Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչը Ալիբեյլիում պաշտպանիչ պատեր է կառուցում, Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատը կկառուցի՞

Հուլիս 07,2014 17:50

Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղը սահմանակից, դեմ-հանդիպման է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին: Ազերիները թիրախ են ընտրում գյուղի տները, մանկապարտեզը: 2014թ. ապրիլի 14-ի գնդակոծության ժամանակ խոշոր տրամաչափի գնդացրի 3 գնդակ պայթել է մանկապարտեզի շենքի միջանցքում, ավերածություններ արել: Այգեպարի մանկապարտեզում գործում է մեկ խումբ՝ 23 երեխայով:

Նախադպրոցական հաստատության շենքը նորոգվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: 2013թ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցներով այնտեղ արեւային ջրատաքացուցիչներ եւ մետաղապլաստե դռներ, պատուհաններ են տեղադրվել, 2014թ. մայիսին Կարմիր Խաչը մանկապարտեզում մի խմբասենյակ է նորոգել, ընդլայնել ջեռուցման ցանցը:

Այգեպարի գյուղապետարանը ծրագրել է նախադպրոցական հաստատությունը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանելու համար պատ կառուցել: Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց, որ իրենք այդ հարցով դիմել են Կարմիր Խաչի միջազգային ընկերությանը, կազմվել է պատի էսքիզը, սակայն դեռեւս պատի շինարարության ֆինանսավորում չի կատարվել:

2013թ. դեկտեմբերին պատի կառուցման խնդրով մենք հարց տվեցինք Այգեպար այցելած Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վայնրախին: Վերջինս ասաց, որ մանկապարտեզի պատերին առկա են գնդակոծության հետքեր, իրենք հույս ունեն, թե առաջիկայում կլուծվի պատի կառուցման ֆինանսավորման հարցը: Ա. Այդինյանի խոսքերով՝ իրենք հուսով են, որ 2014թ. սեպտեմբերին Կարմիր Խաչը կֆինանսավորի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ հունիսի 27-ին այցելել է Այգեպար: Այնտեղ քննարկվել է նաեւ մանկապարտեզի անվտանգության եւ պաշտպանիչ պատի կառուցման հարցը: Ա. Այդինյանն ասաց, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 92 միլիոն ֆինանսավորմամբ Այգեպարի դպրոցի պաշտպանիչ պատ է կառուցվել, կառուցապատվում են դպրոցի դահլիճը եւ մարզադահլիճը: Այդ աշխատանքների ավարտից հետո, 2014թ. նոյեմբերի առաջին կեսին կարող է սկսվել պաշտպանիչ պատի շինարարությունը: Հայ օգնության ֆոնդի «Այո» նախաձեռնությունը Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցման համար համացանցում հանգանակության հայտարարություն է զետեղել: Գյուղապետ Այդինյանը տեղյակ է այդ մասին, սակայն չգիտի , թե ինչքան գումար է հանգանակվել: Այգեպարի մանկապարտեզի պատի կառուցումն ուշանում է, իսկ հարեւան Ալիբեյլի գյուղում պաշտպանական պատեր են կառուցվում:

Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin. az կայքը, այդ մասին հայտնել է Թովուզի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Վալեխ Ռզաեւը: Նա ասել է, որ Կարմիր Խաչի միջազգային ընկերության Բարդայի մասնաճյուղի կողմից Ալիբեյլիի 14 տների շուրջը պաշտպանիչ պատեր են կառուցվել, այդ աշխատանքները շարունակվում են: Միջազգային Կարմիր Խաչը Ալիբեյլիի բնակիչներին 1010 մանաթի(շուրջ 1500 ԱՄՆ դոլար) օգնություն է ցույց տվել: Տարածքների վերականգնման եւ վերակառուցման գործակալության կողմից շինանյութեր են տրվել Ալիբեյլիի տների վնասված տանիքների վերականգնման համար , սկսվել է գյուղի բնակիչներից մեկի տան վերակառուցումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Կարմիր Մահիկը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031