիայի սակագնի բարձրացման համար»:

Թանկացման մյուս վարկածը պայմանավորվում է Մեծամորի ատոմակայանի արտահերթ կանգով. նախորդ տարի այն չի գործել 4 ամիս` 15 օրվա փոխարեն, ինչի հետեւանքով բաշխիչ ցանցերը ստիպված թանկ գնով հոսանք են գնել ջերմային կայաններից: «Միգուցե սա էլ կարելի է պատճառ համարել, պետք է ուսումնասիրել, բայց համոզված եմ, որ մենք ունենք նաեւ չօգտագործված ռեզերվներ հիդրոէլեկտրակայաններում»:

Պատգամավորը մտահոգ է` վաղը բաշխիչ ցանցերում կարող է հայտնվել մի ապաշնորհ մենեջեր, ստացվում է՝ մենք անընդհատ սակագին ենք բարձրացնելո՞ւ, քաղաքացին անընդհատ վճարելու է նրանց ոչ պրոֆեսիոնալ գործունեության համա՞ր:
«Սակագինը բարձրացնելով՝ ուզում են ճեղքվածքը կոմպենսացնել: Բայց, կներեք, նախ եկեք պատճառը հասկանանք, ինչո՞ւ է առաջացել ճեղքվածքը: Բիզնեսի համար ամենակարեւորը սպառումն է, իսկ այս բիզնեսը երաշխավորված սպառում ունի, այնպես չէ, որ արտադրել են ու չգիտեն ում վաճառել:

Այսինքն՝ այս բիզնեսի համար սպառումը սպառնալիք չէ, ուրեմն ինչո՞ւ բարձրացնել սակագինը, եթե գազը այս ընթացքում չի թանկացել: Ուրեմն վատ եք աշխատել, ավելորդ ծախսեր եք արել, դե, կներեք, եթե դուք նախատեսել եք ավելորդ կապիտալ ներդրումներ ձեր ցանցի արդիականացման համար, եւ դա մինչ այդ նախատեսված չէր սակագնում, ապա եկեք ներկայացրեք, պարզաբանեք` հասկանանք»:

Բացառելով ֆինանսական ճեղքվածքի առաջացման օբյեկտիվ գործոնը, այն համարելով սուբյեկտիվ գործոնի` վատ աշխատանքի հետեւանք, Խ.Հարությունյանը հայտարարում է` մինչեւ հանձնաժողովը ցույց չտա օբյեկտիվ պատճառները ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական իրավունք չունի որոշում կայացնելու: «Իսկ եթե ինձ ցույց կտան օբյեկտիվ պատճառները, ես պատրաստ եմ հետ կանգնել իմ խոսքերից»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30