Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեմալ փաշայի թոռանը Հայաստան բերողները պետք է առնվազն բացատրություն տան

Դեկտեմբեր 12,2014 11:53 Share

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանի մեկնաբանությունը

-Ռոման, ի՞նչպես եք վերաբերվում Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Երևանում արած հայտարարություններին:

-Անկեղծ ասած, վրդովմունքով տեղեկացանք, որ նրան հնարավորություն է տրվել նման հայտարարություններով հանդես գալ՝ այն էլ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Նա իր պապուն ոչնչացնողներին «հրոսակ» է անվանում, ԱՍԱԼԱ-ի տղաներին՝ «ահաբեկիչ», իսկ Արցախն էլ՝ «օկուպացված»: Նախ, անկեղծ ասեմ, սկզբից որոշել էինք ձվերով ակցիա կազմակերպել ու իրեն հիշեցնել, թե  ո՞վ է իսկական հանցագործն ու ահաբեկիչը, հետո մտածեցինք, որ սա իր և իր նմանների համար ևս մեկ առիթ է, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ վայնասուն բարձրացնեն: Ուղղակի Ջեմալի թոռանը ցանկանում եմ հիշեցնել, որ միայն Հնչակյան կուսակցությունը բազմիցս փորձել է վերացնել իր պապիկին՝ միլիոնավոր անմեղ մեր հայրենակիցներին ցեղասպանելու, հայրենազրկելու համար: Սա ասում եմ հպարտությամբ: Երկրորդ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանն այդքան չի հետաքրքրում, թե Ջեմալի թոռն ինչե՞ր է ասում, մեզ ավելի շատ վիրավորում է, որ նրան Հայաստան  բերողները հայեր են: Թերևս ձվերը պետք է ուղղվի նրան Հայաստան բերողների և երեկվա միջոցառմանն այդքան պաշտպանողների վրա: Դրա օրն էլ կգա, հավատացե՛ք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. sarkis says:

    …”մեզ ավելի շատ վիրավորում է, որ նրան Հայաստան բերողները հայեր են…
    Իսկ ինչից եզրակացրեցիք,որ նրան բերողները հայեր էին? …ՅԱՆ-ով վերջացող ազգանունները,դեր չի ապացուցում նրա հայ լինելը:Եթե ապագայում Եղերնի զոհերի հիշատակին տեխակայված կոթողը համարվի օրենքից դուրս ու արգելվի,փոխարենը նրա տեղում կառուցվի Թուրքական դեսպանատուն,ես չէի զարմանա:
    Շարունակեմ…? Կարծում եմ կարիք չկա,ամեն ինչ պարզ “սկուտեղի” վրա մեզ մատուցվում է:

  2. Պիտի Հասանինք Կատարիդ…

    Դեկտեմբեր 11 2014-ին, Երեւանի մէջ ելոյթ ունեցաւ Հասան Ճեմալը, Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր երեք հեղինակներէն մէկին, Ահմատ Ճեմալ փաշայի թոռը, ներկայացնելու համար «Հայոց Ցեղասպանութիւնը» խորագրով իր գրած գիրքը:

    Ձեռնարկի ընթացքին եւ վերջաւորութեան, այլազան պատճառներով, տեղի ունեցան իրարանցումներ, լարուածութիւն, հանդիսատեսների բողոք: Մի քանի անձիք նոյնիսկ գանգատելով դուրս ելան ձեռնարկի ընթացքին:

    Քիչ թէ շատ նոյնանման կացութիւն գոյացաւ Երեւանում Հասան Ճեմալի երկրորդ ելոյթի ընթացքին, յաջորդ օրը:

    Սփիւռքի կարգ մը հայեր կը պարծենան թէ իրենք են իսկական եւ թունդ ազգասէրները, մինչ «Հայաստանի հայերը» (արդէն ինքնին մի ահեթեթ յղացք) հակում ունեն կակուղ լինելու այդ ուղղութեամբ, յօժար՝ էջը դարձնելու, գրկախառնուելու թուրքերի հետ, եւայլն., եւայլն.

    Սակայն ահա, երբ Մսագործ Ճեմալի թոռը այսպիսի ելոյթներ կու տայ Սփիւռքում, լայնատարած ծափահարութիւններ կը ստանայ միայն, գովք եւ գովասանք, մինչեւ իսկ՝ շնորհակալութիւններ… Ներառեալ – նոյնիսկ երբեմն՝սկսեալ – անձերու կողմէ որոնք կը պատկանին տակաւին ազգայնական նկատուող կազմակերպութեան մը, կամ մինչեւ իսկ կը ներկայացնեն զայն, հանգամանաւոր կերպով:

    Օրինակի համար, մի քանի շաբաթներ առաջ, Փարիզում նոյնանման ձեռնարկի մը աւարտին, շրջանի Հ.Յ.Դ. հերթապահը յուզումնալից «օ՜հ, մեղսի Հասան, մեղսի (չէ, այս մէկն ալ վրիպակ չէ)»-ի պէս բան մը… թըուիթեց: Իսկ Երեւանի ձեռնարկին ընթացքին, Ճեմալ փաշայիկին պաշտօնական խօսակիցը Սփիւռքէն սեռած երեւելի դաշնակ մըն է, Հրայր Մարուխեան Հիմնարկի տնօրէնուհի – ողորմածը դագաղին մէջ կլոր-կլոր տապլտկելու վրայ ըլլալու է -: (Պէտք է որ նշեմ սակայն թէ նամանաւանդ Մարիայի պարագային, անձնական իսկապէս ոչինչ կայ այս գրածիս մէջ, եւ ես պիտի շարունակեմ զինք յարգել: Միւսն ալ խորքին մէջ վատ անձ չէ: Պարզ է թէ նիւթը անձնականէն շատ անդին կը զետեղուի: Կտակն է Նահատակներուն…)

    Վերեւ պարզուած երկու ցայտուն օրինակները դարձեալ ու անգամ մը եւս կու գան բացայայտելու սոսկալի, անհատնում եւ էական հակասութիւնները, որոնցմէ – մօտ տասնըհինգ տարիներէ ի վեր – կը տառապի հիմնականօրէն Սփիւռքատիպ եւ Սփիւռքանիստ սոյն պատկառելի Կազմակերպութիւնը:

    Նիւթի այս դիտանկիւնը մի քիչ եւս ընդլայնելու եւ լուսաբանելու համար, ընդգծենք որ էֆենտիմ Հասանը, ի միջի այլ քստմնելի յերիւրանքներու (որոնց կարգին` Արցախի մասին գրածները յատկապէս անհանդուրժելի են), իր մեծ-պապուկին տեռորի ենթարկողները… «աւազակախումբ» կը կոչէ: «Մեղղսի՛ Հասան»:

    Սակայն ինք, Հասան Ճեմալ, հակասութիւն չունի: Վստահաբար ոչ՝ այս յատուկ նիւթով: Քանզի անոր բացայայտ նպատակներէն մին (չխօսելու համար թաքունների մասին), իր պապիկի անունը սրբել, մաքրել ու վերականգնել է:

    Այդ ուղղութեամբ, ըստ պատմական խեղաթիւրիչ վերատեսութեան (revisionism) ընթացիկ բանաձեւումին, իրականութեան մէջ, Ճեմալ փաշան ջանքեր է թափել՝ շատ մը հայեր… փրկելու համար ցեղասպանութիւնից: Յատկապէս երեխաներ, որոնց որպէս ապահով ապաստան՝ տեղադրել է Միջին Արեւելքի որբանոցներում:

    Ահա այս տրամաբանութեամբ է որ Հասան Ճեմալ «աւազակախումբ» կը յորջորջէ Ահմատ Ճեմալը մահապատիժի ենթարկողներին: (Ի դէպ, յատկապէս զարմանալի մօտեցում, մինչ անոնք իրողապէս գործադրեցին թրքական դատարանի մը իսկ բառացի վճիռը…)

    Յիշեալ վերաքննական վարկածը իսկապէս շշմեցուցիչ է (մինչ շատ մը հայեր իսկ յօժար են զայն կուլ տալու), երբ որ հաստատուած է թէ Ճեմալ փաշան հայոց Ցեղասպանութեան գերագոյն ճարտարապետներից եւ գործադիրներից ամենավարպետն ու ամէնաազդուն հանդիսացած է: Իսկ այդ – տակաւին օսմանեան տարածքաշրջանում գտնուող – որբանոցների նպատակը՝ կանոնաւորապէս թրքացնել էր հայ փոքրիկ երեխաները, անասելի մարտիրոսութեան ենթարկելէ ետք անոնց ծնողները, մեծ-ծնողները եւ չափահաս քոյր ու եղբայրները: Այսպէսով, իր հրեշային մոլուցքին մէջ, Հասանի մեծ-պապան, անձնապէս, թրքական տարածքներու մինչեւ ծայրամասերը հալածեց Ցեղասպանութեան որբերը, որպէսզի տակաւին այդտեղ ջնջէ եւ անէացնէ անոնց ինքնութիւնը, եւ այդպէսով շարունակէ ու իր ծայրագոյն լրումին հասցնէ հայոց ցեղասպանութիւնը:

    Բայց, ի՜ւֆ.. այս ամէնը, ի՞նչ կարեւոր… Այս օրերուն, կը բաւէ որ թուրք մը «ցեղասպանութիւն» մոգական բառը գործածէ, եւ անկէ ետք՝ ի՜նչ որ ուզէ, կրնայ ըսել: Հայերուն մէկ մասը, ի մասնաւորի Սփիւռքի մէջ, ուրիշ բան ոչ կը լսէ, ոչ կը կարդայ, ոչ կը տեսնէ: Ըսա՛ւ, ըսա՜՜ւ, «ցե-ղաս-պա-նու-թիւն» ըսաւ, վե՛րջ: Կեցցէ եւ պրավօ, յոտնկայս ծափահարութիւն, մնացեալը կարեւոր չէ, խնդիրը լուծուած է: Մեղսի:

    Նիւթի այս հակիրճ ներկայացումը եզրափակելէ առաջ, նշենք նաեւ որ Հասան Ճեմալը Երեւան հրաւիրողը Սիվիլիթաս կոչուած, Ամընըյի հետ սերտ կապեր ունեցող խմբակցութիւն մըն է, որու յայտարարուած առաքելութեան մաս կը կազմէ քաջալերել հայ-թրքական շփումները: Այս մասին դեռ շատ բաներ կարելի է ըսել, սակայն նախընտրելի է չըսել, քանի որ ազգային անվտանգութեան վերաբերող այսպիսի նիւթերով կը զբաղին Հայաստանի պատկան իշխանութիւնները, եւ չենք ուզեր անոնց գործին խառնուիլ: Վոլթէրի պատգամով, մենք մեր պարտէզը մշակենք…

    Երեւանի վերոյիշեալ առաջին ձեռնարկի աւարտին, հասուն ու հանդարտ տիկին մը լրագրողի մը յայտնեց թէ, եթէ Հարիւրամեակի առիթով այսպիսի ձեռնարկներ է որ տեղի են ունենալու, ուրեմն նախընտրելի է Հարիւրամեակ չոգեկոչել…

    Մի խօսքով՝ ի տարբերութիւն Սփիւռքի կեցուածքին եւ վերաբերմունքին, ցարդ Հայաստանում է միայն որ Հասան Ճեմալ ստացաւ իրեն արժանի ընդունելութիւն, յստակատես եւ պատուախնդիր հայորդիների կողմէ: Ոչինչ, որ սահմանափակ էր անոնց թիւը, մինչ մնացեալները իրենք ալ երկու ոտքերով ինկան ծուղակը: (Նեռարեալ՝ մեծ-պապա Ճեմալը զգետնած արդարադատ գործիչներէն մէկուն թոռը… Որ ըստ երեւոյթին խնդիր չունի աւազակի ժառանգորդ կոչուելու… Իրօք սքանչելի ժամանակներ է որ կ’ապրինք…)

    Յամենայն դէպս, երեւի դեռ յոյս կայ, Հայութեան համար: Շնորհիւ Մայր Հայրենիքին:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    13 Դեկտեմբեր 2014

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031