Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՄՁ-ների զարգացման համար միայն ներքին շուկայի վրա հույս դնելը բավարար չէ». Տնտեսագետ

Հուլիս 07,2014 15:16

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց, որ կառավարության որոշումով շրջանառության հարկի նվազեցումը հնարավորություն կտա զարգանալ ՓՄՁ-ներին:

Պրն Սաֆարյանի խոսքերով՝ հարկային ճնշումը երկրում բարձր է, եւ փոքր եւ միջին բիզնեսին այդ ճնշումներից դուրս բերելը հնարավորություն կտա զարգացնել ոլորտը: «Հայաստանում մոտ 30 հազար փոքր եւ միջին ձեռնարկատերեր կան, որոնց զգալի մասը չի աշխատում»:

Իսկ այն, որ կառավարության որոշումով, մինչեւ 12 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները ազատվում են հարկերից, պրն Սաֆարյանի խոսքով՝ ճիշտ որոշում է: «Այս խնդիրը ավելի լավ պետք է զարգացնել սահմանային գյուղերում, այնտեղ պետք է իջեցնել ջրի սակագինը եւ այնտեղ նույնպես փոքր եւ միջին բիզնեսը պետք է ազատված լինի ամեն տեսակի հարկերից»:

Պրն Սաֆարյանը հայտնեց, որ Հայաստանի արտաքին առեւտուրը բացասական հաշվեկշիռ ունի եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խթանել արտահանմանը: «Փոքր եւ միջին բիզնեսը պետք է նույնպես իր դերակատարումն ունենա այստեղ»: Պրն Սաֆարյանի կարծիքով՝ ՓՄՁ-ների զարգացումը նաեւ քաղաքական քայլ կարող է լինել, քանի որ ընտրությունների ժամանակ իրենց ընտրության մեջ կլինեն ազատ եւ իրենք կորոշեն, թե որ կուսակցության կողմնակիցը դառնան:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ ասուլիսի ժամանակ անդրադառնալով շրջանառության հարկի հետ կապված խնդիրներին, ասաց, որ խնդիրներ կարող են առաջանալ փաստաթղթաշրջանառության հետ. «Բոլոր դեպքերում շրջանառության հարկի նվազեցումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել, սակայն մնացորդների փաստաթղթերի հետ կապված խնդիրները ՓՄՁ-ների մոտ կարող են լուրջ խնդիրների առաջացնել: Կան կազմակերպություններ, որոնք ունեն ապրանքային մնացորդներ, սակայն, չունեն դրանց փաստաթղթերը: Փոքր կազմակերպությունները նաեւ խնդիրներ կունենան իրենց ողջ ցանկը փաստաթղթերով հիմնավորելու հետ կապված եւ դժվար կլինի այդքանը ամբողջությամբ ֆիքսել»:

Պրն Խաչատրյանի համոզմամբ՝ քանի դեռ փոքր եւ միջին ձեռնարկությունները արտադրական ուղղվածություն չեն տվել իրենց գործունեությանը, նրանք ունենալու են խնդիրներ: Պրն Խաչատրյանը համոզված է, որ մեր երկրում ՓՄՁ-ների զարգացման համար միայն ներքին շուկայի վրա հույս դնելը այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ արտահանման մակարդակին չհասնելու դեպքում, փոքր եւ միջին ձեռնարկությունները մրցակցային դաշտում խնդիրների առաջ կարող են կանգնել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Արտաքին ապրանքաշրջանառությունը դրական հաշվեկշռի բերելու համար պարտադիր չէ միայն արտահանումը ավելացնել,այլ ներմուծումը պակասեցնել՝սեփական արտադրության զարգացման միջոցով:ՀՀ տարեկան 1մլրդ.դոլար է մտնում արտաքին տրանսֆերների ձևով,որի զգալի մասը գնում է Թուքիայի և Չինաստանի տնտեսության զարգացմանը:Եթե առաջին անհրաժաեստության ապրանքների մի մասը մեր հանրապետությունում արտադրվեն,թեկուզ ներքին սպառման համար,աշխատատեղեր կբացվեն,կիջնի ներկրման քանակը,կբարելավվի արտաքին առևտրի հաշվեկշիռը:Թե չե ,,մայկա-տրուսիկն,,էլ ենք դրսից բերում,և մեզ խելոք ազգ համարում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031