Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Չի՛ կարելի տրվել կեղծ լուրերին, ասեկոսեներին»

Օգոստոս 05,2014 23:28

Ազատամարտիկ, պահեստազորի սպա, կապիտան Արթուր Եղիազարյանի 2012 թ. հունիսին ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակը՝ «Ազգ-բանակ» լինելու մասին, որում նա առաջարկում է պահեստային զինվորականներին, որոնք որպես կամավորականներ ցանկանում են եւ կարող են, զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը, վերջին օրերին կրկին սկսվեց շրջանառվել տարբեր կայքերում:

«Առավոտի» հարցին՝ որեւէ արձագանք ստացե՞լ եք այդ  բաց նամակին, Արթուր Եղիազարյանը պատասխանեց. «Երկու տարի առաջ, երբ գրեցի այդ բաց նամակը՝ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, արձագանք եղավ, ՊՆ-ից հանդիպման առաջարկ եղավ, եւ այդ ժամանակ ես ներկայացրի իմ մոբիլիզացիոն ծրագիրը, թե ինչպես կարելի է արդյունավետ կառավարել մարդկային ռեզերվը: Խոսքն այն մասին է, որ մենք ունենք պահեստազոր, մեր բոլոր ծառայած տղաները վերադառնում են բանակից եւ, կանգնելով հաշվառման, դառնում են պահեստազոր: Իմ առաջարկները վերաբերում էին նրան, թե ինչպես կարելի է շատ արագ ձեւով պահեստազորը բերել ռազմական վիճակի: Եվ տեսաք, որ Արցախում արդեն քայլեր արվել են: Կամավորականների խմբեր են ձեւավորվել, որոնք մեկնել են սահմանագծեր: Ճիշտ է, այս պահի դրությամբ մեր կամավորականների այս քայլերն ավելի շատ բարոյահոգեբանական ազդեցություն ունեն, քան ռազմական, բայց սա նաեւ շատ լավ ցուցանիշ է, որը ցույց տվեց, որ նման ծանր իրավիճակների ժամանակ մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակի թիկունքում եւ բանակի շարքերում: Այս քայլը ոչ միայն մեր զինվորներին եւ զինվորների մայրերին է ոգեշնչում, այլեւ հակառակորդին է հասկացնում, որ ոչ մի խուճապ չկա մեր ազգի մեջ, ոչ մի ընկճվածություն չկա, այլ հայ ազգը համախմբված պաշտպանում է իր սահմանները»:

Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, որ մեր բանակը այս պահի դրությամբ շատ լավ կարողանում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել. «Մեր բանակը իսկապես շատ լավ կարողանում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել: Ինչպես տեսանք վերջին օրերին անգամ 18-20 տարեկան պատանիները, որ նոր են կյանք մտնում, կարողացան սխրագործություններ անել: Սակայն, Աստված չանի, վաղը կարող է առաջանալ իրավիճակ, որ ոչ թե այսօրվա նման լոկալ կռիվներ, կրակոցներ լինեն, այլ լայնամասշտաբ հարձակում լինի: Այդ պարագայում մենք պետք է իմանանք, որ զինվորական կոմիսարիատներում պահեստազորված է մեր ողջ ներուժը, եւ այդ դեպքում, բնականաբար, պետությունը պետք է զորակոչի մեր ռեզերվին: Իսկ դրա համար մեր պահեստազորը պետք է պատրաստ լինի, որպեսզի եթե ավելի ծանր վիճակ լինի մենք՝ պահեստազորայիններս կարողանանք մեր առաքելությունը պատվով կատարել»:

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել անընդհատ տարածվող այն ասեկոսեների դեմ, թե տարբեր քաղաքներում եւ գյուղերում հենց փողոցից երիտասարդներին բռնում տանում են բանակ, Արթուր Եղիազարյանը պատասխանեց. «Այս քանի օրերին այնքան շատ ապատեղեկատվություն է տարածվում, եւ ցավոք սրտի, այնքան շատ են բամբասանքներին հավատացող եւ միամիտ մարդիկ, որոնք մի բան լսելուն պես հավատում են, տարածում, հրապարակում… Սոցցանցերն էլ այսօր նման ասեկոսեների տարածման համար շատ հարմար դաշտ են: Նման դեպքերում պետք է ուղղակի հարցնել՝ անուն-ազգանունը, հասցեն ասեք, եւ կպարզվի, որ ոչ մի նման բան չկա: Գուցե այդ մարդիկ ոչ մի վատ նպատակ չունեն, բայց ակամայից իրենք են դառնում կեղծ լուրերի տարածող: Նրանցից բացի, բացահայտել ենք բավականին մեծ թվով ադրբեջանական պրոֆիլներ, որոնք հայերի անվան տակ նման տեղեկություններ են տարածում, մտնում են տարբեր խմբերում այդ հորինած լուրերը տարածում են, եւ մեր որոշ անլուրջ կայքեր է դրանք հաճույքով արտատպում են: Միակ տարբերակը ցանկացած տեղեկություն, ցանկացած աղբյուր ստուգելն է: Եթե տեղեկություն է գալիս՝ ռմբակոծվել է այսինչ տարածքը, կամ՝ մերոնք թաքցնում են զոհերի թիվը, պետք է ուղղակի պահանջել՝ տվեք մի անուն, որի մասին մենք տեղյակ չենք: Չի կարելի տրվել ասեկոսեներին»:

Մեր զրուցակիցը, որը ժամանակին որպես հրամանատար եւ ավագ դասախոս աշխատել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, վստահ է. «Մեր պաշտպանության նախարարությունը շատ թափանցիկ է աշխատում, մենք շատ փոքր երկիր ենք, եւ որեւէ բան թաքցնելը անմտություն կլիներ: Վերջին տարիներին մեր ՊՆ-ն շատ բաց է աշխատում: Ճիշտ է, ինչքան թափանցիկ է լինում, այնքան մարդիկ տեսնում են թերություններն ու խնդիրները, բայց դա շատ կարեւոր է: Նախկինում դեպքերը, միջադեպերը շատ ավելին էին, ուղղակի փակ էր ամեն ինչ, եւ շատ բան չէր իմացվում, իսկ հիմա ամեն ինչ հրապարակային է: Ժամանակներն էլ են փոխվել: Մի շատ կարեւոր գործոն կա, որը միշտ պետք է հաշվի առնել: Այո, բանակում պատահած ցանկացած միջադեպի, բանակի ամեն թերության եւ արատի հանդեպ պետք է լինել անհանդուրժող, սակայն՝ այդ ամենը առանց բանակի ինստիտուտը վարկաբեկելու: Որովհետեւ, չնայած թերություններին, որոնց վրա պետք է աշխատել, շտկել, բանակը մեր պետական բացառիկ կառույցներից է, որը կայացել է, եւ որը մեր հպարտությունն է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Լուսանկարում՝ Արթուր Եղիազարյանի երեք որդիները, որոնցից երկուսը՝ Արան եւ Արամն, արդեն զորացրվել են, իսկ Արգամը ծառայում է ԼՂՀ-ում:

Լուսանկարը՝ «Հայ զինվորի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031