Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԻՆՅԱՆԻ ԿԻՆԸ

Հուլիս 11,2014 10:46

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ յոթերորդ

ՔՈՉԻՆՅԱՆԻ ԿԻՆԸ

Եվ Արիսն ինձ հարցրեց՝ «իսկականից չգիտե՞ս, որ տիկին Մարոն Քոչինյանի կնիկն ա», եւ ես ապշահար հարցրի՝ «ո՞ր Քոչինյանի», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Անտոն Երվանդիչի», եւ մինչ Արիսի ասածի վրա ապշահար կմտածեի, Հովիկն Արիսին ասաց՝ «հեն ա՝ Սմոկտունովսկին իջնում ա», եւ երբ Սմոկտունովսկին թեթեւ պայուսակը ձեռքին իջավ, Հովիկն ու Արիսը ներկայանալով հասկացրին, որ իրեն դիմավորողներն են, եւ Արիսն ինձ ասաց՝ «հետո կհանդիպենք, կխոսանք», եւ ես Արիսին հարցրի՝ «էս Սմոկտունովսկին ձեր հյուրն ա՞», եւ Արիսն ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Հովիկի «Մատենադարան» ֆիլմի մեջ Նարեկացուց մի հատված պիտի կարդա», եւ Հովիկն Արիսին ասաց՝ «գնացինք, Արիս», եւ Արիսն ինձ ու կնոջս ասաց՝ «ուրախ եմ, որ ձեզ լավ եք զգում», եւ Հովիկը ժպտալով Արիսին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ լավ են զգում», եւ Արիսը նայեց մեզ ու ժպտալով ասաց՝ «զգացվում ա», եւ Հովիկն Արիսին հարցրեց՝ «ի՞նչ ա զգացվում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգացվում ա, որ երջանիկ են», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «Գագոյի քավորությամբ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ով էլ Յուրմալայում Քոչինյանների հետ հանգստացած ըլներ, երջանիկ կզգար», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց մենք հենց նոր իմացանք, որ Քոչինյանների հետ ենք հանգստացել», եւ Հովիկը փռթկացնելով ինձ ասաց՝ «փաստորեն, ձերը չիմացյալ երջանկություն ա», եւ ես Սմոկտունովսկուն նայելով՝ Հովիկին ասացի՝ «ձերն իմացյալ երջանկություն ա», եւ Հովիկը նայեց Սմոկտունովսկուն ու Արիսին ասաց՝ «էս մարդը մեզ ա սպասում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էս համաշխարհային մեծության մարդուն կանգնացրել՝ սկսնակ բանաստեղծների հետ ենք ջուր ծեծում», եւ մենք նայեցինք Սմոկտունովսկուն ու ծիծաղեցինք, եւ մինչ Սմոկտունովսկին զարմացած մեզ էր նայում, Հովիկը մեղավոր ժպտալով Սմոկտունովսկուն ասաց՝ «իզվինիծե, Ինոկենտի Միխայլովիչ», եւ Սմոկտունովսկին զարմացած հարցրեց՝ «զա շտո՞», եւ Արիսը ժպտալով Սմոկտունովսկուն ասաց՝ «զա տո, շտո վաս զաձերժիվայեմ», եւ Սմոկտունովսկին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մնե կաժեցա՝ սամի սեբյա զաձերժիվայեծե», եւ Հովիկն Արիսին ասաց՝ «փաստորեն, ճիշտ ա ասում», եւ Արիսն ասաց՝ «իմաստուն մարդ ա», եւ Սմոկտունովսկին անսահման բարի ժպտալով Արիսին ասաց՝ «յա պոլնըսծյու վվաշեմ ռասպարիժենիի», եւ Հովիկը ժպտալով ինձ ասաց՝ «մենք գնանք, սկսնակ ջան, լիքը գործեր ունենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս հանճարեղ մարդուն չամչի գրավ ենք դրել, հետդ ջուր ենք ծեծում» եւ կնոջս նայելով ավելացրեց՝ «հաջողություն, աղջիկ ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մյուս անգամ հարսանիք անեք, ինձ չմոռանաք», եւ մեզ հրաժեշտ տալով՝ գնացին դեպուտատականի կողմը, եւ երբ արդեն մի քիչ հեռացել էին, Հովիկը Սմոկտունովսկուն ինչ-որ բան ասաց, եւ Սմոկտունովսկին շրջվեց, չափազանց բարի ժպտաց ու մեզ ձեռքով ողջունեց, եւ Հովիկը գոռալով ինձ ասաց՝ «իրան ասեցի, որ դու էլ ես հանճարեղ», եւ ես ու կինս շարժվեցինք դեպի օդանավակայանի շրջիկ ավտոբուսը, որը պիտի մեր ու Մոսկվայի ինքնաթիռների ուղեւորներին տեղափոխեր սպասասրահ, եւ ես ու կինս բավական ժամանակ լուռ էինք, եւ մեր էդ լռությունը լռության ամենալիքը տեսակն էր, եւ մեր էդ կեսգիշերային լռությունը լեփլեցուն էր զարմանքով, եւ կնոջս զարմանքը հիմնականում Ինոկենտի Միխայլովիչ Սմոկտունովսկու հետ էր կապված, բայց իմն առաջին հերթին տիկին Մարոյի հետ էր կապված, ինչպես նաեւ՝ տիկին Ժաննայի, եւ Անտոն Երվանդի Քոչինյանի հանգամանքը Յուրմալայի մեր քսանչորս օրերի բոլոր հարցերի պատասխաններն իր մեջ, փաստորեն, ներառում էր, ընդ որում՝ միանգամայն համոզիչ ու անմնացորդ էր ներառում, եւ Միկոյանը, Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանն ու մյուսները հետզհետե վիրտուալ տեսլականից վերածվում էին ռեալ իրականության, եւ չնայած էդ ռեալներից Միկոյանն ու էլի մի քանիսը տիկին Մարոյի կաղամբով ու խաղողի թփով տոլմաներից չհագեցած՝ արդեն լքել էին հրաշքների ու հրաշալիքների էս աշխարհը, հրաշքներից էդ մի քանիսի հեղինակը դեռեւս կար եւ իր հիշողությունների մեջ կենդանի ու շենշող էր պահում հրաշքներից էդ մի քանիսը, եւ չնայած ինձ բախտ չէր վիճակվել հրաշքներից էդ մի քանիսը համտեսել, տիկին Մարոն էնքան իրական ու պատկերավոր էր ներկայացնում իր արարած էդ հրաշալիքներն ու էդ հրաշալիքները պարբերաբար ու լիասիրտ ըմբոշխողներին, որ ձեր խոնարհ ծառան նույնպես մասնակիցն էր դառնում էդ հրաշապատում հեքիաթի, որի հերոսներից շատերն արդեն միանգամայն այլ աշխարհում էին, մինչդեռ տիկին Մարոյի պատկերավոր ու շողշողուն հիշողության շնորհիվ դեռեւս կային մեր երիտասարդ տեսադաշտում՝ իրենց ողջ հմայքով եւ ստամոքսային թուլություններով հանդերձ, բայց մեր երիտասարդ մտապատկերն ի զորու չէր տեղավորել էդքանն ու էդքանին, գումարած՝ կեսգիշերային Ինոկենտի Սմոկտունովսկին, գումարած՝ կեսգիշերային Արիսն ու Հովիկը, գումարած՝ տիկին Մարոյի երկու որդիները, որոնցից բարձրահասակն ինձնից ստացավ տիկին Մարոյի լեփլեցուն պայուսակը, գումարած՝ երրորդ երիտասարդը՝ ըստ երեւույթին վարորդը, որը տիկին Ժաննայից երկու լեփլեցուն պայուսակներն ընդունեց, գումարած՝ դեպի դեպուտատական ընթացող տիկին Ժաննայի հպարտ ու ինքնագոհ քայլքը, եւ ամենակարեւորը չմոռանամ ասել, այն է՝ ամենասկզբում, երբ Արիսը մեզ տիկին Մարոյի ու տիկին Ժաննայի հետ տեսավ, նախ տիկին Մարոյին ու տիկին Ժաննային սիրալիր բարեւեց, հետո նոր՝ մեզ, եւ տիկին Ժաննայի՝ դեպի դեպուտատական ընթացող հպարտ ու ինքնագոհ քայլքն էդ հանգամանքից էլ էր բխում, այն է՝ տիկին Ժաննան ավելի քան վստահ էր, որ արդեն Արիսից իմացել ենք իրենց ով լինելը, եւ, փաստորեն, էդպես էլ կար, եւ դեպի դեպուտատական իր քայլքի ընթացքում տիկին Ժաննան էրկու թե երեք անգամ շրջվեց ու մեր կողմ նայեց, ու էդ պահին արդեն մենք Արիսից իրենց մասին գլխավորը գիտեինք, եւ տիկին Ժաննայի հեռահար հայացքից զգացվում էր, որ մեր իմացության վրա ինքն էլ է վստահ:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031