Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ՀՀԿ-ից շուտ հասավ Վարդենիս, բայց ՀՀԿ-ն չի ընդունում

Հուլիս 03,2014 18:19

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի` փոթորիկից տուժած բնակիչներին այսօր կառավարությունը որոշեց օգնություն ցուցաբերել: Սակայն մինչ կառավարության որոշումը, Գագիկ Ծառուկյան հիմնադրամն արդեն 15 բեռնատար ավտոմեքենայով «շիֆեր էր» ուղարկել` վարդենիսցիների տների վնասված տանիքները փոխելու համար:

Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց` կարծես թե ԲՀԿ-ն իշխող ՀՀԿ կուսակցությունից առաջ ընկավ եւ ավելի շուտ օգնություն հասցրեց, քան կառավարությունը որոշում կայացրեց: «Չեմ կարծում, թե կառավարությունն ուշացրել է, եւ խնդրում եմ զերծ մնալ նման գնահատականներից: Կառավարության որոշումը նույնիսկ արագացված է եղել: Ցանկացած մեկի օգնությունը տեղին է, ուղղակի դա պետք է կանոնակարգված լինի»,-ասաց Գեղարքունիքի հանրապետական մարզպետը: Նրա խոսքերով` կառավարությունը ոչ էլ ուշացրել է, ինքը որպես մարզպետ հենց առաջին օրը եղել է Վարդենիսում ու հենց ինքն է առաջարկել կառավարությանը օգնություն հատկացնել ուժեղ քամուց տուժած ընտանիքներին: Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ` ներկայումս հանձնաժողովը վնասների չափն է հաշվարկում, իսկ ինքը որոշում է կայացրել առաջին հերթին օգնել այն ընտանիքներին, որոնց տների կտուրներն ու պատուհանները քամին ամբողջությամբ կոտրել է:

Երեկ լուրեր  տարածվեցին, որ մի քանի վարդենիսցիներ հրաժարվել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնությունից, քանի որ ԲՀԿ անդամ Հրանտ Մադաթյանը բնակիչներին ասել էր, թե տանիքի նորոգման նյութերը կստանան պայմանով, եթե բնակիչները տեսախցիկի առաջ ասեն, որ բացի Ծառուկյանից իրենց որեւէ մեկը չի օգնում: Այս լուրերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ԲՀԿ անդամները ակտիվ հերքում էին` լուսանկարներ ու ռեպորտաժներ տեղադրելով`իրենց` տեղում լինելու մասին, օգնություն տվողների ու ստացողների մասնակցությամբ:

Գագիկ Ծառուկյանի օգնությունից որոշ վարդենիսցիների հրաժարվելու մասին պարոն Գրիգորյանն ասաց. «Այդ մասին կայքերից եմ ծանոթացել, նման տեղեկատվություն չունեմ»:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրել աջակցություն տրամադրել վարդենիսցիներին, ըստ կառավարության.«Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրել մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ»:
Aravot.am-ը մարզպետից նաեւ հետաքրքրվեց, թե որքա՞ն է կազմում վնասի չափը, ինչին ի պատասխան պարոն Գրիգորյանն ասաց, որ դեռ հաշվարկներ են կատարվում, մինչդեռ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ հուլիսի 1-ին լրատվամիջոցներից  մեկին հստակ թվերով վնասի ծավալները ներկայացրել է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031