Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորն իրենց մատը բարձրացնում են վերև ու ասում՝ շեֆն այսպես է ասել». Ռուբեն Բաբայան

Հուլիս 07,2014 20:35

«Բազմաթիվ պատճառներ կան դժգոհության, արտագաղթի և այլնի, բայց հաճախ իշխանությունների հետ հարաբերությունները դառնում են շանտաժի առարկա, եթե իշխանություններն ինձ լավ աչքով նայեն, չեմ արտագաղթի, անտարբեր աչքով նայեն՝ թքած այս հայրենիքի, այս հասարակության, ամեն ինչի վրա…

Իշխանության վերաբերմունքի պրիզմայով ամեն ինչին նայելը շատ վատ է, որովհետև դա նշանակում է հայրենիքի զգացողության բացակայություն, ի վերջո, հայրենիքը պաշտպանվածության կարիք ունեցող մի երևույթ է»,- անդրադառնալով արտագաղթին, երևույթի շահարկմանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ կարծում է, որ պարոն Բաբայանի ասած պաշտպանվածությունը երկկողմանի պիտի լինի. «Սա փոխադարձ երևույթ է,- ասում է նա,- եթե դու հայրենիքդ ես պաշտպանում, հայրենիքն էլ քեզ պիտի պաշտպանի՝ ի դեմս իշխանությունների:

Հայրենիքի հետ իմ կապի խզումն առաջացել է, երբ մահացած զինվոր էին բերում բանակից, կամ զինվորը հիվանդ էր զորացրվում, և նրա հոգսը մնում էր ընտանիքի ուսերին:

Մարդն իր հայրենիքում իրեն պիտի տեր զգա, եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, մարդու մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»:

Տիկին Խառատյանն ասում է նաև, որ ոչ հասարակության և ոչ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Պարոն Բաբայանն էլ, զարգացնելով վերը շարադրված իր մտքերը, մեջբերեց բանաստեղծ Ի. Բրոդսկու խոսքերը՝ խուսափեք զոհի կարգավիճակից, որովհետև դա կազմալուծում է ձեր կամքը, և ապա հավելեց, որ իր համոզմամբ՝ զոհի կարգավիճակը միայն սոցիալական պայմաններով չէ պայմանավորված. «Մենք բարձր պաշտոններ զբաղեցնող շատ մարդկանց գիտենք, որոնք, կարծես թե, սոցիալական խնդիրներ չունեն, բայց նրանք բոլորը «զոհ» են, իրենց հոգեբանությամբ զոհ են,- ասում է Ռ. Բաբայանը,- մեր բոլոր օղակները (դպրոցի ուսուցիչներից մինչև նախարարներ և այլք) մատը բարձրացնում են վերև ու ասում՝ շեֆն այսպես է ասել: Բոլորն ուզում են պատասխանատվությունը «հանել» իրենց վրայից: Բայց մի կարևոր բան է պետք հասկանալ. եթե ես թատրոնի տնօրեն եմ, կապ չունի՝ ով է նախարարը, ով է նախագահը, ես պատասխանատու եմ այդ թատրոնի համար»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031