Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դեղատոմսը

Հունիս 27,2014 10:18

Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին` անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները` նախարար կամ պատգամավոր: Տվյալ դեպքում ինձ համար նշանակություն չունի նաեւ, որ առաջիններն իրավացի են, իսկ երկրորդները՝ ոչ: Բողոքի ակցիաներն, իմ պատկերացմամբ, պետք է տեղավորվեն մարդկային նորմալ, հարգալից հարաբերությունների շրջանակներում` պաստառներ, երթեր, հանրահավաքներ, պիկետներ, ելույթներ եւ այլն, բայց երբեք՝ ոչ «լազված» եւ անդաստիարակ վարքի միջոցով: Մարդկային արժանապատվության համար պայքարը պետք է տանել արժանապատվորեն:

Ինձ նույնքան դուր չի գալիս, երբ երիտասարդ լրագրողները, մեծ մասամբ՝ գեղեցիկ սեռի, Ազգային ժողովում «բռնացնում են» զուգարանից դուրս եկող պատգամավորներին եւ սկսում են նրանց հետ բարձրաշխարհիկ զրույցներ վարել, որոնց մասին «ռեպորտաժը», ճիշտ է, բազմաթիվ դիտումներ է բերում: Իմ կարծիքով՝ ոչ այնքան բարձրորակ լրագրություն է, երբ օլիգարխը ԱԺ-ում նստում է բազկաթոռին, իսկ նույն երիտասարդ լրագրողները հավաքվում են նրա շուրջը եւ սկսում են, թող ներվի ինձ այդ արտահայտությունը, «լկստվել» պատգամավորի հետ: Դա նույնպես, ի վերջո, վատ դաստիարակության նշան է:

Բայց ես դեմ եմ նաեւ այն միջոցներին, որոնք փորձում է ձեռնարկել իշխանությունը այդ բացասական երեւույթների դեմ: Առաջին դեպքում դրանք «վարույթները» եւ դատերն են, որոնցով սպառնում են պատժել մանրադրամ շպրտող երիտասարդներին՝ դրանով իսկ բարձրացնելով վերջիններիս անդաստիարակությունը քաղաքական պայքարի մակարդակի:

Երկրորդ դեպքում դա անհեթեթ կանոնակարգն է, որով փորձում են սահմանափակել լրագրողների քանակը ԱԺ-ում: Նախ պահանջվող առնվազն 5 տարվա ստաժը ինքնին չի ապահովում լրագրողի մասնագիտական բարձր որակը՝ ես գիտեմ լրագրողների, որոնք 20 տարի են «լկստվում» խորհրդարանի միջանցքներում: Երկրորդ՝ լրագրողների եւ պատգամավորների միջեւ պատնեշներ ստեղծելը՝ սահմանափակելով լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը Ազգային ժողովում, նշանակում է չափից դուրս կոմֆորտային պայմաններ ստեղծել երեսփոխանների համար:

Մինչդեռ մենք գիտենք, որ մեր օրենսդիրների առնվազն կեսը անգրագետ է, չի կարողանում երկու կապակցված միտք արտահայտել եւ հենց այդ պատճառով է խուսափում լրագրողների հետ շփումներից: Նրանք վախենում են, որ իրենց «մտավոր բոբիկությունը» ամեն անգամ ի հայտ կգա հասարակության առաջ: Այդ տեսակի պատգամավորները չգիտեն, թե ինչպես է պետք շփվել լրատվամիջոցների եւ ընդհանրապես՝ մարդկանց հետ, որովհետեւ նրանց շփման հիմնական «մոդուսը» քյաբաբի սեղանի շուրջ հայհոյանքներ արտաբերելն է:

Իսկ ո՞րն է, ուրեմն, խնդիրները շտկելու եղանակը, եթե ոչ «վարչական սպառնալիքները» եւ ոչ այնքան խելամիտ կանոնակարգերը: Նոր բան ասած չեմ լինի՝ համբերատար բացատրական, լուսավորչական աշխատանքը: Բազմաթիվ այլ հարցերում դեղատոմսը նույնն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ձեր առաջարկած՝….«համբերատար բացատրական, լուսավորչական աշխատանքը»….Հայտնի առածը՝գայլի գլխին ավետարան էն կարդում….մնացածը՝նույնիսկ Ձեր նշած անգրագետ պատգամավորներն
    էլ կիմանան…։Ավելի կարճ.(փոխ.իմաստով),ավանակը մտրակից զատ,ուրիշ բան՝« պրիզնատ» գալիս՞ է…իհարկե ոչ՜.Հետեւությունը,հետեվողներին։

  2. Կարեն says:

    Նախ այդքանին լուսավորել չի լինի’ քանակը շատ մեծ է, և հետո ինչ վատ է որ ՛ տեղից հեռուստատեսությամբ հումորային հաղորդումները քիչ են, իսկ մեր երեսփոխանների պայծառ միտքն ու փիլիսոփայական “գոհարները” որոշ չափով լրացնում են այդ բացը:

  3. Կարեն Սաղաթելյան says:

    Պ. Աբրահամյան, խնդրում եմ մի երկու օրինակով ցույց տալ, ինչպես կարելի է լուսավորել մի քանի դասարանի կրթություն ունեցող մեր մականունավոր պատգամավորներին կամ հայտնի գեներալներին?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մեկ օրինակ գրականությունից: Այնպես, ինչպես եպիսկոպոս Միլիոլը լուսավորել է Ժան Վալժանին:

      • Արսեն says:

        Փաստորեն Ժան Վալժանը, ձեր համար, ռեալ կյանքում գոյություն ունեցած մարդ է, և նրա «դաստիրակությունը» ձեր համար՝ էտալոնային նմուշ է..))).. Որպես հեքիաթ՝ գեղեցիկ է, նույնիսկ՝ հուզիչ… բայց քանի անգամ եք ռեալ կյանքում, դոք նման քահանաներ հանդիպել?..)))..
        Ասեմ ավելին..)).. Ժաննա Դ՛Արկի 50-ից ավելի «պաշտոնական» կենագրական կա (ասում են), (3-ը ես կարդացել եմ՝ բոլորը իրարից տարբեր..)))…)։ Հաստատ՝ մի մարդը 50 տարբեր կենսագրություններ ունենալ չէր կարող…)))..
        Այնպես, որ գեղավեստական գրականության ռոմանտիկ ամպերից տեղափոխվեք ռեալ կյանք..)))…

      • Արսեն says:

        Կարելի էր ավելի ավելի լավ ասել օինակ. Քանի անգամ եք դուք նման քահանա տեսել? Թիվը ասեք և երդվեք “բենթլլի” արևով…)))..

      • Կարեն Սաղաթելյան says:

        Չգիտեմ ինչու, պօպ Գապոնին հիշեցի

  4. Արսեն says:

    Հարգելի ցուցարարներ, խնդրում եմ, հաջորդ անգամ մանրադրամներ մի նետեք պատգամավորնրի երեսին՝ Ա. Աբրահամյանին դա դուր չի գալիս..))).. Եթե ինչ-որ խնդիրներ են առաջացել պատգամավորների հետ ուղիղ դիմեք Ա. Աբրահամյանին՝ նա ձեր բոլոր խնդիրները կլուծի..)))..
    Ձեր մանրադրամ նետելը՝ նրան դուր չի գալիս, և տվյալ դեպքում, նրա համար նշանակություն չունի դուք եք իրավացի, թե պատգամավորները՝ բոլորիդ կպատժի։ Նրա պատկերացմամբ՝ բողոքի ակցիները պետք է տեղավորվեն հարգալից հարաբերությունների շրջանակներում՝ լավ չեք հասկանում?..))).. Բողոքել եք ուզում, ձեր տանը պաստառներ կախեք, երեկոյան հարևաններով հավաքվեք ձեր պատշգամբում և արժանապատվորեն բողոքեք (փողկապը և անթերի կոստյումը՝ պարտադիր են) …)))..

  5. Զավեն says:

    Իսկ ինձ շատ ա դուր գալիս,սակայն կարծում եմ,որ դա շոու է,ինչ-որ ատյաններից թույլատրված է դա:Քանի որ Հայաստանում նման դուխով տղերք,որ լինեին արդեն հեղափոխություն եղած կլիներ:Կարծում եմ պարզապես դա պետական ներկայացում է Եվրոպայի համար,ուզում են ցուցադրել թե մենք Ադրբեջանից ավելի ժողովրդավար ենք,մեզ լավ աչքով նայեք:Սակայն կարող է սխալվում եմ,համենայնդեպս շատ կուզենայի սխալվել:Ինձ հոդվածում մի բան է անհանգստացնում,երբ մայդանը Բերկուտի վրա,մոլոտովյան կոկտեյլներ էր նետում,դա կարծես թե ընդունելի էր Արա Աբրահամյանի կողմից:Այսինքն մետաղադրամ չի կարելի,պետք է մոլոտովյան կոկտելներ նետել????Չեմ կարծում,որ Ա.Աբրահամյանը դա նկատի ուներ,կարծում եմ,որ հարցը այստեղ ում վրա չի կարելի նետել:Յանուկովիչի վրա կարելի է,իսկ …. չի կարելի:Մետաղադրամ նետելը,դա նշանակում է,վերցրու կոպեկդ,ագահ,անկուշտ, Հուդա:Ինչքան շատ բան կա այդ արարքի մեջ,բողոք,հոգևոր արծեքներին վերադարձ,համարձակություն,վճռականություն,իսկ Ա,Աբրահամյանին դուր չի գալիս:Այսինքն,պատգամավորը հոգին ծախել,կռանում, վերևից իրեն շպրտվող գումարները, չորեքթաթ հավաքում է,սակայն ակտիվիստի մանրադրամից վիրավորվում է???Չեք կարծում,որ դա դեսկրմինացիա է???:ՃՃՃՃՃ

  6. Արթուր Ղազարեան says:

    Այլ բառով ես այդ դեղատոմսը կ’անուանէի ԿՐԹՈՒԹԻՒՆ: Այս անտանելի վիճակից հայերը դուրս պիտի գան՝ ԿՐԹՈՒԹԵԱՆՆ ապաւինելով: Ուստի, խնդրում եմ իմ սիրելի հայրենակիցներին ԿՐԹԵԼ, ԿՐԹԵԼ եւ երիցս ԿՐԹԵԼ մեր մատաղ սերունդը եւ բաղձալի արդիւնքը չի ուշանայ:
    Ներարկել մատաղ սերնդի մէջ գիտելիք, օրէնքի գերակայութիւն, նիւթական եւ հոգեւոր արժէքների պահպանում եւ ժառանգում գալիք սերունդներին:

    Ես չեմ հաւատում ոչ մի յեղափոխութեան, այլ աներկբայ հաւատում եմ, որ մեր նոր սերունդը կիրթ է լինելու ու ամէն բան անարիւն շրջուելու է դէպի աջ:

  7. Գայանե says:

    Ինձ էլ բացարձակապես դուր չի գալիս, երբ գլխավոր խմբագիրները տափակ խմբագրականներով լցնում են իրենց թերթի էջերը

  8. Արմեն Պողոսյան says:

    Շատ էլ ճիշտ է ասում Ա.Աբրահամյանը – Չի կարելի դրամ նետել պատգամավորների և նախարարների հետևից` քաջ գիտակցելով, որ նրանք տառապում են “դրամային ալլերգիա” կոչվող հիվանդությամբ: Դրան գումարած իրենք գիտեն նաև, որ դրամը ձեռքի կեղտ է, և պատկերացնում եք դուք հարգելի ակտիվիստներ – կեղտը շպրտում եք նրանց հետևից 🙂

    Հիմա նրանք ստիպված է մեծ դոզաներով “Դրամամիցին” կամ “Փողալոլ” ընդունել, որ մի կերպ զսպեն բազմապիսի նոր հիվանդությունների առաջացումը: Ի դեպ, հայտնի է նաև, որ այս դեղամիջոցը օժտված է կողմնակի ազդեցությամբ, ասել է թե նույն է ինչ Азерин-ը 🙂

    Ասեմ նաև, որ վերջերս Բրիտանական գիտնականները, փորձեր կատարելով հայ չինովնիկների վրա ապացուցել են, որ բացի դրամից, այդ մարդկանց ուղղությամբ խիստ վտանգավոր է և չի կարելի նետել.

    1. հաց, պանիր, և ընդհանրապես կերակուր

    2. շոր, կոշիկ (նամանավանդ բրենդային)

    3. շինանյութ

    4. հայհոյանք և անեծք

    Ամփոփելով նշենք, որ ըստ Ա.Աբրահամյանի տեսության, նետեք միայն քաղցր գովասանքի խոսքեր և ինչպես նաև Աստվածացրեք` աչք-ունքով հասկացնելով որ սիրում եք իրենց ավելի շատ, քան Հիսուսին:

    P.S. Վերջը ես Առավոտի և Ա.Ա.-ի թեթև ձեռքով գորիսեցի պոետ եմ դառնալու 🙂

  9. Վիգեն says:

    Երկրագունդը դարձել է վառոդով լեցուն տակառ,այն վաղ թե ուշ պայթելու է;վայ այն ժողովուրդներին որտեղ կպայթի; Որ վտանգված է Հ.Հ-ն գոյությունն անգամ, դա ել գաղտնիք չէ,այդ մասին խոսում են բոլորը;Ինչու է այդպես;Որտեղ է ձեվավորվում քաղաքականությունը կյանք առնում տարածվում իհարկե ՛՛տեղեկատվական միջոցներում.եթեր մամուլ; Նայենք եթերային միջոցները.այնտեղ ավելի շուտ և շատ կզմայլվենք Նազենիի բարեմասնություններով, բայց չեք գտնի ազգային անվտանգության,սոցիալ տնտեսական ծրագրեր տեսակետներ;Կարդանք մամուլ,այստեղ էլ ՛՛գող փիսո ու քաչալ շունն է տիրապետողը; ընդիմությունը իշխանափոխությունից..իշխանությունները իրենցից.. ու վերջ;
    Ինչու այդպես ստացվեց
    Միատար բնակչությամբ Հ-նը չդարձավ ՛՛էրգիր՛՛հակառակը ստացվեց;
    Որովհետև ոչ ոք սկսած շարքայինից վերջացրած գերագույնով, իրենց պարտականությունը չեն կատարում;Պատճառը գուցե՛՛զինվորականներն են,որ քաղաքականությամբ չեն զբաղվում;

  10. Զավեն says:

    Դե եթե սկսել եք գրականությունից խոսել,ապա ես էլ փայլեմ իմ գիտելիքներով:))Կարդալով Ա,Աբրահամյանի հոդվածները, աչքիս միշտ Բելիկովն է գալիս:Հիմա եմ հասկանում, թե ինչու է պարոն Աբրահամյանը նախընտրում ձեռքով դեմքը ծածկած այս լուսանկարը`кабы чего не вышло.

  11. Ruben says:

    Կրճատել հարկերը, իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, վառելիքի եւ հացի գները ի հաշիվ՝ պետբյուջեին հեծած պաշտոնյաների (չինովանիկների) ու պատգամավորների շխատավարձի, “կապիտալիստների” (օլիգարխների, բանկիրների) գերշահույթի և արհեստականորեն ուռճացված ՀՆԱ-ի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30