Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմում խտրականություն չկար

Նոյեմբեր 08,2014 16:00

«Մանկուց երազել եմ թատրոնում խաղալ: Թատրոնում ես բացահայտեցի ինձ շրջապատող աշխարհն ավելի լայն իմաստով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արման Գրիգորյանը:

Արմանին հանդիպեցինք Կամերային երաժշտական թատրոնում՝ ներկայացումից հետո, երբ իր հասակակիցների հետ ընդունում էր շնորհավորանքներ՝ հաջողված խաղի համար: «Ապրե՛ս, բալես, շատ լավ խաղացիր»,- մոտենալով Արմանին՝ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, որը նույնպես եկել էր դիտելու Զորայր Խալաֆյանի պիեսով բեմադրված «Տարբեր նվագներ» ներկայացումը: Բեմում Արմանը ոստիկանն էր, որը ստիպված էր պարբերաբար հաշտեցնել 2 ավանդապաշտ ընտանիքներին, որոնց զավակներն իրար սիրում էին, սակայն ծնողների կարծրատիպերի պատճառով անընդհատ վիճում էին: Ներկայացումը հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ էր: Արմանն իր հմուտ խաղով ապացուցեց, որ հաշմանդամություն ունեցող մարդու հնարավորությունները անսահմանափակ են, սակայն այս հնարավորությունները իրացնելու համար մի շարք արհեստական խոչընդոտներ կան մեր երկրում:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Արմեն Բարսեղյանն էլ է փաստում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը մշակութային կյանքում ցածր է: Նրա համոզմամբ՝ այդ ամենի պատճառը ոչ այնքան հասարակական տրանսպորտի եւ շենք-շինությունների անհարմար լինելն է, որքան դաստիարակության եւ կրթության պակասը. «Հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամ են, անբաժանելի մասն են, եթե ունենանք այնպիսի կրթություն եւ դաստիարակություն, ուրեմն կլինի նաեւ ցանկություն, հնարավորություն եւ մատչելի միջավայր, եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կզբաղվեն ե՛ւ արվեստով, ե՛ւ մշակույթով»:

hashmandam-1

Ա. Բարսեղյանը նաեւ «Հույսի կամուրջ» հ/կ-ի թատերախմբի բեմադրող ռեժիսորն է:
Արդեն քանի տարի է՝ այս թատերախումբը հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաների մասնակցությամբ ներկայացումներով է հանդես գալիս: Բեմադրող ռեժիսորի խոսքերով՝ բեմ դուրս գալը հաշմանդամություն ունեցող անձանց, նախեւառաջ, ձերբազատում է բարդույթներից. «Ի վերջո՝ նրանց ինտեգրումը հասարակություն կատարվում է նաեւ բեմում: Բեմ դուրս գալ եւ 200-300 հոգանոց դահլիճի առաջ խաղալ, ցուցադրել, կերպարանափոխվել՝ այդքան հեշտ բան չէ: Երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ ստեղծագործում են, աշխատում են, մտածում են, նրանց մոտ առաջանում է հասարակությանը պիտանի լինելու զգացողությունը, ինչը շատ կարեւոր է: Ցավոք, այսօր Հայաստանում շատ քիչ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են այս գործով»:
Նա ափսոսանք է հայտնում, որ թատերախումբը հնարավորություն չի ունենում մասնակցելու միջազգային փառատոներին, որոնք կազմակերպվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությամբ:

Hashmandam

«Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը չի կարողանում մտաբերել մեր երկրում մի մշակութային օջախ, որը լիարժեք հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող մարդուն: Նրա խոսքերով՝ հաշմանդամություն ունեցող անձը միայն սայլակ օգտագործողը չէ եւ շարժման խնդիր ունեցողը չէ. «Ո՞վ ասաց, որ չլսող մարդը չի ուզում գա եւ ներկայացում նայի կամ օպերա գնա: Այդ ամենն իր հերթին էլ ավելի է նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացմանը, քան ներառմանը»:
Տիկին Թադեւոսյանի խոսքերով՝ «Հույսի կամուրջի» թատերախումբն իր առաքելությամբ փորձում է այդ վերաբերմունքը փոխել:

Եթե այս թատերախումբը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող որոշ պատանիների մշակույթի մասնիկը լինել եւ անձամբ մշակույթը ցույց տալ, ապա հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանց համար արվեստի կենտրոնները, մշակութային օջախներն այդպես էլ անհասանելի են մնում:

Մարդը պետք է 53 աստիճան բարձրանա, որպեսզի մտնի բարձունքի վրա տեղակայված Հովհաննես Թումանյանի թանգարանի շենք: Այս թանգարանի պարագայում՝ ներքեւից սկսած, հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարությունները բացակայում են: Եթե նույնիսկ թանգարանի աշխատակիցները սայլակով մարդուն օգնում են հասնել թանգարանի շենք, ապա ներսում վերելակը բացակայում է, եւ հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող բարձրանալ 2-րդ հարկ, որտեղ ներկայացված են անվանի գրողից մնացած ցուցանմուշների մեծ մասը:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը փաստում է, որ շենքի՝ ոչ հարմար լինելու պատճառով Թումանյանի թանգարան հաշմանդամություն ունեցող քիչ թվով մարդիկ են այցելում.
«Թումանյանի թանգարանը անհասանելի չպետք է լինի մարդկանց համար: Նույնիսկ տարեց մարդիկ էլ դժվարանում են բարձրանալ»: Տիկին Նարինեն ասում է, որ աստիճաններին զուգահեռ շարժասանդուղք տեղադրելու ծրագրեր են ունեցել, սակայն թանգարանի շենքը հուշարձան լինելու պատճառով չի թույլատրվել:

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց զարտուղի ճանապարհով մոտեցնում ենք շենքին, բայց խնդիր է նաեւ 1-ին հարկից 2-րդ հարկ բարձրանալը: Թանգարանի շենքում վերելակ տեղադրելը մեծ ծախսերի հետ է կապված: Պատահում է, որ մեր աշխատողները իջնում են, օգնում են սայլակով մարդուն, բայց ինչքա՞նն այդպես կգան՝ տասը, քսանը, հարյուրը: Ի վերջո՝ այդ մարդիկ չեն ուզում, որ իրենց օգնեն, նրանք ուզում են խտրականություն չլինի, եւ նրանք էլ մյուսների պես հնարավորություն ունենան առանց կողմնակի օգնության թանգարան այցելել»:

Ազգային պատկերասրահի թեքահարթակներն էլ շարժական են: Մեր հարցին, թե Ազգային պատկերասրահը որքանո՞վ է հասանելի, հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, պատկերասրահի փոխտնօրեն Լեւոն Հովհաննիսյան ասաց, որ շենքի հակառակ կողմից՝ Արամի փողոցից պատկերասրահը մուտք ունի, որտեղից կարողանում են ապահովել տեղաշարժվելու խնդիրներ ունեցող մարդկանց մուտքը: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ Երեւանի քաղաքապետարանից եկել չափուձեւ են արել, որպեսզի համատեղ ուժերով շենքը հարմարեցնելու մի լուծում գտնեն, սակայն տարածքի անհարմարության պատճառով չի ստացվել. «Փառք Աստծո, այնպիսի աշխատողներ ունենք, որ երբ հաշմանդամություն ունեցող մարդ է այցելում պատկերասրահ, միշտ օգնում են, թեքահարթակները տեղադրում են, եւ այդ մարդիկ կարողանում են մտնել»:

Մշակութային այս օջախ մտնելը դժվար է, բայց ամեն հարկում տեղադրված վերելակի միջոցով տեղաշարժվելը՝ հեշտ: Չնայած տեղեկացանք, որ չլսող մարդկանց համար սուրդոթարգմանիչներ կամ որեւէ այլ տեխնիկա չունեն:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ինչպես մյուս մշակութային օջախներում, հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող ազատ ելումուտ անել. այստեղ էլ սայլակով մարդիկ հետնաբեմից են մուտք գործում: Ներկայացումը դիտելու համար հաշմանդամություն ունեցող մարդիկ ստիպված են աստիճաններով երկրորդ հարկ բարձրանալ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930