Լրահոս
Օրվա լրահոսը

Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին

Նոյեմբեր 13,2014 23:00

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:

Նոյեմբերի 11-ին մինչ ժողովի բացումը եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգության` հայցելով Ս. Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարի արդյունավորման համար: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Եպիսկոպոսաց ժողովի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հայրապետական պատգամի փոխանցման համար հրավիրվեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Բացման արարողության ավարտին կազմվեց ժողովի դիվանը հետևյալ կազմով. ատենապետներ` Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան և Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյան, ատենադպիրներ` Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան և Գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյան:
Մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննությունը, ժողովականներն աղոթք բարձրացրեցին Հայ Եկեղեցու անցնող տարվա ընթացքում ի Տեր հանգչած հոգևոր սպասավորների հոգիների հանգստության համար:

Եպիսկոպոսաց դասը նաև շնորհավորեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 15-ամյակի կապակցությամբ` մաղթելով արևշատ բազում տարիների հովվապետություն:

Նոյեմբերի 11-12-ի նիստերը նվիրված էին Հայ Եկեղեցում սրբադասման կանոնի և Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացի հետ առնչված հարցերին: Այս առնչությամբ զեկույցներ ներկայացրեցին Սրբադասման հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը:

Քննարկելով հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները` Եպիսկոպոսաց ժողովը հաստատեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը:

Ժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանության նահատակների ամենամյա տոնակատարության ծիսական կանոնը, որը ներառում է շարականի կանոնը և ժամամուտը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի վկայաբանությունը: Որոշվեց հիշյալ փաստաթղթերը վերջնական լրամշակումից հետո որդեգրել:
Սրբադասման հանձնախմբին հանձնարարական տրվեց նաև ձեռնամուխ լինել անհատական սրբադասման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին` նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին և ուրիշ անհատների:

Նոյեմբերի 12-ի նիստը սկսվեց աղոթքով Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին:

Նոյեմբերի 12-13-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության առան Հայ Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Ս. Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները: Այս կապակցությամբ Ծիսական հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեցին համապատասխան զեկույցներ, որից հետո եպիսկոպոսաց դասն ընդունեց Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիրը: Մասնակի փոփոխություններով հաստատվեց Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների կանոնական ուղեցույցը, որը վերանվանվեց` Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների հովվական ուղեցույց: Որդեգրվեց նաև նախամկրտական ուսուցողական ձեռնարկը: Ընդունված փաստաթղթերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի տնօրինությամբ կառաքվեն թեմեր առ ի գործադրություն:

Նոյեմբերի 13-ի առաջին նիստին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն աղոթք բարձրացրեցին Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք հայորդիների համար և կատարեցին հայտարարություն` դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Նոյեմբերի 13-ի երրորդ նիստին մասնակցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող տիար Վիգեն Սարգսյանը: Տիար Վ. Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նախատեսվող պետական ծրագրերը` անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու հետ Հայստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումներին: Տեղեկացվեց նաև նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Ժողովի վերջին օրն անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան մարտահրավերներին, Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրականացման ճանապարհին լուծման կարոտ ծիսական, քարոզչական, կրթադաստիարակչական, սոցիալական խնդիրներին, որոնց հիման վրա ձևավորվեց առաջիկա Եպիսկոպոսաց ժողովների օրակարգը:

Եռօրյա ժողովի ավարտին եպիսկոպոսաց դասը գոհություն հայտնեց Ամենասուրբ Երրորդությանը` եղբայրական համախմբման հնարավորության, ինչպես նաև ժողովի բարեհաջող ընթացքի համար: Ժողովականները նաև իրենց գնահատանքը հայտնեցին Կենտրոնական, Սրբադասման և Ծիսական հանձնախմբերի անդամներին` ժողովի նախապատրաստման և օրակարգում ընդգրկված հարցերի հանգամանալից ուսումնասիրության համար:

Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին:

Ժողովը փակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով և աղոթքով:

 

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930