Լրահոս
Օրվա լրահոսը

Գերհագեցած գրաֆիկը Երիտասարդական նվագախմբին չի սպառում

Դեկտեմբեր 12,2014 13:30 Share

Մեր իրականության մեջ առաջին անգամ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի սեպտեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ն անցկացված Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բոլոր համերգներն ուղիղ հեռարձակվեցին նվագախմբի syoa.am պաշտոնական կայքով: Իսկ փառատոնի փակումը հեռարձակվեց «Եվրանյուսով», որը ունեցավ շուրջ 300 հազար հանդիսատես:

Սա միակ նորությունը չէր: Նվագախումբը երեկոներ էր նվիրել ոչ միայն արվեստի երախտավորների հոբելյաններին (Արշիլ Գորկի, Ավետ Գաբրիելյան, Սոս Սարգսյան, Գեղունի Չթչյան, Յուրի Դավթյան, Վլադիլեն Բալյան, Երվանդ Քոչար, Վլադիմիր Սպիվակով, Ռիմսկի-Կորսակով), այլեւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին, սպարապետ Վազգեն Սարգսյանին, լեգենդար խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանին, գործարար Գալուստ Գյուլբենկյանին: Իբրեւ մենակատարներ նվագախմբի հետ հանդես եկան ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրից հրավիրված ճանաչված երաժիշտներ: Սա էլ դեռ ամենը չէ. Խաչատրյանական փառատոնին զուգահեռ՝ հոկտեմբերի 13-ին մեկնարկել եւ շարունակվում է Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Չուխաջյանի եւ Ռոմանոս Մելիքյանի «իրավահաջորդ», կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին նվիրված փառատոնը:

Sergey_Smbatyan

Ճանաչված մեցո սոպրանո Մարիա Դոմաշենկոն՝ Երիտասարդականի հետ խաչատրյանական փառատոնում:

«Առավոտը» Երիտասարդականի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին կեսկատակ-կեսլուջ հարցրեց՝ նման ընդգրկուն միջոցառումներ շուրջ 3 ամիսների ընթացքում իրականացնելը մի գերատեսչության աշխատանք է, սպառվելու մտավախություն չունե՞ք: «Պարզապես ցանկություն չկա սպառվելու»,- ասաց դիրիժորը: Հավելեց նաեւ, որ սա ոչ միայն իր ու նվագախմբի արտիստների, այլեւ իրենց ողջ թիմի ցանկությունն է: Խնդրեցինք ի վերջո բացահայտել գաղտնիքը՝ եթե այն կա. ինչպես է, որ Երիտասարդականի համերգները մշտապես անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: «Ծրագրերում մշտապես համատեղում ենք համաշխարհային երաժշտարվեստի դեմքերի ստեղծագործությունները ժամանակակից հայ եւ օտարերկրյա դասականների հետ: Նաեւ հանդիսատեսի արձագանքներից հայտնի է մեզ, որ նրանք սիրով են հաճախում 2012-ից Non stop խորագիրը կրող երեկոներին, որոնց ընթացքում հանդես ենք գալիս հոլիվուդյան սիրված ֆիլմերի ու անիմացիոն նկարների հայտնի երաժշտության կատարումներով: Ի դեպ, Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը՝ նվիրված Տերտերյանի հոբելյանին, անցնում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, Կոմպոզիտորների միության եւ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ անփոփոխ է մեր գլխավոր գործընկերը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ապա նշեց, իր խոսքերով՝ մի կարեւոր հանգամանք եւս, որ հանդիսատեսին բերում է դահլիճ. «Նույնիսկ մասնագետներից քչերին էր հայտնի ժամանակին մեր կողմից հնչեցրած Չայկովսկու Տոնական նախերգանքը Դանիայի օրհներգի թեմայով եւ այլն»:

Առաջին անգամ Երիտասարդականը, միջոցառումների շրջանակներում, դիմեց օպերային ժանրին. օրերս «Տերտերյանֆեստի» շրջանակներում ներկայացվեց Ազգային օպերային թատրոնի «Երկրաշարժ» օպերան (ռեժիսոր՝ Լեւոն Իվանյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): Մեր տեղեկություններով էլ՝ Սերգեյ Սմբատյանը, իր որոշ գործընկերների նման, օպերային արվեստի սիրահար է: Հետաքրքրվեցինք՝ թեկուզ այս փառատոնի շրջանակում օպերային արվեստին դիմելը կարո՞ղ է թույլ տալ մտածելու, որ մոտ ապագայում իրեն կտեսնենք նաեւ որպես օպերային դիրիժոր: Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու ասաց. «Օպերային արվեստ շա՜տ եմ սիրում… Այս պահին հրավեր ունեմ եվրոպական օպերային ճանաչված թատրոններից, ինչը մտադիր եմ ընդունել: Ինչ վերաբերում է Երեւանում օպերային ներկայացում ղեկավարելուն, այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել»:

Ազգային օպերային թատրոնում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Տերտերյանֆեստի» վերջին երեկոյի ընթացքում Սմբատյանը կոմպոզիտորի այլ ստեղծագործությունների թվում առաջին անգամ կղեկավարի 5-րդ սիմֆոնիան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031